Եսայիա մարգարեյի գիրք

48

ԻՍՐԱՅԷԼԸ ՉԻ ԼՍՈՒՄ ՏԻՐՈՋԸ

1«Լսեցէ՛ք այս, ո՛վ Յակոբի , Իսրայէլի անունով կոչուածներդ եւ Յուդայի սերնդից ծնուածներդ, որ երդւում էք Իսրայէլի Աստծու անունով եւ յիշում նրան, բայց ո՛չ ճշմարտութեամբ, ո՛չ արդարութեամբ։

2Դուք ձեզ խրախուսում էք սուրբ քաղաքի անունով եւ ձեզ հաստատուն էք համարում Իսրայէլի Աստծու շնորհիւ, որի անունը Զօրութիւնների Տէր է։

3Մինչեւ հիմա պատմում էի առաջին եղելութիւնների մասին. դրանք իմ բերանից ելան եւ լսելի դարձան. ես յանկարծակի կատարեցի, եւ դրանք վրայ հասան։

4Գիտէի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթէ ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։

5Քեզ պատմուեց մինչեւ այժմ կատարուածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տուի քեզ, որպէսզի երբեք չասես, թէ՝ “Դրանք իմ կուռքերը կատարեցին”, չասես, թէ՝ “Քանդակուածները եւ ձուլածոյ կուռքերը պատմեցին ինձ”։

6Լսեցիք ամէն ինչ եւ մտքներդ չպահեցիք, սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետեւ պիտի լինի։

7Բայց չես ասում, որ՝ հիմա պիտի լինի եւ ոչ թէ վաղուց է եղել, հին ժամանակներում, ու դու չես լսել այդ մասին։

8Մի՛ ասա, թէ՝ “Այո՛, գիտեմ դա”, որովհետեւ ո՛չ գիտես եւ ո՛չ էլ իմացել ես, եւ սկզբից իսկ քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես եւ դեռ որովայնից անօրէն ես կոչւում։

9Իմ անուան համար ես քեզ պէտք է ցոյց տամ իմ բարկութիւնը եւ իմ փառքը, որ բերել եմ քեզ վրայ, բայց քեզ չեմ ոչնչացնելու։

10Ահաւասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ յանուն արծաթի, եւ փրկեցի քեզ աղքատութեան հնոցից։

11Իմ անուան համար արեցի այդ, որպէսզի իմ անունը չհայհոյուի. ես իմ փառքը ուրիշին չեմ տայ»։

ՏԷՐԸ ՅՈՐԴՈՐՈՒՄ Է ԵԼՆԵԼ ԲԱԲԵԼՈՆԻՑ

12«Լսի՛ր ինձ, Յակո՛բ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ես կանչում եմ. ե՛ս եմ առաջինը, ե՛ս եմ եւ յաւիտենականը։

13Իմ ձե՛ռքը դրեց երկրի հիմքերը, եւ իմ ա՛ջը հաստատեց երկինքը. կը կանչեմ նրանց բոլորին, եւ նրանք միասին կը գան։

14Կը հաւաքուեն ամէնքը եւ կը լսեն, թէ սա ո՞վ պատմեց նրանց։ Յանուն քո սիրոյ կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդէացիների սերունդը։

15Ե՛ս կանչեցի եւ ե՛ս խօսեցի, ե՛ս բերի նրան եւ յաջողեցրի նրա ճանապարհը։

16Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի»։ Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին։

17Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստուածը, ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր։

18Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման։

19Քո սերունդը աւազի չափ կը լինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ։ Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ»։

20Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրա՛խ ձայնով պատմեցէք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ «Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին»։

21Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից պիտի հանի։ Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի։ «Աամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», -ասում է Տէրը։

Էջմիածին · HYEJB1994