Եսայիա մարգարեյի գիրք
42
ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ
1Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն։ Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի։ 2Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու,
3անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու։
4Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ։
5Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ.
6«Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին,
7որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից։
8Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»։
9Ինչ որ նախասահմանուած էր, այն էլ կատարուեց, իսկ ինչ որ նոր պիտի կատարուի, ե՛ս կը պատմեմ ձեզ, մինչեւ պատմուելն էլ այն յայտնի կը դառնայ ձեզ։
ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
10Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգութեամբ, քանզի նրա իշխանութիւնը բարձունքներում է փառաբանւում, եւ նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նաւարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։
11Թող ուրախ լինեն անապատն ու նրա աւանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վէմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,
12փառք տան Աստծուն, իսկ կղզիները պատմեն նրա քաջութեան մասին։
13Զօրութիւնների Տէր Աստուածը պիտի գայ ու պատերազմ մղի, նախանձ պիտի յարուցի եւ բարձրաձայն պիտի գոչի իր թշնամիների վրայ։
ՏԷՐԸ ՊԻՏԻ ՕԳՆԻ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
14Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թէ պիտի լսեմ ու միշտ լուռ մնամ. համբերող եղայ ինչպէս ծննդկան, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։
15Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ եւ նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների եւ ճահճուտները ցամաքեցնեմ։
16Կոյրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շաւիղներով, որոնք ծանօթ չեն նրանց. խաւարը լոյս պիտի դարձնեմ նրանց համար եւ դժուարանցանելին՝ դիւրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար եւ չեմ լքելու նրանց։
17Բայց նրանք երես դարձրին ինձնից։ Ամօթ ու պատկառա՛նք ունեցէք դուք, որ ապաւինել էք կուռքերին եւ ասում էք ձուլածոներին, թէ՝ “ Մեր աստուածներն էք դուք”։
ԿՈՅՐ ԵՒ ԽՈՒԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ
18Խուլե՛ր, լսեցէ՛ք, կոյրե՛ր, նայեցէ՛ք ու տեսէ՛ք.
19ո՞վ է կոյրը, եթէ ոչ իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթէ ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց։ Ո՞վ է կոյրը, եթէ ոչ ուծացածը։ Կուրացան Աստծու ծառաները։
20Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։
21Տէր Աստուած կամենում էր, որ արդարութիւն լինի, գոհութիւն մատուցեն,
22բայց տեսայ, որ ժողովուրդը կողոպտուեց ու աւարի մատնուեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ եւ բոլոր ապարանքներում, ուր եւ թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք յափշտակութեան մատնուեցին, եւ ոչ ոք չկար, որ նրանց փրկէր, աւարառութեան ենթարկուեցին, եւ չգտնուեց մէկը, որ ասէր, թէ՝ ե՛տ տուր։
23Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կը դնի այս ամենին եւ կը մտածի այն մասին, թէ ինչ է կատարուելու յետագայում։
24Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակութեան, Իսրայէլը՝ աւարառութեան. ո՞չ արդեօք Աստուած, որի հանդէպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով եւ չլսեցին նրա օրէնքները։
25Նա նրանց վրայ թափեց իր զայրոյթն ու բարկութիւնը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մէջ առաւ նրանց, բայց նրանցից ոչ մէկը չգիտակցեց, խելքի չեկաւ։
Էջմիածին · HYEJB1994