Դատավորների գիրք

1

Դ Ա Տ Ա Ւ Ո Ր Ն Ե Ր

ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՒՈՒՄ ԵՆ

ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ

1Յեսուի վախճանուելուց յետոյ իսրայէլացիները հարցնում էին Տիրոջը եւ ասում. «Մեզնից ո՞վ առաջինը դուրս կը գայ պատերազմի քանանացիների դէմ»։ 2Տէրն ասաց. «Յուդայի՛ ցեղը պէտք է դուրս գայ, քանի որ երկիրը նրա ձեռքն եմ յանձնել»։ 3Եւ Յուդան իր Շմաւոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ կալուածքը եւ քանանացիների դէմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կը գամ քո կալուածքը»։ Շմաւոնը գնաց նրա հետ։ 4Յուդան գնաց, եւ Տէրը քանանացիներին ու փերեզացիներին յանձնեց նրա ձեռքը, եւ նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։ 5Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, նրա դէմ պատերազմեցին եւ ջարդեցին քանանացիներին ու փերեզացիներին։ 6Ադոնիբեզեկը փախաւ, բայց նրան հետապնդեցին, հասան նրան եւ կտրեցին նրա ձեռքերի ու մատները։ 7Ադոնիբեզեկն ասաց. «Եօթանասուն թագաւորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի մատները կտրուած էին, հաւաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպէս ես էի արել, այդպէս էլ ինձ հատուցեց»։ Նրան բերին , եւ նա այնտեղ մեռաւ։

ՅՈՒԴԱՅԻ ՑԵՂԸ ՏԻՐՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ ԵՒ ՔԵԲՐՈՆԻՆ

8Յուդայի որդիները պատերազմեցին Երուսաղէմի դէմ, գրաւեցին այն, սրի քաշեցին եւ քաղաքը հրով այրեցին։

9Դրանից յետոյ Յուդայի որդիներն իջան պատերազմելու լերան կողմում, հարաւում եւ դաշտավայրում բնակուող քանանացիների դէմ։ 10Յուդան գնաց Քեբրոնում բնակուող քանանացիների վրայ, եւ Քեբրոնը դուրս եկաւ նրա դէմ։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր։ Ջարդեցին Սէսիին, Աքիմանին եւ Թոլմիին՝ Ենակի զաւակներին։

ԳՈԴՈՆԻԷԼԸ ՏԻՐՈՒՄ Է ԴԱԲԻՐԻՆ

()

11Այնտեղից յարձակուեցին Դաբիրի բնակիչների վրայ։ Դաբիրի անունն առաջ Նամակաց էր։ 12Քաղէբն ասաց. «Ով որ հարուածի Նամակաց քաղաքին եւ գրաւի այն, իմ դուստր Ասքային նրան կնութեան կը տամ»։ 13Եւ գրաւեց այն Քաղէբի կրտսեր եղբօր՝ Կենեզի որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։ 14Երբ աղջիկը գնում էր, Գոդոնիէլը յորդորեց նրան, որ իր հօրից ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից եւ ասաց. «Հարաւային տուիր ինձ»։ Քաղէբը նրան ասաց. «Ի՞նչ եղաւ քեզ»։ 15Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնութիւն տո՛ւր. որովհետեւ ինձ հարաւային երկիր տուիր, տո՛ւր ինձ նաեւ ջրի աղբիւրներ»։ Եւ Քաղէբը նրա ցանկութեամբ նրան տուեց վերին աղբիւրներն ու հովիտների աղբիւրները։

ՅՈՒԴԱՅԻ ՈՒ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՑԵՂԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

16Մովսէսի աներոջ՝ Կինեցի Յոբաբայի որդիները, Արմաւենիների քաղաքից գնացին Յուդայի որդիների մօտ, Յուդայի անապատը, որը Յուդայի երկրի հարաւում է, Արադի զառիվայրի մօտ, եւ գնացին բնակուեցին ժողովրդի հետ։ 17Յուդան գնաց իր եղբայր Շմաւոնի հետ, եւ նրանք հարուածեցին, նզովեցին ու կոտորեցին Սեփաթում բնակուող քանանացիներին եւ այդ քաղաքի անունը կոչեցին ։ 18Յուդան Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազոտոսն ու նրա արտերը։ 19Տէրը Յուդայի հետ էր։ Յուդան գրաւեց լեռը, բայց հովիտների բնակիչներին չկարողացաւ տիրել, որովհետեւ Ռեքաբը զատեց նրանց, եւ նրանք երկաթէ կառքեր ունէին։ 20Քեբրոնը տուին Քաղէբին, ինչպէս ասել էր Մովսէսը։ Քաղէբը այնտեղից ժառանգութիւն ստացաւ Ենակի որդիների երեք քաղաքները եւ քշեց այնտեղից Ենակի երեք որդիներին։

21Բենիամինի որդիները Երուսաղէմում բնակուող յեբուսացիներին չնուաճեցին, եւ յեբուսացիները բնակւում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչեւ այսօր։

ԵՓՐԵՄԻ ՈՒ ՄԱՆԱՍԷԻ ՑԵՂԵՐԸ ՏԻՐՈՒՄ ԵՆ ԲԵԹԷԼԻՆ

22Յովսէփի որդիներն իրենք էլ գնացին Բեթէլի դէմ, եւ Տէրը նրանց հետ էր։ 23Իսրայէլի տոհմը բանակատեղի դրեց Բեթէլում. այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր։ 24Պահապանները մի մարդ տեսան, որ դուրս էր գալիս այդ քաղաքից, բռնեցին նրան եւ ասացին. «Ցո՛յց տուր մեզ քաղաքի մուտքը, եւ մենք կը խնայենք քեզ։ 25Նա նրանց ցոյց տուեց քաղաքի մուտքը, եւ նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն եւ նրա ազգատոհմը ազատ արձակեցին։ 26Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց եւ նրա անունը Լուզա դրեց, եւ այդ է նրա անունը մինչեւ այսօր։

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ, ՈՐՈՆՑ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ՉՔՇԵՑԻՆ

27Մանասէն որպէս ժառանգութիւն չստացաւ Բեթսանը, այսինքն՝ Սկիւթուպոլիսը, նրա աւանները եւ նրա արտերը, Թանաքը եւ նրա աւանները, Դորի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Բաղակի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Յեբղամի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները. եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում։ 28Երբ Իսրայէլը հզօրացաւ, քանանացիներին հարկի տակ գցեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։

29Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ Գազերում ու Եփրեմին հարկատու եղան։

30Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Ամանի բնակիչներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ եւ նրանց հարկատու եղան։

31Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաեւ Դորի, Սիդոնի, Դալափի, Աքազիփի, Ելփայի, Ափէկի, Ռոբի բնակիչներին։ 32Ասերացիները բնակուեցին այդ երկրում ապրող քանանացիների մէջ, որովհետեւ չկարողացան վերացնել նրանց։

33Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամիւսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակուեց այդ երկրում ապրող քանանացիների մէջ, իսկ Բեթսամիւսի եւ Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։

34Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին լերան վրայ, որովհետեւ նրանց թոյլ չէին տալիս իջնել հովիտները։ 35Եւ ամորհացիները շարունակեցին բնակուել Մրտենիների լերան վրայ։ Այնտեղ, Մրտաստանում եւ Սաղապինում արջեր եւ աղուէսներ կային։ Յովսէփի տոհմի ձեռքը ծանրացաւ ամորհացիների վրայ, եւ ամորհացիները հարկատու եղան նրանց։ 36Ամորհացիները Ակրաբիմի զառիվայրի վրայ, Վէմից վեր սահմանակից էին եդոմայեցիներին։

Էջմիածին · HYEJB1994