Հուդիթ
2
ԱՐՇԱՒԱՆՔ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԴԷՄ
1Տասնութերորդ տարում, առաջին ամսի տասներկուերորդ օրը Նաբուքոդոնոսորը իր զօրքերի հանդէսն արեց եւ նրանց հետ մտածում էր վրէժ առնել ամբողջ երկրից։ 2Նա կանչեց իր բոլոր մեծամեծներին եւ իր կուսակալներին ու նրանց յայտնեց իր մտադրութիւնները։ 3Նա իր բերանով, ի լուր զօրականների, յայտնեց այն բոլոր չարիքների մասին, որ պիտի բերի երկրի դէմ։ 4Նրանք, պատասխան տալով, ասացին. «Թագաւորին հակառակ ամէն մարդ կը սպանուի, նաեւ՝ նա, ով չի հնազանդուի նրա հրամաններին»։ 5Եւ երբ ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքան կատարեց իր մտադրութիւնները, կանչեց իր բոլոր զօրքերի սպարապետ Հողոփեռնէսին եւ ասաց նրան. «Այսպէս է ասում մեծ արքան, այս ամբողջ երկրի տէրը. ահաւասիկ դու դուրս կ’ելնես իմ մօտից եւ կ’ընտրես ու կը վերցնես քեզ հետ նրանց, ովքեր վստահ են իրենց հզօրութեան վրայ. հարիւր քսան հազար հետեւակ եւ տասներկու հազար հեծեալների մեծաքանակ բազմութիւն։ Դու կը գնաս արեւմտեան կողմը, որովհետեւ նրանք անտեսեցին իմ հրամանները։ Նրանց կը պատուիրես, որ հող ու ջուր պատրաստեն, եւ ես զայրոյթով նրանց վրայ կը դիմեմ, իմ զօրքերով ամբողջ երկրի երեսը կը ծածկեմ, ոտքի կոխան կը դարձնեմ այն, եւ նրանք կը մատնուեն կողոպուտի իմ բոլոր զօրքերի կողմից։ Նրանց ձորերն ու կիրճերը կը լցուեն իրենց վիրաւորներով, գետերը կը յորդեն նրանց արիւնից, եւ ես երկրի բոլոր ծայրերից սկսած նրանց գերութեան կը տանեմ։ Իսկ դու կ’ելնես, ինձ համար կը տիրես եւ կը պաշարես նրանց սահմանները, յետոյ իրենք կը յանձնուեն քեզ, եւ դու նրանց կը պահես ինձ համար մինչեւ այն օրը, երբ ես կը դատապարտեմ ու կը կշտամբեմ նրանց։ 6Իմ աչքը չի խնայի նրանց, ովքեր անտեսեցին ինձ, երբ ես ասում էի, թէ՝ “Մահուան կը մատնեմ ձեզ եւ կողոպուտի՝ ձեր ամբողջ երկիրը”։ Ահա կենդանի եմ ես իմ զօրութեամբ, ասացի եւ կ’անեմ այն ամէնը, ինչ իմ կամքն է։ Եւ դու ոչ մի բանով զանց մի՛ առ այն հրամանը, որ տուի քեզ, այլ՝ խստօրէն կատարի՛ր այն բոլորը, ինչ ասացի քեզ եւ մի՛ դանդաղիր անել այդ»։
7Հողոփեռնէսը ելաւ իր տիրոջ մօտից, իր մօտ կանչեց Ասորեստանի բոլոր իշխաններին եւ զօրապետերին. պատերազմի համար նա նրանցից ընտրում եւ հաշւում էր այրեր ինչպէս իր տէրն էր հրամայել իրեն. հարիւր քսան հազար աղեղնաւոր, քսան հազար հեծելազօրայիններ։ 8Նա նրանց դասաւորեց ու պատրաստեց՝ ճակատելու համար պատերազմում։ Նա վերցրեց մեծ քանակութեամբ ուղտեր եւ գրաստներ՝ կահկարասի բարձելու համար, նաեւ անթիւ ոչխարների հօտեր, արջառներ եւ այծերի երամակներ՝ զօրքը կերակրելու համար։ 9Ճանապարհի համար բոլորին պաշար տուեց, 10նաեւ՝ թագաւորական տնից՝ մեծաքանակ ոսկի եւ արծաթ։ 11Ինքն ու իր ամբողջ զօրքը պատերազմի ելան, որպէսզի նախապատրաստեն թագաւորին՝ դուրս գալու եւ երկրի արեւմտակողմի ամբողջ երեսը ծածկելու մարտակառքերով, երիվարներով եւ ընտիր հետեւակով։ Նրանք, ովքեր խառնուել էին նրա զօրքերին, նման էին մորեխի պարսի եւ երկրի աւազի, որովհետեւ թիւ չկար նրանց բազմութեանը։ 12Նրանք գնացին Նինուէ քաղաքից, երեք օրուայ ճանապարհ անցնելով հասան Բեկեղիթի դաշտը եւ բանակ դրեցին Վերին Կիլիկիայի ձախակողմում գտնուող լերան մօտ։ Հողոփեռնէսը վերցնելով իր բովանդակ զօրքը, հեծեալները, հետեւակը, զէնքերն ու կառքերը՝ գնաց դէպի լեռնակողմը։ 13Նա գրաւեց Փուդն ու Լուդը, ոչնչացրեց եւ աւարի մատնեց Ռամասի եւ Իսմայէլի ցեղերին, որոնք բնակւում էին անապատում, Քիլոնի հարաւակողմում։ 14Անցաւ Եփրատ գետը, անցաւ միջագետքով եւ կործանեց Աբրոնի ձորից մինչեւ ծովի սահմանը գտնուող բարձրադիր քաղաքները։ 15Հասնելով եւ գրաւելով Կիլիկիայի սահմանները՝ նա կոտորեց բոլոր իրեն դիմադրողներին։ Եկաւ մինչեւ Յափեթի հարաւակողմի սահմանը, որ Արաբիայի դիմաց է։ 16Շրջափակեց Մադիամի բոլոր որդիներին եւ հրոյ ճարակ դարձրեց նրանց բնակարաններն եւ վրանները, աւերեց, քանդեց նրանց հօտերի բոլոր գոմերը։ 17Նա ցորենի հնձի օրերին իջաւ Դամասկոսի դաշտը եւ հրոյ ճարակ դարձրեց նրանց հանդերն ու ագարակները, ոչնչացրեց նրանց հօտերն ու նախիրները, աւարի մատնեց նրանց քաղաքները, կոտորեց նրանց մանուկներին եւ սրի բերան անցկացնելով՝ հարուածեց, սպանեց նրանց երիտասարդներին։ 18Եւ ահ ու երկիւղ ընկաւ Տիւրոսի եւ Սիդոնի ծովեզերքի բնակիչների մէջ, նաեւ Սուրի եւ Իւկինի բնակիչների մէջ, նաեւ Յեմնանի բոլոր բնակիչների մէջ։ Իսկ նրանք, ովքեր բնակւում էին Ազոտոսում եւ Ասկաղոնում, խիստ վախեցան նրանից։