Եսայիա մարգարեյի գիրք
63
ՏԷՐԸ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ Է ԱՐԴԱՐ ԻՐԱՒՈՒՆՔԻ
1Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ։ Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին։
2Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը։
3Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց, բարկութեամբ ճմլեցի նրանց եւ գետնին հաւասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արիւնաթաթախ արի.
4քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր։
5Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ։ Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ։
6Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց։
ՏԻՐՈՋ ԲԱՐՈՒԹԻՒՆԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՀԱՆԴԷՊ
7Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ։ Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ։
8Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից։
9Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան։
10Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ։
11Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. «Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին.
12ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսին եւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը յաւերժացնելու համար։
13Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպէս ձին է անցնում անապատով, կամ ինչպէս գրաստը՝ դաշտով, ու նրանք չյոգնեցին։
14Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»։ Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն։
ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ
15Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ո՛ւր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ։
16Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը։
17Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի, որ քո ժառանգութիւնն է։
18Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը։
19Եղանք ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում։
Էջմիածին · HYEJB1994