Հուդիթ

16

ՅՈՒԴԻԹԻ ԵՐԳԸ

1Յուդիթն սկսեց երգել այս երգը, եւ ամբողջ Իսրայէլը ձայնակցում էր նրան։ Յուդիթն այսպէս էր ասում.

2«Երգեցէ՛ք Տիրոջ համար թմբուկներով, օրհնեցէ՛ք նրան ծնծղաներով, երգեր եւ օրհնութիւններ ուղղեցէ՛ք նրան։ Փառաբանեցէ՛ք նրան եւ կանչեցէ՛ք նրա անունը,

3որովհետեւ Տէր է եւ խորտակում է պատերազմները,

4նա իր բանակներն է դնում ժողովուրդների մէջ. նա՛ ինձ փրկեց իմ հալածիչների ձեռքից։

5Ասորեստանը եկաւ հիւսիսային լեռներից, եկաւ իր բիւրաւոր զօրքերով. նրանց բազմութիւնը ծածկեց ձորերը, երիվարների բազմութիւնը ծածկեց բլուրները,

6նա ասաց, որ հրի է մատնելու իմ սահմանները, իմ երիտասարդներին ոտնատակ է , իմ տղաներին աւարի է մատնելու եւ իմ կոյսերին գերի վարելու։

7Ամենակալ Տէր Աստուածը նրանց կործանեց կնոջ ձեռքով,

8որովհետեւ նրանց հզօր այրը ոչ թէ երիտասարդների ձեռքով ընկաւ, ոչ թէ տիտանների որդիները նրան սատակեցրին, ոչ թէ բարձրահասակ հսկաները յարձակուեցին նրա վրայ, այլ՝ Յուդիթը՝ Մերարիի դուստրը. նրա դէմքի գեղեցկութիւնը խաբեց նրան։

9Նա հանեց իր այրիութեան զգեստները՝ բարձրացնելու համար նրանց, ովքեր ծեծուած էին Իսրայէլի մէջ։

10Նա անուշ իւղերով օծեց իր երեսը եւ իր գլուխը զարդարեց իր զարդերով։

11Բեհեզեայ զգեստ հագաւ հրապուրելու համար։ Զօրապետի սիրտը զմայլուեց նրա կօշիկների գեղեցկութիւնից, նրա նրբագեղութիւնը գերեց նրա հոգին, եւ դաշոյնը կտրեց նրա պարանոցը։

12Պարսիկները դողացին նրա քաջասրտութիւնից, եւ մարերը շփոթուեցին նրա արիութիւնից։

13Այն ժամանակ աղաղակեցին իմ տառապեալները, իմ հիւանդները գոչեցին բարձրաձայն, եւ նրանք պարտուեցին. բարձրացաւ իրենց ձայնը, եւ նրանք վհատուեցին։

14Թոյլ կանանց որդիներ համարուածները խոցոտեցին նրանց, տնանկ պանդուխտների որդիներ համարուածները կոտորեցին նրանց, եւ նրանք ոչնչացան իմ Տիրոջ գրոհից։

15Նոր երգ եմ երգելու իմ Տէր Աստծուն։

16Տէ՛ր, մեծ ես դու եւ փառաւորեալ, սքանչելի ես աննուազ զօրութեամբ։

17Թող քեզ ծառայեն քո բոլոր արարածները, որովհետեւ դու ասացիր՝ եւ նրանք գոյացան, դու առաքեցիր քո Հոգին՝ եւ նրանք ընդունեցին այն ու կազմաւորուեցին, եւ ոչ ոք չկայ, որ հակառակ լինի քո ձայնին։ 18Լեռներն իրենց հիմքով ջրերի հետ միասին սասանուեցին, ժայռերը մոմի նման հալուեցին քո դէմքի առջեւ, բայց դու քաւիչ ես նրանց համար, ովքեր երկիւղ են կրում քեզնից, քանզի անուշ բուրմունքի համար փոքր է իւրաքանչիւր , եւ չնչին՝ այն ճարպը, որ քեզ համար ողջակէզ է,

19սակայն յաւիտեանս մեծ է նա, ով երկիւղած է։

20Վա՜յ այն ազգերին, ովքեր կը յարձակուեն մեր ազգի վրայ. Ամենակալ Տէրը դատաստանի օրը վրէժխնդիր կը լինի նրանցից։

21Նա կրակի կը մատնի ու որդերի ճարակ կը դարձնի նրանց մարմինները, եւ նրանք սգի մէջ լաց կը լինեն յաւիտեան»։

ՅՈՒԴԻԹԻ ՄԱՀԸ

22Երբ նրանք գնացին, Աստծուն երկրպագեցին, ու երբ ժողովուրդը մաքրուեց, հանեցին իրենց ողջակէզները, կամաւոր զոհերը եւ իրենց ընծաները։ 23Յուդիթը բերեց ու նուիրեց Հողոփեռնէսի ամբողջ ունեցուածքը, այն ընծայաբերեց Տէր Աստծուն։ 24Երուսաղէմում երեք ամիս ժողովուրդն ուրախանում էր սրբարանի դէմյանդիման, եւ Յուդիթը նրանց հետ էր։ 25Այդ օրերից յետոյ իւրաքանչիւրը գնաց իր կալուածքը, Յուդիթն էլ գնաց Բետիղուա եւ պահում էր իր տունը։ 26Այդ ժամանակից ի վեր նրա անունը փառաբանւում էր ամբողջ երկրում։ 27Նրա ամուսնու՝ Մանասէի մահից ու գերեզմանում նրա թաղուելուց յետոյ շատերը ամուսնանալ նրա հետ նրա կեանքի բոլոր օրերին։ 28Յուդիթն օրըստօրէ մեծարւում եւ փառաբանւում էր։ Նա ծերացաւ իր ամուսնու տանը՝ ապրելով հարիւր հինգ տարի։ Նա ազատ արձակեց իր նաժշտին։ Յուդիթը մեռաւ Բետիղուայում, եւ նրան թաղեցին իր ամուսնու՝ Մանասէի շիրմի մօտ։ 29Իսրայէլի ամբողջ տունը եօթն օր սուգ արեց նրա վրայ։ մահանալուց առաջ նա իր ինչքերը բաժանեց բոլորին, ովքեր իր ամուսնու՝ Մանասէի ազգականներն էին, նաեւ բաժանեց բոլոր նրանց, ովքեր իր մերձաւորներն էին։ 30Յուդիթի ապրած օրերին եւ նրա մահից շատ օրեր յետոյ էլ չկար մէկը, որ վախ պատճառէր իսրայէլացիներին։

Էջմիածին · HYEJB1994