Հուդիթ
8
ՅՈՒԴԻԹԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԳՈՐԾԸ
1Այն օրը այս բոլորը լսեց Յուդիթը, որ դուստրն էր Մերարիի, եւ սա՝ որդին Ոքոզիայի, եւ սա՝ որդին Յովսէփի, եւ սա՝ որդին Օզիէլի, եւ սա՝ որդին Ելկիի, եւ սա՝ որդին Ելիէսի, եւ սա՝ որդին Քելկիի, եւ սա՝ որդին Եղիաբի, եւ սա՝ որդին Նաթանայէլի, եւ սա՝ որդին Սամամիէլի, եւ սա՝ որդին Սարասադդի, եւ սա՝ որդին Իսրայէլի։ 2Յուդիթի ամուսինը՝ Մանասէն, նրա սերնդից եւ տոհմից էր։ Նրա ամուսինը մեռաւ գարու հնձի ժամանակ, 3երբ դաշտում իր հնձողների մօտ էր. խորշակը եկաւ եւ հարուածեց նրա գլխին, որից էլ մեռաւ իր քաղաքում՝ Բետիղուայում, եւ թաղուեց իր հայրերի մօտ, ագարակում, որ մօտիկ էր Դոթայիմին եւ Բալսոնին։ 4Յուդիթը երեք տարի չորս ամիս այրի նստած էր իր տանը։ 5Նա տաղաւար պատրաստեց իր տան տանիքի վրայ, իր մէջքին քուրձ գցեց եւ այրիութեան զգեստ առաւ իր վրայ։ 6Նա իր այրիութեան բոլոր օրերում ծոմ էր պահում, բացի շաբաթ օրից, ամսամուտից, տարեկան տօներից եւ Իսրայէլի տան ուրախութեան օրերից։ 7Նա տեսքով շատ գեղեցիկ էր։ Նրա ամուսինը՝ Մանասէն, նրան թողել էր ոսկի, արծաթ, ծառաներ, աղախիններ, արտեր, ագարակներ եւ անասուններ։ Յուդիթն ինքն էր խնամում ամէն ինչ։ 8Ոչ ոք չար բան չէր խօսում նրա մասին, որովհետեւ նա խիստ երկիւղ ունէր Աստծու հանդէպ։ 9Յուդիթը լսեց իշխանի մասին ժողովրդի ասած անիրաւացի խօսքը, քանի որ նրանք թուլացել էին ծարաւից. լսեց նաեւ Օզիայի խօսքերը, որ նա ասել էր ժողովրդին, ինչպէս երդուել էր, թէ հինգ օրից ասորեստանցիների ձեռքը կը յանձնի քաղաքը։ Նա Օզիայի մօտ ուղարկեց իր այն նաժիշտին, որ պատասխանատուն էր նրա ամբողջ ունեցուածքի։ Սա կանչեց Օզիային, Քաբրիին, Քարմիին եւ քաղաքի բոլոր ծերերին։ 10Նրանք եկան Յուդիթի մօտ։ Յուդիթն ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, Բետիղուայի բնակիչնե՛ր, որովհետեւ ճիշտ չեն ձեր խօսքերը, որ այսօր ասացիք ժողովրդի առջեւ ու երդումով հաստատեցիք այն, ինչ խօսեցիք Աստծու եւ ձեր միջեւ. ասացիք, որ քաղաքը կը մատնէք մեր թշնամիների ձեռքը, եթէ Տէրը չուղարկի իր օգնութիւնը մեզ։ 11Արդ, դուք, որ այս օրերին փորձում էք Աստծուն եւ ձեզ Աստծու տեղ էք դնում մարդկանց որդիների մէջ, 12ահա այժմ չէք հարցնում Ամենակալ Տիրոջը եւ ոչինչ չէք իմանում։ 13Եւ եթէ մարդու սրտի խորքն անիմանալի է, ու եթէ դուք նրանց սրտի խորհուրդները չէք հասկանում, ապա ինչպէ՞ս էք համարձակւում քննել Աստծուն, որ այս բոլորն արարեց, իմանալ նրա կամքը եւ կամ ըմբռնել նրա միտքը. քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ բարկացրէք մեր Տէր Աստծուն։ 14Եթէ նա չկամենայ մեզ օգնել այս հինգ օրերում, ապա նա իշխանութի՛ւն ունի մեզ պաշտպան լինելու այն օրերին, երբ կը կամենայ, եւ կամ մեզ կոտորել տալու մեր թշնամիների առջեւ։ 15Արդ, դուք գրաւ մի՛ դրէք ձեր Տէր Աստծու խորհուրդները, որովհետեւ Աստծուն չի կարելի մարդու նման սպառնալ եւ ոչ էլ մարդու որդու նման տանջել։ 16Ուրեմն, այժմ սպասելով՝ ակնկալենք նրանից ողորմութիւն գտնել, աղաչենք ու նրան օգնութեան կանչենք մեզ, եւ նա կը լսի մեր աղօթքի ձայնը, եթէ նրան հաճելի լինի. 17քանզի այդպէս չի վարուել երբեք մեր ազգի նկատմամբ, այդպէս չի եղել մինչեւ այսօր ո՛չ մեր ազգի, ո՛չ մեր տոհմի, ո՛չ մեր ժողովրդի եւ ո՛չ մեր քաղաքի հետ։ 18Այժմ չեն երկրպագում ձեռակերտ կուռքերին, ինչպէս վաղնջական օրերում, որի պատճառով մեր հայրերը մատնուեցին սրի ու յափշտակութեան եւ մեծ կործանումով կործանուեցին իրենց թշնամիների առջեւ։ 19Բայց մենք ուրիշ Աստուած չճանաչեցինք, բացի նրանից, որին յուսացինք, որովհետեւ նա չի անտեսի մեզ 20եւ մեր ազգը կորստեան չի մատնի այնպէս, ինչպէս դուք ասացիք, կամ աւարի չի մատնի մեր սրբութիւնները եւ կամ վրիժառու չի լինի թշնամիներից սրբութիւններն անարգելու, մեր եղբայրների մահուան, այս երկրի գերութեան համար։ Նա մեր ժառանգութեան աւերումը մեր գլխին կը բերի հեթանոսների մէջ, ուր էլ որ ծառայելու լինենք նրանց։ Մենք ամօթ եւ նախատինք կը դառնանք նրանց առջեւ, ովքեր իշխում են մեզ վրայ, որովհետեւ մեր ստրկութիւնը չի կարող ուրախութիւն լինել նրանց համար, այլ՝ մեր Տէր Աստուածն անարգանք եւ կործանում կը բերի նրանց։ 21Եւ արդ, եղբայրնե՛ր, մեր եղբայրներին ցոյց տանք, որ նրանց կեանքը մեզանից է կախուած, ու մեզ վրայ են հաստատուած ե՛ւ սրբութիւնները, ե՛ւ զոհասեղանը, ե՛ւ տաճարը։ Արդ, այս բոլորի համար գոհութիւն յայտնենք մեր Աստծուն, որ փորձում է մեզ, ինչպէս փորձել է մեր հայրերին։ 22Յիշեցէ՛ք, թէ ինչ արեց Աբրահամին, թէ ինչ արեց Իսահակին, կամ՝ Յակոբին Ասորիքի Միջագետքում իր մօրեղբօր՝ Լաբանի հօտերն արածացնելիս, 23քանզի նրանց չփորձեց իրենց սրտի խորհուրդները ճանաչելու համար. այդպէս էլ մեր մեղքերի համար վրիժառու չի լինի մեզնից, այլ Տէրը տանջում է իր մերձաւորներին՝ խրատելու եւ սովորեցնելու համար»։
28Օզիան ասաց նրան. «Ինչ որ ասացիր, ամբողջ սրտով եւ բարի մտքով ասացիր, եւ ոչ ոք չկայ, որ դէմ կանգնի քո խօսքերին, որովհետեւ ոչ թէ լոկ այսօր յայտնի դարձաւ քո իմաստութիւնը, այլ սկզբի օրերից ամբողջ ժողովուրդն իմացաւ քո խելքը, քանի որ բարի են քո սրտի պտուղները։ Բայց ժողովուրդը սաստիկ ծարաւեց, եւ մենք հարկադրուած եղանք անել այնպէս, ինչպէս խօսեցինք նրանց հետ. նրանք մեզ պարտաւորեցրին երդումով, որը չենք կարող դրժել։ Արդ, դու խնդրուածքներով աղաչի՛ր Աստծուն, որովհետեւ դու արդար կին ես. Տէրը անձրեւ կ’ուղարկի, կը լցուեն ջրհորները, եւ մենք այլեւս չենք նուաղի ծարաւից»։
30Յուդիթն ասաց նրանց. «Դուք լսեցէ՛ք ինձ, մի բան պիտի անեմ, որի մասին պատմուելու է սերնդից սերունդ եւ որդուց մինչեւ որդի։ 32Դուք այս գիշեր կանգնեցէ՛ք քաղաքի դարպասի մօտ, ես դուրս կը գամ իմ այս նաժշտի հետ, եւ այս օրերին, երբ մենք որոշեցինք այս քաղաքը մատնել մեր թշնամիների ձեռքը, Տէր Աստուած ձեզ կ’այցելի իմ միջոցով։ 33Դուք մի՛ քննէք իմ գործերը, որ անելու եմ, քանի որ ես ձեզ ոչինչ չեմ ասի, մինչեւ որ ես կատարեմ այն, ինչ անելու եմ»։
34Օզիան, որ իշխանների հետ էր, ասաց նրան. «Գնա՛ խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Տէր Աստուածը քեզ հետ թող լինի՝ մեր թշնամիներից վրէժխնդիր լինելու համար»։ Եւ նրանք Յուդիթի տաղաւարից վերադարձան՝ իւրաքանչիւրը պարսպի պահպանութեան իր տեղը։