Եսայիա մարգարեյի գիրք
55
ԵԿԷ՛Ք ԱՌԱՆՑ ԱՐԾԱԹԻ
1«Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու։
2Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում։ Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։
3Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին։ Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կ’ապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կը կնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները։
4Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար։
5Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապաւէն պիտի դարձնեն քեզ յանուն քո Տէր Աստծու՝ Իսրայէլի սրբի, որը փառաւորեց քեզ»։
6Փնտռեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք, կանչեցէ՛ք նրան. երբ նա ձեզ մօտենայ,
7ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ՝ եւ ողորմութիւն կը գտնի, մեր Աստծո՛ւ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրէնութիւններին։
8«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին, -ասում է Տէրը, -
9այլ, ինչպէս երկինքն է հեռու երկրից, այնպէս էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
10Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել,
11այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես։
12Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ։
13Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»։