Հուդիթ
15
ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՆԱՀԱՆՋԸ
1Ովքեր վրանում էին, երբ լսեցին կատարուած բաների մասին, ապշեցին, 2ու նրանց վրայ սաստիկ ահ ու դող ընկաւ։ Ապա ոչ մի մարդ չմնաց իր ընկերոջ մօտ, 3եւ բոլորը խուճապով փախուստի դիմեցին դէպի դաշտի ու լերան կողմերը, որ գտնւում էին Բետիղուայի շուրջը։ 4Այնտեղից էլ դարձեալ փախան։ Դրանից յետոյ իսրայէլացիներից իւրաքանչիւր պատերազմող տղամարդ յարձակուեց նրանց վրայ։
5Օզիան սուրհանդակներ ուղարկեց Բետմեսթեմ, Քոբա, Կոլա եւ Իսրայէլի բոլոր սահմանները՝ աւետելու կատարուած բաների մասին, որպէսզի բոլորը միասին հաւաքուեն ու հետապնդեն նրանց՝ ոչնչացնելու համար։ 6Երբ իսրայէլացիները լսեցին, բոլորը միասին յարձակուեցին նրանց վրայ, կոտորեցին ու հալածեցին մինչեւ Քոբա։ Այդպէս արեցին նաեւ երուսաղէմացիները։ Բոլոր նրանք, ովքեր լեռնակողմից էին եկել, նրանց պատմեցին այն, ինչ եղել էր բանակում։ Սրանք Գաղաադից ու Գալիլիայից էին. հասան, յարձակուեցին եւ քշեցին նրանց՝ հասցնելով մինչեւ Դամասկոս ու նրա սահմանները։ 7Բետիղուայի միւս բնակիչները ելան ու յարձակուեցին բանակ դրած ասորեստանցի բնակիչների վրայ՝ աւարելու եւ կողոպտելու համար։ Նրանք վերցրին բանակի այդ կողոպուտը, որով խիստ յղփացան ու հարստացան Բետիղուայի բնակիչները։ 8Իսրայէլացիները կոտորածից վերադարձան եւ սկսեցին հաւաքել սպանուածների կողոպուտը։ Լեռնակողմի ու դաշտակողմի գիւղերի ու ագարակների բնակիչներն էլ եկան հաւաքեցին աւարի մնացորդները։ 9Յովակիմ մեծ քահանան ու իսրայէլացիների ծերակոյտը, որ բնակւում էին Երուսաղէմում, եկան տեսնելու այն բարիքը, որ Տէր Աստուած արեց Իսրայէլին, տեսնելու նաեւ Յուդիթին եւ ողջունելու նրան։ 10Եւ երբ ներս մտնելով տեսան նրան՝ բոլորը միաբերան օրհնեցին նրան ու ասացին. «Դու Երուսաղէմի հպարտութիւնն ես, դու Իսրայէլի ցնծութիւնն ես, դու մեր ազգի պարծանքն ես, 11որովհետեւ քո ձեռքով արեցիր այս ամբողջ բարիքն Իսրայէլին, եւ Աստուած հաւանեց դրանք. յաւիտենապէս օրհնեալ լինես դու Ամենակալ Աստծուց»։ 12Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի»։
13Երեսուն օր ժողովուրդը կրում էր բանակի աւարը։ Յուդիթին տուեցին Հողոփեռնէսի վրանը եւ վրանի ամբողջ արծաթն ու կահոյքը, նրա ամբողջ ոսկէ ու արծաթէ սպասքը։ Նա վերցնելով այդ՝ բարձեց իր սայլի, իր գրաստների վրայ եւ քաղաք բերեց։ 14Նրա մօտ եկան իսրայէլացիների բոլոր կանայք՝ նրան տեսնելու. նրանք օրհնեցին նրան եւ նրա համար նուագում էին ու պարելով երգում։ Յուդիթը վերցնելով արմաւենու ոստեր ձիթենու ծաղիկների հետ՝ տալիս էր նրանց։ 15Ուրիշ կանայք եւս յայտնի վայրերից խմբերով գալիս էին գովելու նրան։ Բոլոր իսրայէլացիները զարդարուած գնում էին նրանց յետեւից՝ իրենց գլուխներին դրած տեսակ-տեսակ պսակներ. նրանց բոլորի բերանում օրհնութիւն կար՝ Աստծուն փառաբանելու համար։