Եսայիա մարգարեյի գիրք

59

ՄԱՐԳԱՐԷՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՂՔԸ

1Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի.

2ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ, ձեր անօրէնութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ։

3Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրէնութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն։

4Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի, եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը. յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում, յղանում են ցաւեր եւ ծնում անօրէնութիւն։

5Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կը գտնի եւ քարբ ։

6Նրանց ոստայնները չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրէնութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան։

7Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն։

8Նրանք չճանաչեցին խաղաղութեան ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարութիւն չկայ, որովհետեւ նրանց շաւիղները, որոնցով ընթանում են, խոտորուած են, եւ նրանք խաղաղութիւնը չեն ճանաչում։

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԻՐ ՄԵՂՔԸ

9Ահա թէ ինչու իրաւունքը հեռացաւ նրանցից, եւ արդարութիւնը չի հասնելու նրանց. մինչ նրանք լոյս էին ակնկալում՝ խաւար եղաւ նրանց համար, մինչ լոյսի էին սպասում՝ շուռ եկան դէպի մութը։

10Կոյրերի պէս նրանք պատերն են շօշափելու, խարխափելու են աչքերից զրկուածների պէս, կէսօրին գլորուելու են, ինչպէս կէսգիշերին, օրհասական մարդկանց պէս հոգեվարքի տանջանքներ են տանելու

11եւ առհասարակ թափառելու են արջերի ու աղաւնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղաւ, սպասեցինք փրկութեան, բայց այն հեռացաւ մեզնից,

12քանզի բազում են մեր անօրէնութիւնները քո առաջ, եւ մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրէնութիւնները մե՛ր մէջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրաւութիւնները։

13Ամբարիշտ դարձանք եւ ստեցինք Տիրոջ առաջ, յետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրաւութիւն խօսեցինք եւ ապստամբեցինք, մեր սրտերում անիրաւութեան խօսքեր յղացանք ու որոճացինք։

14Յետ վանեցինք իրաւունքը, եւ արդարութիւնը հեռացաւ մեզնից։ Ճշմարտութիւնը սայթաքեց նրանց ճանապարհներից. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,

15եւ արդարութիւնը վերացաւ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։

ԱՍՏՈՒԱԾ ԿԸ ՀԱՏՈՒՑԻ

16Տեսաւ Տէրը եւ չհաւանեց, որովհետեւ իրաւունքը բացակայում էր։ Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մէկը, որ օգնական լինէր. եւ իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմութեան հաստատեց նրանց։

17Իբրեւ զրահ հագաւ արդարութիւնը, իբրեւ սաղաւարտ՝ գլխին դրեց փրկութիւնը, իբրեւ հանդերձ ու պատմուճան՝ իր վրայ գցեց վրէժխնդրութիւնը, որ հատուցում տայ նրանց։

18Նա նախատինք ու հատուցում պիտի տայ հակառակորդներին ու կղզիների բնակիչներին։

19Արեւմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արեւելքում՝ նրա փառքից ու համբաւից։ Բարկութիւնն, ինչպէս գետ, ուժգնօրէն պիտի գայ Տիրոջից, կատաղօրէն վրայ պիտի հասնի։

20«Մի փրկիչ պիտի գայ Սիոնից ու պիտի վանի Յակոբի ամբարշտութիւնները», -ասում է Տէրը։

21«Այս է իմ ուխտը նրանց հետ, -ասում է Տէրը։ -Իմ հոգին, որ քեզ վրայ է, եւ իմ խօսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետեւ մինչեւ յաւիտենութիւն չպիտի պակասեն քո բերանից, քո զաւակի բերանից եւ քո զաւակի զաւակի բերանից», -ասում է Տէրը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն