Դատավորների գիրք

3

ԵՐԿՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ

1Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Յեսուն, որպէսզի նրանցով փորձի իսրայէլացիներին, ամենքին, որոնք չգիտէին քանանացիների բոլոր պատերազմների մասին. 2(միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն իսրայէլացիների սերունդներին, նրանց, որոնք առաջուց չգիտէին պատերազմել). 3նա թողեց այլազգիների հինգ նախարարութիւնները, բոլոր քանանացիներին, սիդոնացիներին եւ Լիբանանում Բաղհերմոն սարից մինչեւ Լաբոեմաթ բնակուող խեւացիներին։ 4Նրանցով պիտի փորձէր իսրայէլացիներին եւ իմանար, թէ կը լսե՞ն արդեօք Տիրոջ պատուիրանները, որ նա տուել էր նրանց հայրերին Մովսէսի միջոցով։

5Եւ իսրայէլացիները բնակուեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խեւացիների, յեբուսացիների եւ գերգեսացիների մէջ։ 6Նրանց աղջիկներին իրենց համար առան եւ իրենց աղջիկներին տուին նրանց տղաներին, պաշտեցին նրանց չաստուածներին։

ԳՈԴՈՆԻԷԼ

7Իսրայէլացիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տէր Աստծուն եւ պաշտեցին Բահաղին եւ ։ 8Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքայ Քուսարսաթեմի ձեռքը, եւ իսրայէլացիները նրան ծառայեցին ութ տարի։

9Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տէրը Իսրայէլի համար մի փրկիչ մէջտեղ հանեց. նրանց տուեց Գոդոնիէլին՝ Կենեզի որդուն, Քաղէբի կրտսեր եղբօրը։ Տէրը լսեց նրանց։ 10Գոդոնիէլի մէջ Տիրոջ հոգին բնակուեց, եւ նա Իսրայէլում դատաւորութիւն արեց։ Նա պատերազմի դուրս եկաւ Քուսարսաթեմի դէմ, Տէրը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային. Գոդոնիէլը յաղթեց Քուսարսաթեմին։ 11Երկիրը քառասուն տարի հանգստացաւ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիէլը մեռաւ։

ԱՒՈԴ

12Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. եւ Տիրոջ առաջ չարիք գործելու պատճառով Տէրը Իսրայէլի դէմ զօրացրեց Մովաբի արքայ Եգղոմին։ 13Նա հաւաքեց նրանց դէմ Ամոնի եւ Ամաղէկի բոլոր որդիներին, գնաց հարուածեց Իսրայէլին եւ տիրեց Արմաւենիների քաղաքին։ 14Տասնութ տարի իսրայէլացիները ծառայեցին Մովաբի արքայ Եգղոմին։

15Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց համար մի փրկիչ մէջտեղ հանեց՝ յիմենեցի մի մարդու՝ Գերայի որդի Աւոդին, որը երկու ձեռքով էլ յաջող էր ։ Իսրայէլացիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։ 16Աւոդն իր համար մէկ կանգուն երկարութեամբ երկսայրի սուր շինեց, կապեց այն իր աջ ազդրին թիկնոցի տակից եւ գնաց 17ու ընծաները մատուցեց Մովաբի արքայ Եգղոմին։ Եգղոմը շատ գէր մարդ էր։ 18Երբ Աւոդն իր ընծաները տուեց վերջացրեց եւ արձակեց ընծաները բերողներին, Եգղոմը վերադարձաւ Գաղգաղայում եղած կուռքերի մօտից։ 19Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, քեզ ծածուկ ասելու ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եւ ամենքին ասաց. «Հեռո՛ւ գնացէք»։ Եւ նրա մօտ եղողները դուրս եկան։ 20Նա միայնակ նստած էր իր ամարանոցի վերնատանը։ Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացաւ գնաց նրա մօտ։ 21Երբ նա վեր կացաւ, Աւոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից եւ Եգղոմի կողը խրեց, 22սրի կոթն էլ խրեց վէրքի մէջ։ Ճարպը ծածկեց վէրքի բերանը, որովհետեւ նա սուրը նրա կողից չհանեց։ 23Նա դուրս եկաւ պատշգամբ, անցաւ սրահը, նրա դէմ փակեց վերնատան դռները, կողպեց, եւ ինքը դուրս ելաւ գնաց։ 24Նրա ծառաները ներս մտան, տեսան, որ վերնատան դռները փակուած են, եւ ասացին. «Գուցէ սենեակում նստել է բնական կարիքի համար»։ 25Կանգնեցին ու մնացին ամօթից, եւ ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Առան բանալին, բաց արին եւ տեսան, որ ահա իրենց տէրը ընկած մեռած է գետնին։ 26Մինչ նրանք իրարանցման մէջ էին, Աւոդը փախաւ Սիրոթա, եւ ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրայ։ Նա անցաւ կուռքերի մօտով եւ փախաւ ընկաւ Սիրոթա։

27Երբ Աւոդը եկաւ , փող փչեց Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա հետ իջան լեռից, եւ ինքը նրանց առջեւում էր։ 28Նա ասաց նրանց. «Իջէ՛ք իմ ետեւից, որովհետեւ մեր Տէր Աստուածը մեր մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա ետեւից ու նախ գրաւեցին Մովաբի եւ Յորդանան գետի միջեւ եղած անցումները եւ ոչ մի մարդու թոյլ չտուին անցնել։ 29Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մօտ տասը հազար մարդ՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զօրաւոր մարդկանց, եւ նրանցից ոչ մի մարդ չազատուեց։ 30Այդ օրը մովաբացիներն ընկճուեցին Իսրայէլի ձեռքի տակ, եւ երկիրն ութսուն տարի հանգստացաւ։ Աւոդը նրանց դատաւորը եղաւ մինչեւ իր մահը։

ՍԱՄԵԳԱՐ

31Աւոդից յետոյ մէջտեղ ելաւ Անաթի որդի Սամեգարը, որն արօրի մաճով այլազգիներից վեց հարիւր մարդ կոտորեց, աւար առաւ չափազանց շատ արջառ եւ ոչխար՝ չհաշուած կովերի հորթերը։ Եւ նա՛ էլ փրկեց Իսրայէլը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն