Դատավորների գիրք
10
ՈՒՐԻՇ ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. ԹՈՂԱ ԵՒ ՅԱՅԻՐ
1Աբիմելէքից յետոյ Իսրայէլը փրկելու համար մէջտեղ ելաւ Փուայի որդի Թողան, նրա հօրեղբօր որդին՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակւում էր Սամարիայում, Եփրեմի լերան վրայ։ 2Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներեք տարի եւ մեռաւ ու թաղուեց Սամարիայում։ 3Նրանից յետոյ մէջտեղ ելաւ գաղաադացի Յայիրը եւ Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներկու տարի։ 4Նա ունէր երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու աւանակի վրայ։ Նրանք ունէին երեսուներկու քաղաք։ Նա դրանք կոչեց Յայիրի աւաններ, եւ այդպէս են կոչւում մինչեւ այսօր։ Այդ քաղաքները գտնւում են Գաղաադում։ 5Յայիրը մեռաւ եւ թաղուեց Կամոնում։
ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՎՐԱՅ
6Իսրայէլացիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել եւ պաշտեցին Բահաղիմներին, Աստարոթին, ասորեստանցիների աստուածներին, Սիդոնի աստուածներին, Մովաբի աստուածներին, ամոնացիների աստուածներին եւ այլազգիների աստուածներին։ Նրանք լքեցին Տիրոջը եւ չպաշտեցին նրան։ 7Տէրը բարկութեամբ բորբոքուեց իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց այլազգիների ձեռքը ու ամոնացիների ձեռքը։ 8Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին եւ ճզմեցին իսրայէլացիներին, բոլոր իսրայէլացիներին, որոնք Յորդանան գետի այն կողմում, ամորհացիների երկրում, Գաղաադում էին։ 9Ամոնացիներն անցան Յորդանան գետը՝ պատերազմելու Յուդայի դէմ, Բենիամինի դէմ եւ Եփրեմի տան դէմ։ Իսրայէլացիները խիստ նեղութեան մէջ ընկան։ 10Նրանք աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Մեղանչեցինք քո դէմ, որովհետեւ թողեցինք մեր Աստծուն եւ Բահաղիմներին պաշտեցինք»։ 11Տէրն ասաց իսրայէլացիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, ամոնացիները, մովաբացիները, այլազգիները, 12սիդոնացիները, ամաղէկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, եւ դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։ 13Իսկ դուք թողեցիք ինձ եւ օտար աստուածներ պաշտեցիք։ Դրա համար այլեւս ձեզ չեմ փրկելու։ 14Գնացէ՛ք, աղաղակեցէ՛ք այն աստուածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղութեան ժամանակ»։ 15Իսրայէլացիներն ասացին Տիրոջը. «Մենք մեղանչեցիք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թւում, բայց միայն, Տէ՛ր, ազատի՛ր մեզ այսօր»։ 16Եւ նրանք հեռացրին իրենց միջից օտար աստուածներին եւ միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտուեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցաւեց Իսրայէլի տառապանքի համար։
17Ամոնացիները վեր կացան եւ բանակատեղի դրին Գաղաադում. իսրայէլացիներն էլ վեր կացան եւ բանակատեղի դրին Դիտանոցում։ 18Գաղաադի ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամոնացիների դէմ, նա թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների գլխաւորը»։