Դատավորների գիրք

19

ՂԵՒՏԱՑԻՆ ԵՒ ԻՐ ՀԱՐՃԸ

1Այն օրերին, երբ Իսրայէլում թագաւոր չկար, Եփրեմի լերան կողմերում մի ղեւտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդն իր հարճը դարձրեց Յուդայի երկրի քաղաքից մի կնոջ։ 2Նրա հարճը նրանից խորշեց եւ գնաց իր հօր տունը՝ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը եւ այնտեղ մնաց երեք ամիս։ 3Նրա մարդը վեր կացաւ գնաց նրա ետեւից, որ քաղցրութեամբ խօսի, հաշտեցնի նրան իր հետ եւ նորից ետ բերի իր մօտ։ Նրա հետ էին իր ծառան եւ մի զոյգ էշ։ Գնացին մինչեւ նրա հօր տունը։ Երբ աղջկայ հայրը նրան տեսաւ, ելաւ նրան ընդառաջ։ 4Նրա աները՝ աղջկայ հայրը, ներս տարաւ նրան, եւ նա նրա մօտ մնաց երեք օր։ Կերան, խմեցին եւ գիշերեցին այնտեղ։

5Չորրորդ օրը, երբ առաւօտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, յետոյ կը գնաք»։ 6Նստեցին, կերան եւ խմեցին երկուսը միասին։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Այս գիշեր էլ այստեղ մնա՛, եւ թող սիրտդ զուարթանայ»։ 7Մարդը վեր կացաւ, որ գնայ, բայց նրա աները ստիպեց նրան, եւ նա մնաց ու գիշերեց այնտեղ։ 8Հինգերորդ օրը կանուխ վեր կացաւ, որ գնայ. աղջկայ հայրն ասաց. «Սիրտդ պնդացրո՛ւ հացով եւ զբօսնի՛ր մինչեւ օրը վերջանայ»։ Եւ կերան ու խմեցին երկուսով։ 9Մարդը վեր կացաւ, որ իր հարճի եւ ծառայի հետ գնայ։ Բայց աղջկայ հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկոյ դարձաւ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զուարթանայ, վաղը կանուխ ճանապարհ կ’ընկնես եւ կը գնաս քո տունը»։ 10Բայց մարդը չկամեցաւ այնտեղ գիշերել, վեր կացաւ ու գնաց։ Եկաւ հասաւ մինչեւ Յեբուսի դիմաց, այսինքն՝ . նրա հետ էին մի զոյգ համետած էշ եւ իր հարճը։

11Երբ նրանք Յեբուսի դիմացն էին, օրը տարաժամել էր։ Ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ թեքուենք դէպի յեբուսացիների քաղաքը եւ այնտեղ գիշերենք»։ 12Տէրը նրան ասաց. «Ճանապարհը չշեղենք դէպի օտարազգիների քաղաքը, որտեղ իսրայէլացիներ չկան, այլ անցնենք մինչեւ Գաբաա»։ 13Եւ իր ծառային ասաց. «Ե՛կ մօտենանք այդ տեղերից մէկին եւ գիշերենք այնտեղ՝ Գաբաայում կամ Հռամայում»։ Եւ անցան գնացին։ 14Երբ մօտեցան Գաբաային, որ Բենիամինի երկիրն է, արեգակը մտաւ։ 15Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա եւ գիշերեն այնտեղ։ Նա մտաւ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առնէր գիշերելու համար։ 16Եւ ահա երեկոյեան հանդից, իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր եւ պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի ցեղի որդիներ էին։ 17Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսաւ ուղեւոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում եւ որտեղի՞ց ես գալիս»։ 18Նա ասաց նրան. «Մենք Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնում ենք մինչեւ Եփրեմի լերան կողմերը, որովհետեւ ես այնտեղացի եմ։ Ես գնացի մինչեւ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը, իսկ հիմա իմ հօր տունն եմ գնում, եւ չկայ մի մարդ, որ մեզ իր տունը ընդունի։ 19Մեր էշերի համար յարդ եւ խոտ, իսկ ինձ եւ այս աղջկայ ու ծառայի համար եւ կայ. քո ծառաները ոչ մի բանի պակասութիւն չունեն»։ 20Ծեր մարդն ասաց. «Խաղաղութիւն քեզ, քո ամէն պակասութիւնն ինձ վրայ լինի, բայց դու այդ հրապարակում մի՛ գիշերիր»։ 21Եւ նրան տարաւ իր տունը, էշերին խոտ տուեց, նրանք լուացին իրենց ոտքերը, կերան եւ խմեցին։

22Երբ նրանց սրտերը զուարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրէն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը եւ խօսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ յարաբերութիւն ունենանք»։ 23Այն մարդը՝ տան տէրը, գնաց նրանց մօտ եւ ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամութիւն մի՛ արէք, այդ մարդն իմ տունը մտնելուց յետոյ այդ անզգամութիւնը մի՛ արէք։ 24Ահա իմ կոյս աղջիկը եւ այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկեցէ՛ք նրանց, արէ՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամութիւնը մի՛ արէք»։ 25Բայց մարդիկ չուզեցին լսել։ Եւ այդ մարդն առաւ իր հարճին ու դուրս հանեց։ Նրանք կենակցեցին նրա հետ եւ լլկեցին նրան ամբողջ գիշերը մինչեւ առաւօտ եւ առաւօտը բացուելիս բաց թողեցին նրան։ 26Առաւօտեան կինը եկաւ, ընկաւ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տէրն էր, եւ հոգին փչեց։ 27Առաւօտեան նրա տէրը վեր կացաւ, բացեց տան դուռը, դուրս եկաւ, որ գնայ իր ճանապարհը եւ տեսաւ, որ իր հարճն ընկած էր դռան մօտ, ձեռքերը շեմի վրայ։ 28Եւ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք»։ Նա պատասխան չտուեց, որովհետեւ մեռած էր։ Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրայ, վեր կացաւ եւ գնաց իր տեղը։ 29Երբ մտաւ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին եւ ոսկորներն էլ կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի եւ դրանք ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին։ 30Բոլոր տեսնողներն ասում էին, թէ այդպիսի բան ո՛չ եղել է եւ ո՛չ էլ տեսնուել Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու օրերից մինչեւ այսօր։ Հիմա դրա մասին խորհուրդ արէ՛ք եւ ասացէ՛ք, թէ ինչ պէտք է անել։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն