Հուդիթ

4

ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

1Երբ իսրայէլացիները եւ Հրէաստանի բնակիչները լսեցին այն ամենի մասին, ինչ արեց ասորեստանցիների արքայի զօրապետ Հողոփեռնէսը ազգերին եւ հեթանոսներին, թէ ինչպէս քանդեց եւ պղծեց նրանց բոլոր մեհեանները, 2խիստ վախեցան նրանից եւ տագնապեցին Երուսաղէմի ու իրենց Աստծու Տան համար, որովհետեւ այդ ժամանակ նոր էին վերադարձել իրենց գերութիւնից, դեռ նոր էին հաւաքուել Հրէաստանում եւ իրենց Տէր Աստծու սեղանը, սպասքը եւ Տունը նոր էին սրբել պղծութիւնից։ 3Նրանք մարդիկ ուղարկեցին Սամարիայի, , Բելմայի, Երիքովի, Քոքի, Սոմայի բոլոր սահմանները եւ Սաղէմի հովիտները։ 4Նրանք հասան եւ գրաւեցին բոլոր բարձր լեռների գագաթները, պարսպեցին նրանց մէջ գտնուող գիւղերը եւ պատերազմելու համար պաշար հաւաքեցին, որովհետեւ այն ժամանակ նոր էին հնձուել նրանց դաշտերը։ 5Մեծ քահանայ Յովակիմը, որ այն օրերին Երուսաղէմում էր, գրեց Բետիլուի եւ Եզրոմի, Դոթայիմին մօտիկ դաշտի հանդիպակաց կողմում գտնուող Բեթոմեսթի բնակիչներին եւ ասաց. 6«Ելէք գրաւեցէ՛ք լեռնանցքի կողմը» (որովհետեւ այնտեղ էր գտնւում մուտքը դէպի Հրէաստան, եւ իրենց համար հեշտ կը լինէր խոչընդոտել նրանց, քանզի կիրճերի անցումներն այնքան նեղ էին, որ երկու մարդ կարող էին պահել)։ 7Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս հրամայել էին մեծ քահանայ Յովակիմը եւ Երուսաղէմում նստող Իսրայէլի ժողովրդի ծերակոյտը։ 8Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց ամբողջ սրտով կանչեցին Տիրոջը եւ իրենք ու իրենց կանայք խոնարհեցրին իրենց անձերը։ 9Բոլոր պանդուխտներն ու վարձկանները իրենց անասուններով հաւաքուեցին մի տեղ, եւ արծաթով գնուած նրանց ծառաները քուրձ գցեցին իրենց մէջքին։ 10Երուսաղէմում բնակուող Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց կանանցով եւ երեխաներով Տիրոջ տաճարի առջեւ ծնկի իջած աղաչում էին նրան, մոխիր էին ցանում իրենց գլխին, Տիրոջ առջեւ հանում էին իրենց քրձերը, սրբութեան սեղանը ծածկում քրձով եւ միասին ամբողջ սրտով կանչում էին Իսրայէլի Աստծուն, որպէսզի իրենց որդիներին չմատնի յափշտակութեան, իրենց կանանց՝ աւարի եւ իրենց ժառանգութիւն մնացած քաղաքները՝ ոչնչացման, սրբութիւնը չմատնի պղծութեան եւ իրենց՝ հեթանոսների նախատինքին ու ծաղրին։ Տէրը լսեց նրանց ձայնը եւ տեսաւ նրանց նեղութիւնները։ Ամբողջ Հրէաստանի ու Երուսաղէմի ժողովուրդը շատ օրեր պահեցողութեան մէջ էր Ամենակալ Տիրոջ սրբութիւնների առջեւ։ 16Մեծ քահանայ Յովակիմը եւ Տիրոջ առջեւ կանգնած բոլոր քահանաներն ու Տիրոջ պաշտօնեաները քուրձ էին հագել, մշտապէս զոհեր էին մատուցում, աղօթում եւ նուիրում ժողովրդի կամաւոր ընծաները։ 17Նրանց գլխանոցների վրայ մոխիր կար։ Նրանք իրենց ամբողջ սրտով կանչում էին Տիրոջը՝ օգնութեան գալու եւ բարիք անելու Իսրայէլի տանը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն