Եսայիա մարգարեյի գիրք

50

ԻՍՐԱՅԷԼԸ ԲԱԺԱՆՈՒԱԾ ՉԷ ԻՐ ՏԻՐՈՋԻՑ

1Այսպէս է ասում Տէրը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մօրը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառուեցիք, եւ ձեր անօրէնութիւնների պատճառով արձակեցի ձեր մօրը։

2Եկայ, եւ մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսէր. մի՞թէ իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թէ ես ի զօրու չեմ ազատելու։ Ահա իմ կշտամբանքով կը ցամաքեցնեմ ծովը, կը չորացնեմ գետերը, եւ նրանց ջրերի պակասութիւնից կը չորանան նրանց ձկները ու կը սատկեն ծարաւից։

3Խաւար կը հագցնեմ երկնքին, նրա համար քուրձը կ’անեմ »։

ԾԱՌԱՆ ԱՊԱՒԻՆՈՒՄ Է ՏԻՐՈՋ

ՕԳՆՈՒԹԵԱՆԸ

4Տէր ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։

5Տիրոջ խրատը կը բացի իմ ականջները, եւ ես խստասիրտ չեմ դառնայ ու չեմ ընդդիմանայ։

6Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի, եւ երեսս շուռ չտուի նախատինքից ու թքից։

7Տէր Աստուած եղաւ ինձ օգնական, դրա համար էլ ամօթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպէս կարծր քար։ Գիտեմ, որ չեմ ամաչելու,

8քանզի մօտ է նա, ով արդարացնելու է ինձ։ Ո՞վ է իմ ոսոխը, թող գայ եւ կանգնի մէջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մօտենայ ինձ.

9քանզի ահաւասիկ Տէրը, Տէրն է ինձ օգնական, եւ ո՞վ է, որ չարչարելու է ինձ։ Ահա դուք բոլորդ, ինչպէս ձորձեր, պիտի հնանաք, ցեցն ու որդը պիտի ուտեն ձեզ։

10Ձեր մէջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին դէպի խաւարը, եւ լոյս չկար նրանց համար, թող իրենց յոյսը դնեն Տիրոջ անուան վրայ եւ խրախուսուեն Աստուծով։

11Ահա դուք ամէնքդ, որ վառուած էք հրով, պիտի պարտուէք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լոյսի միջով 12ու պիտի բորբոքուէք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, եւ դուք տրտմութեան մէջ պիտի մեռնէք։

Էջմիածին · HYEJB1994