Հուդիթ

1

ՅՈՒԴԻԹ[*]

ՊԱՏԵՐԱԶՄ ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐԻ

ԵՒ ԱՐՓԱՔՍԱԴԻ ՄԻՋԵՒ

1Մեծ Նինուէում ասորեստանցիների թագաւոր Նաբուքոդոնոսորի թագաւորութեան տասներկուերորդ տարում, մարերի վրայ եկբատանցիների երկրում թագաւորում էր Արփաքսադը։ 2Այդ ժամանակ նա այնտեղ քաղաք կառուցեց եւ եկբատանցիների շուրջը կոփածոյ քարերով պարիսպ դրեց, որի լայնութիւնը երեք կանգուն էր, երկարութիւնը՝ վեց կանգուն. նա պարսպի բարձրութիւնը եօթանասուն կանգուն արեց, իսկ լայնութիւնը՝ յիսուն կանգուն։ 3Քաղաքի դարպասների երկու կողմերում հիմքերով ամրացրեց աշտարակներ, որոնց երկարութիւնը հարիւր կանգուն էր, իսկ հիմքի լայնութիւնը՝ վաթսուն կանգուն։ 4Նա էլի դարպասներ դրեց, որպէսզի իր հրամանով իր հզօր զօրքերը, զօրավարներն ու հետեւակները դուրս ելնեն։ Այդ դարպասների բարձրութիւնը եօթանասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քառասուն կանգուն։

5Այն օրերին Նաբուքոդոնոսոր արքան սկսեց Արփաքսադ արքայի դէմ մի մեծ դաշտում, որ Ռագաւի սահմանի մէջ է։ 6Նրա մօտ հաւաքուեցին լեռնակողմի բնակիչները եւ բոլոր նրանք, ովքեր բնակւում էին Եփրատ, Տիգրիս եւ Հիւդասպ գետերի շրջակայքում եւ ելիմացիների Արիոք արքայի դաշտում։ Եւ շատ ժողովուրդներ հաւաքուեցին Քիլոթի որդիների դէմ պատերազմ տալու համար։

7Ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքան սուրհանդակներ ուղարկեց Պարսկաստանի բնակիչների եւ արեւմտեան կողմի բնակիչների մօտ, նաեւ՝ Կիլիկիայի, Դամասկոսի, Լիբանանի եւ բոլոր այն բնակիչների մօտ, որ բնակւում էին ծովեզերքի դէմյանդիման, նաեւ՝ նրանց մօտ, 8որ կարմելացիների ազգից էին, Գաղաադից, Վերին Գալիլիայից, Եզրայէլի մեծ դաշտից 9եւ բովանդակ Սամարիայից, նաեւ նրանց մօտ, որ Սամարիայի քաղաքներում էին եւ Յորդանան գետի միւս կողմը, մինչեւ եւ Բետան, մինչեւ Քելուս եւ Կադէս, եգիպտացիների գետը, Տափնաս եւ Ռամեսսէ, 10մինչեւ Գեսեմի ամբողջ երկիրը, մինչեւ Վերին Մեմփիս եւ Տանիս, նաեւ՝ Եգիպտոսի բոլոր բնակիչների մօտ, մինչեւ եթովպացիների սահմանը։ 11Երկրի բոլոր բնակիչները ապստամբելով արհամարհեցին ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքայի խօսքերը եւ չյօժարեցին նրա հետ պատերազմի գնալ, որովհետեւ չվախեցան նրանից, եւ նրա սուրհանդակները նրանց առջեւ արհամարհուեցին ու խիստ անարգուեցին։ 12Նաբուքոդոնոսորը սաստիկ բարկացաւ երկրի վրայ եւ այսպէս երդուեց իր թագաւորութեան ու իր աթոռի վրայ. «Ես վրէժ պիտի առնեմ, - ասում է, - կիլիկեցիների լեռներից, դամասկացիներից եւ ասորեստանցիներից ու իմ սրով պիտի ոչնչացնեմ Մովաբի բնակիչներին, ամոնացիներին, ամբողջ Հրէաստանը, բոլոր եգիպտացիներին մինչեւ երկու ծովերի սահմանները»։

13Եւ տասնեօթներորդ տարում նա պատրաստուեց եւ իր բովանդակ զօրութեամբ յարձակուեց Արփաքսադ արքայի վրայ, ուժեղացաւ իր պատերազմի մէջ եւ վերցրեց Արփաքսադի ամբողջ ռազմական ուժը՝ նրա բոլոր երիվարները, բոլոր զէնքերը, նրա կառքերը, 14տիրեց նրա քաղաքներին, հասաւ մինչեւ Եկբատան, գրաւեց նրա աշտարակները, քանդեց ու աւերեց նրա հրապարակները եւ նրա գեղեցկութիւնը նախատինք դարձրեց նրա համար։ 15Նաբուքոդոնոսորը բռնեց Արփաքսադին Ռագաւի սահմանի վրայ եւ իր սրով սպանեց նրան. 16նա այնտեղից յետ դարձրեց իր զօրքերը նրա հետ եկած բազմաթիւ այլազգիների հետ միասին։ Եւ այնտեղ ինքն ու իր զօրքը հարիւր քսան օր հանգստութեան եւ ուրախութեան մէջ էին։

Էջմիածին · HYEJB1994