Դատավորների գիրք
7
ԳԵԴԷՈՆԸ ՅԱՂԹՈՒՄ Է ՄԱԴԻԱՄԱՑԻՆԵՐԻՆ
1Յերոբոաղը, այսինքն՝ Գեդէոնը, եւ նրա հետ եղած ամբողջ զօրքը կանուխ վեր կացան եւ բանակատեղի դրին Արէդի աղբիւրի մօտ, իսկ Մադիամի եւ Ամաղէկի բանակը նրանց հիւսիսային կողմում, Գաբաաթամում էր, հովտի մէջ։ 2Տէրն ասաց Գեդէոնին. «Քեզ հետ եղող զօրքը շատ է, չեմ ուզում մադիամացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թէ Իսրայէլն իմ առաջ պարծենայ եւ ասի, թէ՝ “Իմ ձեռքը փրկեց ինձ”»։ 3Տէրը նրան ասաց. «Խօսի՛ր ի լուր ժողովրդի եւ ասա՛. “Ով որ վախկոտ է, թող ետ դառնայ”»։ Եւ գնացին Գաղաադ սարից. զօրքից քսաներկու հազար հոգի ետ դարձան, եւ մնացին տասը հազար։ 4Տէրն ասաց Գեդէոնին. «Զօրքը տակաւին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մօտ, այնտեղ նրանց փորձութեան կ’ենթարկեմ քեզ համար. ում մասին քեզ ասեմ, թէ՝ “Դա թող գնայ քեզ հետ”, նա թող գնայ քեզ հետ, իսկ ում մասին ասեմ, թէ՝ “Դա թող չգնայ քեզ հետ”, նա թող չգնայ քեզ հետ»։ 5Նա զօրքն իջեցրեց ջրի մօտ, եւ Տէրը Գեդէոնին ասաց. «Ովքեր շան նման լեզուով լակեն այդ ջրից, նրանց առանձին կը կանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրայ կռանան, նրանց էլ առանձին կը կանգնեցնես»։ 6Եւ ովքեր լակեցին ձեռքով ու լեզուով, նրանց բոլորի թիւը եղաւ երեք հարիւր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացաւ ծնկների վրայ։ 7Տէրն ասաց Գեդէոնին. «Այն երեք հարիւր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ կը փրկեմ եւ մադիամացիներին քո ձեռքը կը մատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնայ, ամէն մէկն իր տեղը»։ 8Եւ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, եւ Գեդէոնը Իսրայէլի բոլոր մարդկանց իրենց բնակութեան տեղն արձակեց եւ միայն այն երեք հարիւր մարդկանց պահեց. Մադիամի բանակը նրանից ներքեւ՝ հովտում էր։
9Այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Շտապ վեր կաց իջի՛ր այստեղից բանակատեղի, որովհետեւ նրան քո ձեռքն եմ մատնում. 10իսկ եթէ վախենում ես դու մենակ իջնել, նախ դու իջիր բանակատեղի քո ծառայ Փարայի հետ։ 11Կը լսես, թէ ինչ են խօսում, եւ այն ժամանակ կը զօրանան քո ձեռքերը, եւ կ’իջնես բանակատեղի։ Եւ նա իր ծառայի հետ իջաւ մինչեւ թշնամու բանակի առաջապահ զօրքը, որ կազմում էր բանակի մէկ յիսուներորդ մասը։ 12Մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները բանակ էին դրել ծործորների մէջ մորեխների պէս մեծ բազմութեամբ։ Նրանց ուղտերին թիւ չկար, նրանք շատ էին, ինչպէս ծովափի աւազը։ 13Գեդէոնը բանակատեղի մտաւ եւ լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսայ, ասում է, ահա գարէ մի հաց գլորւում էր դէպի Մադիամի բանակները եւ եկաւ մինչեւ Մադիամի վրանը, հարուածեց նրան ու կործանեց, եւ վրանը գլխիվայր ընկաւ»։ 14Նրա ընկերը պատասխան տուեց եւ ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթէ ոչ իսրայէլացի Յովասի որդի Գեդէոնի սուրը. Տէրը նրա ձեռքն է մատնել մադիամացիներին եւ բոլոր բանակները»։
15Երբ Գեդէոնը լսեց երազի պատմութիւնն ու նրա մեկնութիւնը, երկրպագեց Տիրոջը, վերադարձաւ իսրայէլացիների բանակն ու ասաց. «Վե՛ր կացէք, որովհետեւ Տէրը մադիամացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։ 16Նա այդ երեք հարիւր մարդուն երեք գնդի բաժանեց եւ ամենքի ձեռքը տուեց եղջերափողեր եւ սափորների մէջ դրուած ջահեր։ 17Եւ ասաց նրանց. «Ի՛նձ նայեցէք եւ նո՛յնն արէք. ահա ես մտնում եմ բանակի մէջ եւ ինչպէս որ ես անեմ, այդպէս էլ դո՛ւք արէք։ 18Երբ ես եւ բոլոր ինձ հետ եղողները կը փչենք եղջերափողերը, դուք էլ փչեցէ՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը եւ ասացէ՛ք. “Տիրոջ եւ Գեդէոնի սուրը”»։
19Գեդէոնը եւ նրա հետ հարիւր մարդ կէս գիշերուայ սկզբին հասան բանակի ծայրը՝ զարթեցնելով միայն պահապաններին, փչեցին եղջերափողերը, վայր գցեցին իրենց ձեռքի սափորները։ 20Այն երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը, կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին եւ ասացին. «Տիրոջ եւ Գեդէոնի սուրը»։ 21Ամէն մէկն առանձին կանգնեց բանակի շուրջը, եւ ամբողջ բանակը վազեց. փող փչեցին եւ փախան։ 22Երբ այն երեք հարիւր եղջերափողերը հնչեցին, Տէրն այնպէս արեց, որ ամբողջ բանակի մէջ ամէն մարդ սուրն իր ընկերոջ վրայ դարձնի. եւ ամբողջ բանակը փախաւ մինչեւ Բեթասետա, իսկ գնդերից մէկն էլ՝ մինչեւ Աբէլմաուլայի բարձունքը եւ մինչեւ Տաբէթ։ 23Իսրայէլացիները իրար ձայն տուին Նեփթաղիմից, Ասերից եւ ամբողջ Մանասէից ու հետապնդեցին մադիամացիներին։ 24Գեդէոնը պատգամաւորներ ուղարկեց Եփրեմի բոլոր սահմանները եւ ասաց. «Իջէ՛ք մադիամացիներին ընդառաջ եւ գրաւեցէ՛ք ջրերի կիրճերը մինչեւ Բեթփարա ու Յորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տուին եւ գրաւեցին ջրերի անցքերը մինչեւ Բեթփարա ու Յորդանան գետը։ 25Բռնեցին մադիամացիների երկու իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, մադիամացիներին հալածեցին, Օրեբի եւ Զեբի գլուխները Յորդանան գետի այն կողմից բերին Գեդէոնին։