Դատավորների գիրք
8
ՄԱԴԻԱՄԱՑԻՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
1Եփրեմի մարդիկ Գեդէոնին ասացին. «Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիամացիների դէմ պատերազմելու գնացիր»։ Եւ նրա հետ սաստիկ վիճեցին։ 2Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թէ Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լաւ չէ. 3Տէրը ձեր ձեռքը մատնեց մադիամացիների իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խօսքն ասաց, նրանց հոգին հանգստացաւ նրա նկատմամբ։
4Գեդէոնը եկաւ Յորդանան գետը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդկանց հետ գետն անցաւ սպառուած եւ քաղցած։ 5Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տուէք այս զօրքին, որ ինձ հետ է, որովհետեւ նրանք քաղցած են, իսկ ես կը հետապնդեմ Զեբէիին ու Սաղմանային՝ մադիամացիների թագաւորներին»։ 6Սոքքոթի իշխաններն ասացին. «Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն արդէն քո բռունցքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք»։ 7Գեդէոնն ասաց. «Եթէ այդպէս չէ, ապա երբ Տէրը Զեբէիին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ես ձեր մարմինները կը ծուատեմ անապատի փշերով եւ տատասկներով»։ 8Այնտեղից նա գնաց Փանուէլ եւ նրանց հետ նոյն ձեւով խօսեց։ Փանուէլի մարդիկ նրան պատասխան տուեցին այնպէս, ինչպէս պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։ 9Գեդէոնը խօսեց Փանուէլի մարդկանց հետ եւ ասաց. «Երբ ես նորից վերադառնամ խաղաղութեամբ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։
10Զեբէին եւ Սաղմանան Կարկարում էին գտնւում, եւ նրանց բանակը նրանց հետ էր. բոլորը մօտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արեւելքի բնակիչների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարիւր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։ 11Գեդէոնը բարձրացաւ վրանաբնակների ճանապարհով, Նաբաէի արեւելեան կողմից, որ գտնւում է Նաբէի դիմաց, ու հարուածեց բանակին, որովհետեւ բանակն անհոգութեան մէջ էր։ 12Զեբէին եւ Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիամացիների երկու թագաւորներին՝ Զեբէիին ու Սաղմանային, եւ նրանց ամբողջ բանակը տակնուվրայ արեց։
13Յովասի որդի Գեդէոնը պատերազմից ետ դարձաւ Արէսի զառիվայրից։ 14Սոքքոթի մարդկանցից նա մի պատանեակ բռնեց եւ նրան հարցուփորձ արեց։ Սա նրա համար գրաւոր տուեց Սոքքոթի իշխանների ու ծերերի անունները՝ եօթանասունեօթը մարդու։ 15Գեդէոնը եկաւ Սոքքոթի իշխանների մօտ եւ ասաց նրանց. «Ահա Զեբէին եւ Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն այժմ քո բռունցքի մէջ է, որ մենք սովից սպառուած քո մարդկանց հաց տանք”»։ 16Նա առաւ քաղաքի իշխաններին ու ծերերին եւ անապատից՝ փշեր ու տատասկներ եւ դրանցով ձաղկեց Սոքքոթի մարդկանց, 17Փանուէլի աշտարակը կործանեց եւ կոտորեց քաղաքի մարդկանց։
18Նա ասաց Զեբէիին եւ Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նոյնպիսին եւ նրանք էին՝ քեզ նման, եւ դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագաւորի որդիների նման էր»։ 19Գեդէոնն ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մօր որդիներն էին»։ Եւ երդուեց նրանց ու ասաց. «Կենդանի է Տէրը. եթէ դուք նրանց ողջ թողնէիք, ես ձեզ չէի սպանի»։ 20Եւ իր անդրանիկ որդուն՝ Եթերին ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետեւ վախեցաւ, քանի որ մանուկ էր։ 21Զեբէին եւ Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց եւ դու ի՛նքդ զարկ մեզ, որովհետեւ մարդու ուժը իրեն համեմատ կը լինի»։ Գեդէոնը վեր կացաւ, սպանեց Զեբէիին ու Սաղմանային եւ նրանց ուղտերի վզից մանեակներն առաւ։
22Իսրայէլի մարդիկ Գեդէոնին ասացին. «Իշխի՛ր մեզ վրայ դու եւ քո որդին ու քո որդու որդին, որովհետեւ դու մեզ փրկեցիր մադիամացիների ձեռքից»։ 23Գեդէոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրայ չեմ իշխի, եւ ոչ էլ իմ որդին կ’իշխի ձեզ վրայ, Տէ՛րը թող իշխի ձեզ վրայ»։
24Ապա Գեդէոնը նրանց ասաց. «Ձեզանից մի բան եմ խնդրում. ամէն մարդ իր աւարից մի գինդ թող տայ ինձ»։ Նրանք ոսկի գինդեր ունէին, քանի որ իսմայէլացիներ էին։ 25Նրանք ասացին. «Սիրով կը տանք»։ Եւ փռեցին նրա հանդերձներն, ու ամէն մարդ իր աւարի ոսկի գինդերը այնտեղ գցեց։ 26Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղաւ, բացի շռնչաններից, ապարանջաններից, պսակակալներից եւ ծիրանիներից, որոնք մադիամացիների թագաւորների վրայ կային, եւ բացի նրանց ուղտերի վզի ոսկի մանեակներից։ 27Գեդէոնը դրանցով եփուդ շինեց եւ դրեց այն իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայէլը նրան հետեւելով՝ այդ կուռքը պաշտեց, եւ դա Գեդէոնի ու նրա տան համար գայթակղութիւն եղաւ։
28Այսպէս մադիամացիներն ենթարկուեցին իսրայէլացիներին եւ այլեւս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդէոնի օրօք երկիրը հանգստացաւ քառասուն տարի։
ԳԵԴԷՈՆԻ ՄԱՀԸ
29Յովասի որդի Յերոբոաղը գնաց բնակուեց իր տանը։ 30Գեդէոնը եօթանասուն որդի էր սերնդագործել, որովհետեւ շատ կանայք ունէր։ 31Սիկիմում նրա ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, եւ Գեդէոնը նրա անունը Աբիմելէք դրեց։ 32Յովասի որդի Գեդէոնը մեռաւ խոր ծերութեան հասակում եւ թաղուեց իր հօր՝ Յովասի գերեզմանում, Եսրէի հօրը պատկանող Եփրայում։
33Երբ Գեդէոնը մեռաւ, իսրայէլացիները նորից բահաղիմեաններին հետեւելով՝ կուռքեր պաշտեցին եւ ուխտ դրին Բահաղ Բերիթի հետ, որ նա իրենց աստուածը դառնայ։ 34Իսրայէլացիները չյիշեցին իրենց Տէր Աստծուն, որ նրանց փրկեց իրենց շրջակայքի բոլոր թշնամիներից։ Նրանք Յերոբոաղի, այսինքն՝ Գեդէոնի տան հանդէպ երախտագէտ չեղան այն բոլոր բարեգործութիւնների դիմաց, որ նա արել էր Իսրայէլին։
Էջմիածին · HYEJB1994