Եսայիա մարգարեյի գիրք
60
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ԼՈՒՍԱՒՈՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ
1Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը, եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու։
2Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու։
3Թագաւորները գալու են դէպի քո լոյսը, հեթանոսները՝ դէպի քո լոյսի փայլը։
4Աչքերդ բարձրացրո՛ւ եւ շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մօտդ հաւաքուած քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից եւ, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։
5Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետեւ ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստութիւնը քո կողմը պիտի դառնայ։
6Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը։
7Կեդարի ոչխարների բոլոր հօտերը քեզ մօտ պիտի հաւաքուեն, Նաբէօթի խոյերը պիտի բերուեն ու իմ սեղանի վրայ պիտի մատուցուեն իբրեւ ընդունելի զոհ, եւ իմ աղօթքի Տունը պիտի փառաւորուի։
8Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ։
9Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար։
10Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ։
11Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ։
12Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն։
13Լիբանանի փառքը դէպի քեզ է գալու՝ դափնիով, սօսիով, նոճիով ու մայրիով, որպէսզի լիապէս փառաւորեն իմ սրբարանի տեղը, եւ ես փառաւորեմ իմ ոտքերի տեղը։
14Քեզ մօտ պիտի գան քեզ նեղողների եւ զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագութիւն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչուես Տիրոջ քաղաք, Իսրայէլի սրբի Սիոն։
ՏԻՐՈՋ ՓԱՌՔԸ՝ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԼՈՅՍ
15Դու եղար լքուած ու ատելի, եւ ոչ ոք չկար, որ օգնէր քեզ, ես քեզ կը դարձնեմ յաւիտենական ուրախութիւն, ցնծութիւն՝ սերնդից սերունդ։
16Դու պիտի ծծես հեթանոսների կաթը եւ ուտես թագաւորների հարստութիւնը, պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։
17Պղնձի փոխարէն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարէն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարէն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարէն երկաթ եմ տալու քեզ, խաղաղութիւն եմ տալու քո իշխաններին, եւ քո վերակացուներին՝ արդարութիւն։
18Քո երկրում անիրաւութեան մասին այլեւս չի լսուելու եւ ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշուառութեան մասին. քո պարիսպները պիտի անուանուեն փրկութիւն, եւ քո դռները՝ ցնծութիւն։
19Այլեւս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկուայ լոյս է լինելու, եւ ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լոյս է տալու, այլ քեզ համար Տէրն է յաւիտենական լոյս լինելու, եւ Աստուած՝ քո փառքը։
20Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, եւ լուսինը քեզնից չի պակասելու, որովհետեւ Տէրը քեզ համար յաւիտենական լոյս է լինելու։ Քո սգոյ օրերը պիտի վերջանան։
21Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ յաւիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը յանուն իմ փառքի։
22Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց։
Էջմիածին · HYEJB1994