Երեմիա մարգարեյի գիրք

10

ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ

1Ո՛վ Իսրայէլի , լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղուած։

2Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում։

3Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրուած փայտ, հիւսների ձեռքի գործեր,

4արծաթով եւ ոսկով զարդարուած ձուլածոյ բաներ։ Մուրճերով եւ գամերով ամրացրել են դրանք, որ չշարժուեն. յղկուած արծաթ են, Թարսիսի բանուած արծաթ եւ ՝ բերուած Մեմփաթայից։

5Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է կատարել. կապոյտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պէտք է բարձուելով տարուեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրայ, որով տանում են։ Մի՛ վախեցէք նրանցից, որովհետեւ չարութիւն չեն անում, բայց բարութիւն էլ չկայ նրանց մէջ։

6Քեզ նման ոչ ոք չկայ, Տէ՛ր, մեծ ես դու եւ մեծ է քո անունը զօրութեամբ։

7Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագաւոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների եւ նրանց բոլորը թագաւորների մէջ ո՞վ է քեզ նման։

8Թող միանգամից այրուեն, թող սատակեն սրտերը սնոտի աստուածների,

9որովհետեւ դրանք փայտ են, Թարսիսից բերուած ընտիր արծաթ եւ ոսկի՝ Սոփաթայից։ Դրանք բոլոր վարպետների եւ ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի զգեստները բոլորը հնարամիտ վարպետների գործն են։

10Իսկ մեր Տէր Աստուածը ճշմարիտ է, կենդանի է եւ յաւիտենական Թագաւոր։ Նրա բարկութիւնից երկիրը կը շարժուի, ազգերը չեն դիմանայ նրա բարկութեանը։

11Այսպէս կ’ասէք նրանց. «Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից եւ այս երկնքի տակից»։

ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ

12Տէրն է, որ իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հաստատեց տիեզերքը եւ իր հանճարով տարածեց երկինքը։

13Իր ձայնն արձակելիս՝ նա երկինքը լցնում է ջրերի առատութեամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրեւների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։

14Ամէն մարդ, գիտութիւնից զրկուած, ապուշ դարձաւ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, եւ նրանց մէջ շունչ չկայ.

15սնոտի ու խաբէական գործեր են դրանք։ Երբ նրանց այցելութեան գնան, նրանք կորստեան են մատնուելու։

16Սակայն այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը Նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգութեան շառաւիղն է Իսրայէլը, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է։

ՄՕՏԱԼՈՒՏ ԱՔՍՈՐ

17Ո՛վ դու, որ բնակւում ես ընտրեալների , հեռուներից հաւաքի՛ր քո զօրութիւնը։

18Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես նեղութիւնն իբրեւ խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ եւ հալածելու եմ նրանց, որ չգտնուեն»։

19Վա՜յ քո կործանումին, քանզի ցաւալի են քո վէրքերը. իսկ ես ասում եմ. «Արդարեւ հէնց դրանք են իմ վէրքերը, որ վիճակուեցին ինձ.

20խորանն իմ խորտակուեց, վերացաւ, իմ վրանի բոլոր վարագոյրները քանդուեցին, իմ որդիներն ու հօտերը ոչ մի տեղ չեն երեւում. այլեւս չկայ իմ խորանի տեղը, չկայ եւ իմ վարագոյրների տեղը»։

21Հովիւները խելքի չեկան եւ Տիրոջը չփնտռեցին, դրա համար էլ բոլոր հօտերը չճանաչեցին նրանց ու ցիրուցան եղան։

22Բօթաբեր ձայն է գալու եւ մեծ դղրդում՝ հիւսիսի երկրից, որպէսզի Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան ենթարկի եւ դարձնի կայան։

23Գիտեմ, Տէ՛ր, որ մարդու ուղին իրենից կախուած չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի յաջողութիւնը։

24Խրատի՛ր մեզ, Տէ՛ր, բայց արդարութեամբ եւ ոչ թէ ցասմամբ, որ մեզ սակաւաթիւ չդարձնես։

25Քո բարկութիւնը թափիր հեթանոսների՛ վրայ, որոնք չեն ճանաչում քեզ, եւ այն ազգերի վրայ, որոնք չճանաչեցին քո անունը, որովհետեւ նրանք յօշոտեցին Յակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան եւ աւերեցին նրա արօտավայրերը։

Էջմիածին · HYEJB1994