Հուդիթ

12

ՅՈՒԴԻԹԸ ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿՈՒՄ

1Հողոփեռնէսը հրամայեց տանել նրան ճաշասենեակ, հրամայեց, որ նա օգտուի իր սեղանի կերակուրներից եւ այնտեղի գինուց, որ ինքն էր խմում։ 2Յուդիթը նրան ասաց. «Ես դրանցից չեմ ուտի, որպէսզի ինձ համար գայթակղութիւն չլինեն, այլ հրամա՛ն տուր ուտել այն, ինչ բերել են այն քաղաքից ինձ համար»։ 3Հողոփեռնէսը նրան ասաց. «Եթէ այն պակասի, քեզ որտեղի՞ց տանք դրանց նմանը, քանզի քո ազգից ոչ ոք չկայ մեր մէջ»։ 4Յուդիթը նրան ասաց. «Ապրած կենաս, տէ՛ր իմ, քո աղախինը չի վերջացնի այն կերակուրը, որ բերուած է ինձ հետ, մինչեւ որ իմ ձեռքով անեմ այն, ինչի մասին խօսուեց։ Հողոփեռնէսի ծառաները նրան տարան վրան։ Նա այնտեղ քնեց մինչեւ կէսգիշեր։ Առաւօտեան պահին Յուդիթը վեր կացաւ 5եւ մարդ ուղարկեց Հողոփեռնէսի մօտ՝ ասելու. «Թող իմ տէրը հրամայի թոյլ տալ իր աղախնին աղօթքի դուրս գալ»։ 6Հողոփեռնէսը պահապաններին հրամայեց չարգելել նրան։ Յուդիթը երեք օր այնտեղ էր՝ բանակում։ 7Նա գիշերը դուրս էր գալիս Բետիղուայի ձորը եւ լուացւում էր բանակում աղբիւրի ջրով, ըստ հրեաների սովորութեան։ 8Երբ նա լուացւում էր, Իսրայէլի Տէր Աստծուն աղօթում էր, որ յաջողութիւն տայ իր ճանապարհին՝ իր ժողովրդի փրկութեան համար։ 9Նա մաքրուած էր մտնում վրանը, իսկ կերակուրը երեկոյեան վերցնում տանում էին իր մօտ։

ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ԽՆՋՈՅՔԸ

10Չորրորդ օրը Հողոփեռնէսը միայն իր ծառաների համար խնջոյք արեց եւ խնջոյքի չկանչեց օտարներից եւ ոչ մէկին, որ այնտեղ էին։ Նա ասաց Բագուին՝ իր ներքինուն, որը նրա ամբողջ ունեցուածքի հաւատարիմ տնտեսն էր. «Գնա՛ դու, համոզի՛ր, - ասում է, - եբրայեցի կնոջը, որը քեզ մօտ է, որ գայ ուտելու ու խմելու մեզ հետ։ 11Ամօթ է մեզ՝ թողնել այդպիսի կնոջը ու բոլորովին չխօսել նրա հետ։ Արդ, եթէ չկանչենք նրան եւ չմօտեցնենք մեզ, գուցէ նա ծաղրի մեզ»։ 12Բագուն ելաւ Հողոփեռնէսի մօտից, մտաւ Յուդիթի մօտ ու ասաց նրան. «Ո՛վ դու, գեղեցի՛կ աղախին, մի՛ յապաղիր գալ իմ տիրոջ մօտ, փառաւորուել նրա կողմից ու նրա կողքին, մեզ հետ միասին, խմել ուրախութեան գինին։ Դու այսօր կը լինես իբրեւ ասորեստանցիների դուստրերից մէկը, որ սպասաւորում է Նաբուքոդոնոսոր արքային»։ 13Յուդիթը նրան ասաց. «Ո՞վ եմ ես, որ ընդդիմանամ իմ տիրոջը, 14որովհետեւ ամէն ինչ, որ հաճելի է քո աչքին, փութով կատարում եմ, եւ դա ինձ համար ցնծութիւն կը լինի մինչեւ իմ մահուան օրը»։ 15Նա վեր կացաւ, զարդարուեց կանացի իր զարդերով. նրա նաժիշտը ներս մտաւ ու Հողոփեռնէսի դէմյանդիման նրա համար բազմելու մորթի փռեց գետնին, որ նա Բագուից էր ստացել ամենօրեայ օգտագործման համար։ Յուդիթը բազմեց դրա վրայ։ 16Հողոփեռնէսը յափշտակուեց նրա տեսքից, նրա հոգին խռովուեց նրան ունենալու մեծ ցանկութիւնից։ Այն օրից, ինչ տեսել էր նրան, Հողոփեռնէսն առիթ էր փնտռում հրապուրելու նրան։ 17Հողոփեռնէսն ասաց. «Դու խմի՛ր եւ մեզ հետ ուրա՛խ եղիր»։ 18Յուդիթն ասաց. «Այո՛, տէ՛ր, որովհետեւ այսօր իմ կեանքը մեծարուեց աւելի, քան իմ ծննդից սկսած բոլոր օրերին»։ 19Եւ Յուդիթը նրա առջեւ վերցնում, ուտում, խմում էր, ինչ նրա համար պատրաստում էր իր աղախինը։ 20Հողոփեռնէսն ուրախացաւ դրանից ու այնքան շատ խմեց, ինչքան նա չէր խմել իր ծննդեան օրից։

Էջմիածին · HYEJB1994