Եսայիա մարգարեյի գիրք

52

ՓՐԿՈՒԹԵԱՆ ՈՒՐԱԽ ԼՈՒՐԸ

1Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ , որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով։

2Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր.

3Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»։ 4Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը նախ Եգիպտացիների երկիրն իջաւ, որպէսզի իբրեւ նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնութեամբ քշուեց։ 5Բայց այժմ ինչո՞ւ էք այստեղ»։ Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշուեց. նրանք ապշահար էին մնացել եւ լաց էին լինում»։ Այսպէս է ասում Տէրը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապէս հայհոյւում է հեթանոսների մէջ։ 6Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, գիտենայ, որ ես նոյնն եմ, որի մասին խօսում էին, եւ ահա եկել հասել եմ»։

7Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է , ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է »։

8Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին։

9Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը։

10Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկութիւնը։

11Հեռացէ՛ք, հեռացէ՛ք, ելէ՛ք այդտեղից եւ պիղծերին մի՛ մօտեցէք. ելէ՛ք այդ երկրի միջից եւ հեռացէ՛ք, դուք, որ վերցրել բերում էք Տիրոջ սպասքը։

12Ո՛չ խռովութեամբ պիտի ելնէք եւ ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջեւից Տէրն ինքն է ընթանալու, եւ ձեզ հաւաքելու է նա, որ Աստուածն է Իսրայէլի։

ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՆԱՅ

13Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի։

14Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է,

15այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։

Էջմիածին · HYEJB1994