Հուդիթ

6

1Երբ դադարեց նրանց աղմուկը, ովքեր իրենց վրանի շուրջն էին, Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսը բոլոր զօրքերի առջեւ Աքիորին ասաց. «Ո՞վ ես դու, Աքիո՛ր, որ մովաբացիների եւ Եփրեմի երկրի վարձկանների, բոլոր այլազգի ժողովուրդների հետ դէմ կանգնեցիր ինձ, 2մարգարէացար մեզ համար, ինչպէս այսօր, եւ ասում ես, թէ մի՛ տուէք իսրայէլացիների դէմ, որովհետեւ նրանց Աստուածը պաշտպանում է նրանց։ Նաբուքոդոնոսորից բացի էլ ի՞նչ կայ. նա կ’ուղարկի իր զօրութիւնը եւ երկրի երեսից կը ջնջի նրանց, եւ նրանց Աստուածը չի փրկի նրանց։ 3Բայց մենք՝ նրա ծառաներս, կը նրանց իբրեւ մէկ մարդ, եւ նրանք չեն կարող կանգնել մեր հեծելազօրի, մեր երիվարների դէմ. դրանցով կը ջնջենք նրանց, նրանց լեռները կը յագեցնենք իրենց արիւնով, նրանց դաշտերը կը լցուեն իրենց դիակներով, եւ այլեւս նրանք չեն կարող մեր դէմ կանգնել, այլ՝ իսպառ կը կորչեն, 4ինչպէս ասում է բովանդակ երկրի տէր Նաբուքոդոնոսոր արքան. եւ քանի որ նա այսպէս է ասել, իզուր չեն լինի նրա բերանի խօսքերը։ 5Բայց դու, Ամոնի վարձկա՛ն Աքիոր, որ յանիրաւի խօսեցիր այս բաները, այլեւս չես տեսնի իմ երեսն այսօրուանից, մինչեւ չլուծեմ իմ վրէժն այդ ազգից, որ դուրս է եկել Եգիպտոսից. եւ այն ժամանակ իմ զօրքերի սուրը կը խրուի քո կողը, 6եւ երբ ես վերադառնամ, դու կը կործանուես բազում վիրաւորների հետ։ Բայց այժմ իմ ծառաները թող քեզ տանեն լեռների կողմը եւ քեզ պահեն մի քաղաքում, որ ճանապարհների վրայ է, եւ չես կորչի մինչեւ չսպանուես նրանց հետ միասին։ Եւ եթէ քո սրտում յոյս ունես, թէ նրանք մահուան չեն մատնուի, այդ բանին վստահ մի՛ եղիր, որովհետեւ ես խօսեցի, եւ իմ խօսքերից ոչ մէկը իզուր չի անցնի»։

7Հողոփեռնէսը հրամայեց իր ծառաներին, որ նրա առջեւ էին, բռնել ու կապել Աքիորին, նրան տանել Բետիղուա եւ նրան մատնել իսրայէլացիների ձեռքը։ 8Եւ նրա ծառաները բռնեցին նրան, դուրս տարան բանակից այնտեղի դաշտը, նրանք գնացին այդ դաշտից ու եկան լեռնակողմի աղբիւրների մօտ, Բետիղուայի ստորին մասը, որ Սամարիան է։ Երբ քաղաքի տղամարդիկ նրանց տեսան լերան գագաթին, վերցրին իրենց զէնքերը եւ լերան գլխին յարձակուեցին նրանց վրայ։ Բոլոր պարսատիկաւոր տղամարդիկ փակեցին նրանց ելքի ճանապարհը եւ քարկոծեցին նրանց։ 9Սրանք անցան լեռնալանջով, կապեցին Աքիորին, նրան գցեցին լերան ստորոտին ու վերադարձան իրենց տիրոջ մօտ։ 10Իսրայէլացիներն իջան քաղաքից, հասան նրան, արձակեցին կապանքները, տարան Բետիղուա եւ կանգնեցրին իրենց քաղաքի իշխանների առջեւ։ 11Այդ օրերին իշխաններն էին Միքիայի որդի Օզիան՝ Շմաւոնի տոհմից, եւ Մելքիէլի որդի Քարմին։ 12Քաղաքի բոլոր ծերերին, երիտասարդներին ու կանանց հաւաքեցին ժողովարանում եւ Աքիորին կանչեցին ամբողջ ժողովրդի առաջ. Օզիան հարցրեց նրան. «Ինչո՞ւ այդ բանը պատահեց քեզ հետ»։ Նա պատասխան տուեց ու պատմեց Հողոփեռնէսի ժողովում ասուած խօսքերը եւ բոլոր այն խօսքերը, որ ինքն էր ասել ասորեստանցիների իշխանների առջեւ, 13նաեւ այն խօսքերը, որ Հողոփեռնէսը յոխորտալով ասել էր Իսրայէլի տան մասին։ 14Երկրի ամբողջ ժողովուրդը ծնկի գալով երկրպագում էր Աստծուն, աղաղակում եւ ասում. 15«Երկնքի Տէ՛ր Աստուած, տե՛ս նրանց ամբարտաւանութիւնը, ողորմի՛ր մեր ազգի խոնարհութեան համար եւ այս օրերին նայի՛ր մեզ՝ քո սրբութեանը, Տէ՛ր»։ 16Նրանք աղաչեցին, մխիթարեցին Աքիորին եւ շատ գովեցին նրան։ 19Օզիան նրան վերցրեց ժողովարանից եւ տարաւ իր , 20խրախճանք արեց ծերերի ու քահանաների հետ, եւ այդ ամբողջ գիշեր նրանք օգնութեան կանչեցին Իսրայէլի Տէր Աստծուն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն