Դատավորների գիրք
2
ՏԻՐՈՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
1Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից դուրս եկաւ Լացատեղը, Բեթէլ եւ Իսրայէլի տուն ու ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. “Տէրը ձեզ հանեց Եգիպտոսից եւ բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդուել էր, որ ձեզ կը տայ եւ ձեզ ասաց. ՛՛Ձեզ հետ դրած ուխտս յաւիտեան չեմ դրժի։ 2Դուք այս երկրի բնակիչների հետ դաշինք մի՛ կնքէք, ոչ էլ նրանց չաստուածների հետ, մի՛ երկրպագէք նրանց, այլ խորտակեցէ՛ք նրանց կուռքերը, կործանեցէ՛ք նրանց զոհասեղանները՛՛։ Բայց դուք իմ խօսքը չլսեցիք եւ այդ բանն արեցիք։ 3Եւ ես ասացի. ՛՛Այլեւս չեմ տեղաշարժի այս ժողովրդին, որին շարունակ կոտորեցի եւ նրան չեմ քշի ձեր առաջից։ Նրանք ձեզ համար փորձանք կը դառնան, եւ նրանց չաստուածները ձեզ համար գայթակղութիւն կը լինեն՛՛»։ 4Երբ Տիրոջ հրեշտակն այս խօսքերն ասաց Իսրայէլի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայն բարձրացրեց ու լաց եղաւ։ 5Դրա համար էլ այն տեղի անունը Լալօնք դրին. եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։
ՅԵՍՈՒԻ ՄԱՀԸ
6Յեսուն արձակեց ժողովրդին, եւ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տունը եւ ամէն մէկն իր կալուածքը՝ երկիրը ժառանգութիւն ստանալու համար։ 7Եւ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Յեսուի կենդանութեան բոլոր օրերում եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Յեսուից յետոյ եւ որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։ 8Տիրոջ ծառայ Յեսուն՝ Նաւէի որդին, վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում, 9եւ նրան թաղեցին իր ժառանգութիւնը հանդիսացող երկրի լերան վրայ, Թամնաթարէսում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։ 10Վախճանուեց նաեւ այդ ամբողջ սերունդը։ Դրանից յետոյ եկաւ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը եւ ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայէլի մէջ։
ԻՍՐԱՅԷԼԸ ԼՔՈՒՄ Է ՏԻՐՈՋԸ
11Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին եւ Բահաղիմին պաշտեցին. 12թողին իրենց հայրերի Տէր Աստծուն, որ նրանց հանել էր Եգիպտացիների երկրից, գնացին օտար աստուածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստուածների ետեւից, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը, 13լքեցին նրան եւ պաշտեցին Բահաղին ու Աստարտներին։ 14Սաստիկ զայրացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տէրը մատնեց նրանց շրջակայ թշնամիների ձեռքը, եւ նրանք չկարողացան դէմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ կռապաշտութիւն էին արել։ 15Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրայ էր, ինչպէս որ ասել էր Տէրը եւ ինչպէս որ երդուել էր. եւ Տէրը խիստ նեղեց նրանց։
16Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց եւ նրանց փրկեց կողոպտիչների ձեռքից։ Բայց նրանք դատաւորներին էլ չլսեցին, 17որովհետեւ օտար աստուածների հետեւելով՝ կռապաշտութիւն արեցին, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորուեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատուիրանները լսելով։ Նրանք այդպէս չարեցին։ 18Եւ երբ Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց, Տէրն այդ դատաւորների հետ էր եւ նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատաւորների կենդանութեան բոլոր օրերին, որովհետեւ Տէրը նրանց կարեկցում էր պաշարողների եւ չարչարողների երեսից կրած նրանց հեծութեան համար։ 19Եւ երբ դատաւորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրէնութիւն էին անում իրենց հայրերից աւելի՝ գնալով օտար աստուածների ետեւից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դէն չէին նետում իրենց կուռքերը եւ ետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։ 20Եւ սաստիկ բարկացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել եմ նրանց հայրերի հետ, եւ չլսեց իմ ձայնը, 21ես էլ այլեւս չեմ քշի նրանց առաջից ոչ մի մարդու այն ազգերից, որ կենդանի թողեց Նաւէի որդի Յեսուն։ 22Նա թողեց, որ նրանցով փորձեմ իսրայէլացիներին, թէ արդեօք նրանք կը զգուշանա՞ն եւ Տիրոջ ճանապարհով կը գնա՞ն, թէ՞ ոչ, ինչպէս զգուշացան նրանց հայրերը»։ 23Եւ Տէրը թողեց այդ ազգերին, շուտով չվերացրեց նրանց եւ չմատնեց նրանց Յեսուի ձեռքը։
Էջմիածին · HYEJB1994