Եսայիա մարգարեյի գիրք
9
1Նախ դուք ա՛յդ նեղութիւնները տարէք եւ շո՛ւտ թօթափեցէք, Զաբուղոնի՛ երկիր, երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, նաեւ միւսներդ, որ բնակւում էք ծովեզերքին եւ Յորդանան գետի այն կողմում, հեթանոսների՛ Գալիլիա եւ Հրէաստանի՛ կողմեր։
2Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով, տեսաւ մեծ լոյս. ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահուան ստուերների մէջ, լոյս պիտի ծագի։
3Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախութեանը, ուրախանալու է քո առաջ, ինչպէս հնձի ժամանակ են ուրախանում եւ կամ աւարը բաժանելիս,
4որովհետեւ վերացաւ այն մեծ լուծը, որ նրանց վրայ էր դրուած, եւ գաւազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպէս Մադիամի օրերին, նա մերժեց հարկապահանջների գաւազանը։
5Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել, տուգանքով պիտի հատուցեն, նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին, նրանք պիտի յօժարէին հատուցել,
6քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի։
7Ես խաղաղութիւն կը բերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն։ Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի։ Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից։ Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա։
ԱՍՏԾՈՒ ՍՊԱՌՆԱԼԻ ՁԵՌՔԸ
8Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ։
9Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով.
10«Աղիւսները թափուեցին, բայց եկէք քար տաշենք, մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք եւ մեզ համար աշտարակ կառուցենք»։
11Աստուած պիտի կործանի Սիոնի լերան վրայ բարձրացածներին եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին,
12արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին, որոնք լիաբերան կերան Իսրայէլին։ Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է։
13Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։ Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։
14Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։
15Ծերն ու ականաւորը գլուխն են, իսկ մարգարէն, որ անօրէնութիւն էր ուսուցանում, պոչն է։
16Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան, որպէսզի կուլ տան։
17Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։
18Անօրէնութիւնը պիտի վառուի ինչպէս կրակ, չորացած սիզախոտի պէս պիտի այրուի կրակից, պիտի վառուի մայրիների անտառում, որոնց շուրջը, բոլոր բլուրների վրայ, հուրը պիտի ճարակի նրանց։
19Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի։ Մարդ իր եղբօրը չի խղճալու,
20քաղցից նա պիտի շրջուի դէպի աջ, պիտի շրջուի դէպի ձախ, պիտի ուտի, բայց չյագենայ՝ մինչեւ իսկ իր բազուկների միսն ուտելով։
21Մանասէն Եփրեմին պիտի ուտի, եւ Եփրեմը՝ Մանասէին, ապա միասին պիտի պաշարեն Յուդայի երկիրը։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։
Էջմիածին · HYEJB1994