Դատավորների գիրք

9

ԱԲԻՄԵԼԷՔԸ՝ ԹԱԳԱՒՈՐ

1Յերոբոաղի որդի Աբիմելէքը գնաց Սիկիմ իր մօր եղբայրների մօտ, խօսեց նրանց հետ եւ իր մօր հօրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց. 2«Բոլոր սիկիմացիներին ի լուր ասացէ՛ք. “Ո՞րն է լաւ ձեզ համար՝ Յերոբոաղի բոլոր եօթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրայ, թէ՞ մէկ մարդու իշխելը. եւ յիշեցէ՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ”»։ 3Նրա մօր եղբայրները նրա այս բոլոր խօսքերը հասցրին Սիկիմի բոլոր բնակիչների ականջին, եւ նրանց սիրտը հակուեց Աբիմելէքի կողմը, որովհետեւ ասացին, թէ՝ «Նա մեր եղբայրն է», 4եւ նրան տուին Բերիթի ուխտի տնից եօթանասուն արծաթ։ Դրանցով Աբիմելէքը դատարկապորտ եւ ահարկու մարդիկ վարձեց, որոնք եւ գնացին նրա ետեւից։ 5Նա գնաց Եփրա, իր հօր տունը եւ մի քարի վրայ կոտորեց իր եղբայրներին՝ Յերոբոաղի որդիներին՝ եօթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Յովաթամը՝ Յերոբոաղի կրտսեր որդին, որովհետեւ թաքնուել էր։ 6Սիկիմի բոլոր մարդիկ եւ Մաաղոնի ամբողջ տունը գնացին թագաւոր կարգեցին Աբիմելէքին Կռուի կաղնու մօտ, որ Սիկիմում է։

7Երբ լուրը հասաւ Յովաթամին, նա գնաց կանգնեց լերան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղաւ եւ ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, Սիկիմի՛ մարդիկ, եւ ձեզ կը լսի։ 8Ծառերը գնացին իրենց համար թագաւոր օծելու եւ ասացին ձիթենուն. “Թագաւորի՛ր մեզ վրայ”։ 9Ձիթենին նրանց ասաց. “Թողնեմ իմ պարարտութիւնը, որով փառաւորում են ինձ Աստուած եւ մարդիկ, եւ գնամ ծառերի՞ վրայ իշխեմ”։ 10Ծառերն ասացին թզենուն. “Եկ թագաւորի՛ր մեզ վրայ”։ 11Թզենին նրանց ասաց. “Իմ քաղցրութիւնն ու իմ լաւ պտուղները թողած՝ գնամ ծառերի՞ վրայ լինեմ”։ 12Ծառերն ասացին որթատունկին. “Եկ թագաւորի՛ր մեզ վրայ”։ 13Որթատունկը նրանց ասաց. “Իմ գինին եւ Աստծու ու մարդկանց ուրախութիւնը թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ”։ 14Ծառերն ասացին փշին. “Եկ թագաւորի՛ր մեզ վրայ”։ 15Փուշն ասաց ծառերին. “Եթէ իսկապէս դուք ինձ ձեզ վրայ թագաւոր էք , եկէք ծածկուեցէ՛ք իմ հովանու տակ, եթէ ոչ՝ փշից կրակ դուրս կը գայ եւ կ’ Լիբանանի մայրիները”։ 16Արդ, եթէ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք Աբիմելէքին թագաւոր դարձնելով, եթէ լաւ վարուեցիք Յերոբոաղի եւ նրա տան հետ, եթէ նրա ձեռքի գործերի համեմատ հատուցեցիք նրան... 17Իմ հայրը ձեր փոխարէն պատերազմեց, իր կեանքը չխնայեց եւ ձեզ ազատեց մադիամացիների ձեռքից։ 18Իսկ դուք այսօր ելաք իմ հօր տան դէմ եւ կոտորեցիք նրա որդիներին՝ եօթանասուն մարդ մի քարի վրայ եւ նրա աղախնի որդի Աբիմելէքին, - քանի որ նա ձեր եղբայրն է, - սիկիմացիների թագաւոր կարգեցիք։ 19Եթէ այսօր Յերոբոաղի եւ նրա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, օրհնուած լինէք դուք եւ ուրախացէ՛ք Աբիմելէքով, եւ նա էլ ձեզնով թող ուրախանայ։ 20Իսկ եթէ ոչ, թող Աբիմելէքից կրակ դուրս գայ եւ այրի Սիկիմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գայ Սիկիմի բնակիչներից ու Մաաղոնի տնից եւ այրի Աբիմելէքին»։ 21Յովաթամը փախաւ ու ազատուեց, գնաց Բերայի ճանապարհով եւ բնակուեց այնտեղ՝ թաքնուելով իր Աբիմելէքից։

ՍԻԿԻՄԻ ԸՄԲՈՍՏՈՒԹԻՒՆԸ ԱԲԻՄԵԼԷՔԻ ԴԷՄ

22Աբիմելէքն իշխեց Իսրայէլի վրայ երեք տարի։ 23Աստուած չար ուղարկեց Աբիմելէքի եւ Սիկիմի բնակիչների մէջ, եւ Սիկիմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելէքի տունը, 24որպէսզի Յերոբոաղի եօթանասուն որդիներին հասած անիրաւութիւնը նրա վրայ գայ, եւ նրանց արիւնը հասնի իրենց եղբայր Աբիմելէքի վրայ, որ նրանց կոտորեց, նաեւ Սիկիմի բնակիչների վրայ, որոնք զօրացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։ 25Սիկիմի բնակիչները նրա համար դարան պատրաստեցին լեռների կատարներին եւ կողոպտում էին բոլորին, ովքեր անցնում էին նրանց մօտի ճանապարհով։ Լուրը հասաւ Աբիմելէքին։ 26Իսկ Աբեդդի որդի Գաաղը եւ նրա եղբայրները եկան մտան Սիկիմ, եւ Սիկիմի բնակիչներն ապաւինեցին նրան։ 27Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին եւ անիծեցին Աբիմելէքին։ 28Աբեդդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիքէմի որդին ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. նա Յերոբոաղի որդին չէ՞, եւ իր ծառայ Զեբուղը նրա վերակացուն չէ՞։ Սիքէմի հօր՝ Եմորի մարդկանց հետ, ինչո՞ւ համար նրան ծառայենք։ 29Երանի թէ այս ժողովրդին իմ ձեռքը տային, եւ ես հեռացնէի Աբիմելէքին եւ ասէի նրան. “Զօրքերդ շատացրո՛ւ եւ դո՛ւրս եկ իմ դէմ”»։

30Քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդդի որդի Գաաղի խօսքերը եւ բարկութեամբ լցուեց։ 31Նա Աբիմելէքի մօտ պատգամաւորներ ուղարկեց նուէրներով եւ ասաց. «Ահա Աբեդդի որդի Գաաղն ու նրա եղբայրները եկել են Սիկիմ եւ քաղաքը պաշարում են, որ հանեն քո դէմ։ 32Հիմա դու եւ քեզ հետ եղող զօրքը գիշերը վե՛ր կացէք եւ դարանամո՛ւտ եղէք դաշտում։ 33Առաւօտեան, հէնց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կացէք եւ քաղաքի վրայ յարձակուեցէ՛ք։ Երբ նա եւ նրա հետ եղող զօրքը դուրս գան քո դէմ, նրա հետ արա՛ այն, ինչ որ ձեռքիցդ կը գայ»։ 34Աբիմելէքը եւ նրա հետ եղող զօրքը գիշերով վեր կացան եւ չորս գնդով դարան մտան Սիկիմի մօտ։ 35Առաւօտեան Աբեդդի որդի Գաաղը դուրս եկաւ եւ կանգնեց քաղաքի դարպասի առաջ։ Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը դուրս եկան դարաններից։ 36Աբեդդի որդի Գաաղը տեսնելով զօրքը՝ Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զօրք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Լեռների ստուերն ես տեսնում դու եւ մարդկանց տեղ ես դնում»։ 37Գաաղը նորից խօսեց եւ ասաց. «Ահա զօրք է իջնում երկրի պորտից դէպի ծովի կողմը, եւ մի գունդ էլ գալիս է Դիտանոցների կաղնու ճանապարհով»։ 38Զեբուղը նրան ասաց. «Հիմա ո՞ւր է քո բերանը, որն ասում էր, թէ ո՞վ է Աբեմելէքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զօրքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց եւ նրա հետ պատերազմի՛ր»։ 39Գաաղը դուրս եկաւ Սիկիմի բնակիչների առաջ եւ կռուեց Աբիմելէքի դէմ։ 40Աբիմելէքը նրան հալածեց, նա փախաւ նրա առաջից, եւ շատ վիրաւորներ ընկան մինչեւ քաղաքի դարպասները։ 41Աբիմելէքը մնաց Արիմում, իսկ Զեբուղը Գաաղին եւ նրա եղբայրներին քշեց, որ Սիկիմում չբնակուեն։ 42Յաջորդ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկաւ. դա իմացաւ Աբիմելէքը։ 43Նա առաւ զօրքը, երեք գնդի բաժանեց եւ նրանց հետ դարան մտաւ։ Նա տեսաւ, որ զօրքը դուրս է գալիս քաղաքից, յարձակուեց նրանց վրայ եւ ջարդեց նրանց։ 44Աբիմելէքը եւ նրա հետ եղող գնդերը կռուեցին եւ կանգնեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ երկու գնդերը յարձակուեցին դաշտում գտնուողների վրայ եւ ջարդեցին նրանց։ 45Աբիմելէքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դէմ. նրանք գրաւեցին քաղաքը եւ նրա մէջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին եւ այնտեղ ցանեցին։

46Այս լսեցին Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, եկան Բերիթի տան ամրոցը։ 47Աբիմելէքին լուր հասաւ, որ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ հաւաքուել են։ 48Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը բարձրացան Սելմոն լեռը, Աբիմելէքը կացինն իր ձեռքն առաւ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրայ եւ ասաց իր զօրքին. «Տեսաք, թէ ես ինչ արեցի, դուք էլ անմիջապէս նոյնը արէք»։ 49Նրանցից իւրաքանչիւրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելէքի ետեւից. փայտը դրին ամրոցի վրայ եւ ամրոցը հրով այրեցին։ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, մօտ հազար մարդ՝ տղամարդ եւ , մեռան։

ԹԵԲԷՍԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ ԵՒ ԱԲԻՄԵԼԷՔԻ ՄԱՀԸ

50Աբիմելէքը գնաց Թեբէս, պաշարեց եւ գրաւեց այն։ 51Քաղաքի մէջ մի ամուր աշտարակ կար, բոլոր տղամարդիկ եւ կանայք ու քաղաքի բոլոր գլխաւորները փախան այնտեղ, փակեցին դուռը ներսից եւ բարձրացան աշտարակի կտուրը։ 52Աբիմելէքը եկաւ մինչեւ աշտարակը, կռուեց դրա դէմ եւ մօտեցաւ աշտարակի դռներին։ 53Մի կին երկանաքարի մի կտոր գցեց նրա գլխին եւ ջարդեց Աբիմելէքի գանգը։ 54Աբիմելէքն իսկոյն ձայն տուեց իր կապարճակիր պատանուն եւ նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը եւ սպանի՛ր ինձ. չլինի, թէ ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, եւ Աբիմելէքը մեռաւ։ 55Իսրայէլացիները տեսան, որ Աբիմելէքը մեռաւ. նրանցից ամէն մէկը գնաց իր տեղը։

56Այսպէս Աստուած Աբիմելէքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հօր դէմ՝ կոտորելով իր եօթանասուն եղբայրներին։ 57Սիկիմի մարդկանց բոլոր չարագործութիւններն Աստուած նրանց գլխին թափեց, եւ Յերոբոաղի որդի Յովաթամի անէծքը նրանց գլխին եկաւ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն