Եսայիա մարգարեյի գիրք
8
1Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, շուտափոյթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է։ 2Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային»։ 3Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց։ Տէրն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր Արագ-արագ կողոպտի՛ր եւ շուտ-շուտ աւար ա՛ռ, 4քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ»։
ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԹԱԳԱՒՈՐԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ
5Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց.
6«Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն,
7դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։ Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժուի ձեր պարիսպների վրայով.
8այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը, եւ այն զօրաւորին, որ ունակ կը լինի որեւէ բան անելու, պիտի վերացնի Հրէաստանի երկրից. նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»։
9Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք։ Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու։
10Ինչ խորհուրդ էլ անէք՝ Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է։
11Այսպէս է ասում Տէրը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա ձեռքի զօրութեանը՝ հետեւելով այս ժողովրդի ճանապարհին.
12«Ասում են, թէ երբեք չար բան չեն խօսում. բայց չէ՞ որ ինչ խօսում է այդ ժողովուրդը՝ չարութիւն է։ Մի՛ սարսափէք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի՛ անհանգստացէք։
13Իրեն՝ Զօրութիւնների Տիրո՛ջը սրբացրէք, թող ձեր վախը Նա՛ լինի։ Եթէ յոյսդ նրա վրայ դնես,
14նա քեզ համար սրբութիւն կը լինի, եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Յակոբի տունը որոգայթի եւ Երուսաղէմի դարանակալ ծործորների մէջ է։
15Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն, ընկնեն ու խորտակուեն. մարդիկ, որոնք ապահովութեան մէջ էին, պիտի ենթարկուեն պաշարման։
ԶԳՈՒՇԱՆԱԼ ՎՀՈՒԿՆԵՐԻՑ ԵՒ ՀԵՏԵՒԵԼ ԱՍՏԾՈՒՆ
16Այն ժամանակ պիտի յայտնուեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրէնքները, 17որպէսզի որեւէ մէկը չկարողանայ սովորել եւ ասել. “Կը մնամ ու կը սպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Յակոբի տնից, յոյս կը դնեմ նրա վրայ”»։ 18Ահաւասիկ ես եւ իմ զաւակները, որ Աստուած ինձ պարգեւեց. եւ Իսրայէլի տան վրայ թող նշաններ ու հրաշքներ լինեն Զօրութիւնների Տիրոջից, որ բնակւում է Սիոն լերան վրայ։ 19Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ “Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին”, այն ժամանակ ասացէ՛ք. “Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։ 20Չէ՞ որ օրէնքը տուեց՝ օգնութեան համար, որպէսզի ասեն, թէ սրանք այն խօսքերը չեն, որոնց համար պէտք է կաշառք տալ”։
ՆԵՂՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
21Սոսկալի սովը պիտի սպառնայ ձեզ, եւ երբ քաղցած լինէք, պիտի վշտանաք, հայհոյանք թափէք իշխանի ու աշխարհի հասցէին։
22Ձեր հայեացքը պիտի ուղղէք դէպի վեր՝ երկնքին, պիտի նայէք դէպի վար՝ երկրին, եւ կարիքը, տառապանքն ու խաւարը, նեղութիւնը, անձկութիւնն ու մթութիւնը պիտի դիմաւորեն ձեզ։ Ոչ ոք չպիտի կարողանայ տեսնել։ Եւ նա, ով նեղութեան մէջ լինի, չի տկարանալու, մինչեւ որ գայ ժամանակը։
Էջմիածին · HYEJB1994