Եսայիա մարգարեյի գիրք
44
ՏԷՐՆ ՕՐՀՆՈՒՄ Է ՅԱԿՈԲԻ ՍԵՐՆԴԻՆ
1«Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ։
2Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ։
3Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ։
4Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ։
5Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»։
6Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը եւ նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ։
7Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ։
8Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»։
ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐ ՍՆՈՏԻ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԻՆ
9Բոլոր նրանք, որ ստեղծում ու կերտում էին սնոտի աստուածներ, այն ժամանակ իսկ ոչնչութիւն էին։ Նրանք այդ անում էին ըստ իրենց ցանկութեան, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են եւ ո՛չ էլ ըմբռնում, եւ դուք էլ կարող էք վկայել այդ մասին։
10Թող ամաչի նա, ով ստեղծում է ստեղծուածը եւ անօգուտ կերպով կուռք է ձուլում, նաեւ բոլոր նրանք, որ հաղորդակից են դառնում նրան։
11Բայց ամօթահար պիտի լինեն բոլոր նրանք, որ կուռքեր են ստեղծում եւ կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստուած լինեն, բոլորովին պիտի չորանան եւ անտեսուեն մարդկանցից։ Պիտի հաւաքուեն ամէնքը, դէմառդէմ կանգնեն միասին, պիտի ամաչեն եւ առհասարակ ամօթահար լինեն։
12Երկաթագործը իր համար գործիք կռեց, ուրագը սրեց եւ տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու յղկեց եւ իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, ջուր իսկ չի խմելու։
13Հիւսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց, պատկերի ձեւ ու նմանութիւն տուեց, դուրով յղկեց այն, սոսնձապատեց, նրան տուեց տղամարդու կերպարանք, մարդու դէմքի ձեւ ու գեղեցկութիւն եւ կանգնեցրեց իր տան մէջ։
14Այն փայտը, որ կտրեց, “ սոճին կամ սօսին, կաղնին կամ թեղօշը, որոնք տնկեց Տէրը, եւ անձրեւը աճեցրեց,
15որպէսզի մարդու համար վառելիք լինեն, “ ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացաւ, մի կէսից հաց եփեց, իսկ մի կէսն էլ արձան շինեց եւ երկրպագեց նրան. իր իսկ շինած արձանի առաջն ընկած՝ երկրպագեց նրան։
16Նրա կէսն այրեց խարոյկի վրայ, որի կրակով հաց եփեց եւ միս խորովեց, կերաւ, կշտացաւ ու տաքացաւ՝ ասելով, թէ՝ «Երանի՜ ինձ, որ տաքացայ եւ կրակը տեսայ»։
17Իսկ կէսից քանդակուած աստուած շինեց եւ, խոնարհուելով, երկրպագեց նրան, աղօթեց նրա առաջ եւ ասաց՝ «Փրկի՛ր ինձ, քանզի դու իմ աստուածն ես»։
18Նրանք անկարող եղան մտածել եւ իմանալ, որովհետեւ նրանց աչքերը՝ տեսնելու համար եւ նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։
19Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կէսը կրակով այրեցին եւ նրա կրակի վրայ հաց եփեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կէսից կուռք պատրաստեցին եւ երկրպագում են նրան։
20Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, եւ նրանք մոլորուած են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. դուք տեսնում էք, բայց չէք ասում, թէ՝ «Խաբէութիւն է մեր ձեռքերի մէջ»։
ՏԷՐԸ ՓՐԿՈՒՄ Է ՅԱԿՈԲԻՆ
21«Յիշի՛ր դա, Յակո՛բ, նաեւ դու, Իսրայէ՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, եւ դու, Իսրայէ՛լ, մի՛ մոռացիր ինձ։
22Ահաւասիկ ջնջեցի քո անօրէնութիւնները ինչպէս ամպ եւ քո մեղքերը՝ ինչպէս մէգ. ինձ մօ՛տ դարձիր, որպէսզի փրկեմ քեզ»։
23Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստուած ողորմեց Իսրայէլին, փո՛ղ փչեցէք, երկրի հիմքե՛ր, ուրախութեան կանչե՛ր արձակեցէք, լեռնե՛ր, բլուրնե՛ր եւ նրանց վրայ գտնուող բոլո՛ր ծառեր, որովհետեւ Աստուած փրկեց Յակոբին, եւ Իսրայէլը պիտի փառաւորուի։
24Տէրը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպէս է ասում. «Ես եմ Տէրը, որ անում, կատարում եմ ամէն ինչ, միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը։
25Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում,
26իր ծառաների խօսքերն է հաստատում եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ե՛ս եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր, եւ Հրէաստանի քաղաքներին, թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք. եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները։
27Ես ասում եմ անդունդին, թէ՝ աւերուի՛ր. եւ ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։
28Ես ասում եմ Կիւրոսին, թէ՝ իմաստնացի՛ր, որ կատարես իմ բոլոր ցանկութիւնները։ Ես ասում եմ Երուսաղէմին, թէ՝ կառուցուի՛ր, եւ ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։
Էջմիածին · HYEJB1994