Դատավորների գիրք

12

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՓՐԵՄԻ ԵՒ ԳԱՂԱԱԴԻ ՄԻՋԵՒ

1Եփրեմի որդիները հաւաքուեցին, եկան Սեփենա եւ ասացին Յեփթայէին. «Ինչո՞ւ ամոնացիների դէմ պատերազմի ելար եւ մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կ’այրենք քո տունը եւ քեզ էլ՝ հետը»։ 2Յեփթայէն նրանց ասաց. «Ես եւ իմ ժողովուրդը զրկուած մարդիկ էինք եւ ամոնացիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։ 3Տեսնելով, որ ոչ ոք չի ինձ, ինքս ինձ վտանգի ենթարկեցի, գնացի ամոնացիների դէմ, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա ինչո՞ւ էք դուք ելել այսօր իմ դէմ պատերազմելու»։ 4Եւ Յեփթայէն հաւաքեց Գաղաադի բոլոր տղամարդկանց ու մղեց Եփրեմի դէմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմեաններին, որովհետեւ եփրեմեանների ազատուածներն ասել էին, թէ՝ «Դուք, գաղաադացիներ, Եփրեմի եւ Մանասէի միջեւ Եփրեմի փախստականներ էք»։ 5Գաղաադացիները եփրեմեաններից գրաւեցին Յորդանան գետի կիրճերը, եւ երբ եփրեմեանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թէ դուք էլ եփրեմեան էք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։ 6Նրանց ասում էին. «Մեզ մի նշան տուէ՛ք, ասացէ՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր յաջողւում այդպէս ասել, ուստի բռնում եւ կոտորում էին նրանց Յորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմեաններից քառասուներկու հազար մարդ զոհուեց։

7Յեփթայէն վեց տարի դատաւորութիւն արեց Իսրայէլում. գաղաադացի Յեփթայէն մեռաւ եւ թաղուեց իր քաղաքում՝ Գաղաադում։

ԵՍԵԲՈՆԸ, ԵԼՈՆԸ, ԱԲԴՈՆԸ

8Նրանից յետոյ Իսրայէլում դատաւորութիւն արեց բեթղեհէմացի Եսեբոնը։ 9Նա երեսուն տղայ ունէր եւ երեսուն աղջիկ։ Աղջիկներին մարդու տուեց, իսկ տղաների համար երեսուն բերեց դրսից։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց եօթը տարի։ 10Եսեբոնը մեռաւ եւ թաղուեց Բեթղեհէմում։

11Նրանից յետոյ Իսրայէլում տասը տարի դատաւորութիւն արեց զաբուղոնացի Ելոնը։ 12Զաբուղոնացի Ելոնը մեռաւ եւ թաղուեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում։

13Նրանից յետոյ Իսրայէլում դատաւոր եղաւ փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին։ 14Նա քառասուն որդի եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակներ։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց ութ տարի։ 15Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին, մեռաւ եւ թաղուեց Եփրաթոնում, Եփրեմի երկրում, Ամաղէկի լերան վրայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն