Եսայիա մարգարեյի գիրք

46

ՏԷՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ

1«Ընկաւ Բէլը, խորտակուեց Դագոնը. նրանց կուռքերը յայտնուեցին կենդանիների եւ անասունների վրայ։ Իբրեւ բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջուած ու քաղցած կենդանիների վրայ.

2անզօր լինելով փրկուելու պատերազմից՝ գրաստների հետ միասին գերութեան քշուեցին լքուած ու խեղճ կուռքերը։

3Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու Յակոբի եւ դուք, Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած,

4քանզի ես նոյնն եմ։ Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս ստեղծեցի եւ ե՛ս էլ պիտի հանդուրժեմ, ե՛ս պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։

5Ո՞ւմ կը նմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք մոլորեալներ,

6որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց։

7Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան։

8Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք, մոլորեալնե՛րդ, սրտա՛նց դարձի եկէք,

9մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ե՛ս եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ,

10որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։

11Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերի, հաստատեցի եւ կատարեցի, բերի նրան եւ դրի յաջող ճանապարհի վրայ։

12Լսեցէ՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ եւ արդարութիւնից հեռացածներդ.

13մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը՝ յանուն իմ փառքի»։

Էջմիածին · HYEJB1994