Դատավորների գիրք

17

ՄԻՔԱՆ ԵՒ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՎԱՅՐԸ

1Եփրեմի լերան վրայ Միքա անունով մի մարդ կար։ 2Նա իր մօրն ասաց. «Այն հազար հարիւր արծաթը, որ վերցուել է քեզնից, եւ որի համար տուիր եւ ասացիր իմ ականջին, թէ՝ “Այն արծաթն ինձ մօտ է”, ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդեա՛կ իմ, օրհնեալ լինես Տիրոջից»։ 3Եւ նա իր մօրը վերադարձրեց հազար հարիւր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նուիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածոյ շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։ 4Իսկ Միքան այդ արծաթը մօրը վերադարձրեց։ Մայրն առաւ երկու հարիւր արծաթ, այն տուեց ձուլողին, նա էլ ձուլածոյ կուռք շինեց դրանից, որը մնաց Միքայի տանը։ 5Միքայի տունը նրա համար աստծու եղաւ։ Եւ նա ու թերափ շինեց. ձեռնադրեց իր որդիներից մէկին, եւ սա նրա համար քահանայ եղաւ։ 6Այդ օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։

7Յուդայի ազգատոհմից, Յուդայի երկրի քաղաքից, մի պատանի կար, որ ղեւտացի էր եւ այնտեղ էր բնակւում։ 8Այս մարդը Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնաց պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար։ Նա ճանապարհորդելով եկաւ մինչեւ Եփրեմի լեռը եւ մինչեւ Միքայի տունը։ 9Միքան նրան ասաց. «Ո՞րտեղից ես գալիս»։ Նա ասաց. «Ես ղեւտացի եմ, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար»։ 10Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մօտ, ինձ համար եւ քահանայ եղի՛ր, եւ ես քեզ ամէն տարի տասը արծաթ, մի զոյգ զգեստ եւ ուտելիք կը տամ, որով կ’ապրես»։ 11Ղեւտացին գնաց եւ ապաստանեց այդ մարդու մօտ։ Այս պատանին նրա համար եղաւ ինչպէս իր որդիներից մէկը։ 12Միքան ղեւտացուն ձեռնադրեց, եւ պատանին նրա համար քահանայ եղաւ եւ ապրում էր Միքայի տանը։ 13Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տէրն ինձ բարիք արեց, քանի որ այս ղեւտացին ինձ համար քահանայ եղաւ»։ Այն օրերին Իսրայէլում թագաւոր չկար։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն