Դատավորների գիրք
13
ՍԱՄՓՍՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ
1Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։
2Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովէ էր։ Նրա կինը ամուլ էր եւ զաւակ չէր ունենում։ 3Տիրոջ հրեշտակը երեւաց այս կնոջը եւ ասաց նրան. «Ահա դու ամուլ ես եւ երեխայ չես ունեցել, բայց կը յղիանաս եւ որդի կը ծնես։ 4Արդ, զգո՛յշ եղիր, գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, 5որովհետեւ ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց մօր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայէլը այլազգիներից»։ 6Կինը մտաւ իր տունը եւ ասաց իր ամուսնուն. «Աստծու մարդը եկաւ ինձ մօտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թէ որտեղից է, նա ինձ իր անունը չասաց։ 7Նա ինձ ասաց. “Ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես, հիմա գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց իր մօր արգանդից մինչեւ իր մահուան օրը”»։
8Մանովէն Տիրոջն աղաչեց եւ ասաց. «Աղաչում եմ, Տէ՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մօտ, թող դարձեալ գայ մեզ մօտ եւ սովորեցնի, թէ ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնուի»։ 9Աստուած լսեց Մանովէի ձայնը, եւ Աստծու հրեշտակը նորից եկաւ նրա կնոջ մօտ, երբ նա նստել էր հանդում։ Նրա ամուսին Մանովէն նրա մօտ չէր։ 10Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն եւ ասաց նրան. «Ահա երեւաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մօտ»։ 11Մանովէն վեր կացաւ, գնաց իր կնոջ հետ, եկաւ այն մարդու մօտ եւ ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խօսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։ 12Մանովէն ասաց. «Արդ, երբ քո խօսքերը կատարուեն, ինչպիսի՞ն պէտք է լինեն մանկան կեանքի կանոններն ու գործերը»։ 13Տիրոջ հրեշտակն ասաց Մանովէին. «Թող նա զգուշանայ այն ամենից, որ ասացի այդ կնոջը. 14որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի եւ օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանայ այն ամենից, որ պատուիրեցի»։
15Մանովէն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մօտ պահենք եւ մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։ 16Տիրոջ հրեշտակը Մանովէին ասաց. «Եթէ ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթէ ուլը ողջակէզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն»։ Մանովէն չիմացաւ, թէ նա Տիրոջ հրեշտակն է։ 17Մանովէն ասաց Տիրոջ հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խօսքը կատարուի, փառաւորենք քեզ»։ 18Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»։ 19Մանովէն վերցրեց զոհաբերուելիք ուլը եւ քարի վրայ մատուցեց սքանչելագործ Տիրոջը. Մանովէն եւ նրա կինը նայում էին։ 20Երբ բոցը զոհասեղանից դէպի երկինք բարձրացաւ, Տիրոջ հրեշտակն էլ բարձրացաւ զոհասեղանի բոցի հետ։ Մանովէն ու նրա կինը նայում էին եւ երեսի վրայ գետին ընկան։ 21Տիրոջ հրեշտակն այլեւս չերեւաց Մանովէին ու նրա կնոջը։ Այն ժամանակ Մանովէն իմացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ 22Մանովէն ասաց իր կնոջը. «Անպատճառ կը մեռնենք, որովհետեւ տեսանք Աստծուն։ 23Եւ նրա կինը նրան ասաց. «Եթէ Տէրը ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակէզն ու զոհը եւ մեզ չէր յայտնի այդ ամէնը իր ժամանակին եւ այն մեզ լսելի չէր դարձնի»։ 24Եւ կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, եւ Տէրը նրան օրհնեց։ 25Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ Դանի բանակում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։