Երեմիա մարգարեյի գիրք
12
ԵՐԵՄԻԱՅԻ ԳԱՆԳԱՏԸ
1Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
2Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին։ Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից։
3Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար եւ, երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց։
4Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամենուրեք չորանայ։ Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ “Աստուած չի տեսնի մեր արարքները“։
5Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ։ Եւ հիմա այս խաղաղ երկրի՞ վրայ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ,
6քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին։ Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին։
ՏԻՐՈՋ ՎԻՇՏԸ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
7Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը։
8Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան։
9Միթէ իմ ժառանգութիւնն ինձ համար բորենու ո՞րջ է լինելու կամ նրան շրջապատող քարանձա՞ւ. շրջեցէ՛ք, հաւաքեցէ՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։
10Բազում հովիւներ ապականեցին իմ այգին, ոտնատակ տուին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին.
11այն ենթարկուեց աւերի ու ապականութեան։ Ողջ երկիրն իմ պատճառով քայքայուեց ու քանդուեց, որովհետեւ իմ սրտին մօտ չհամարեցի պարտահատոյց լինել, եւ չկայ մէկը, որի սիրտը ցաւի դրա համար։
12Թշուառացած՝ մարդիկ անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչեւ միւսը Տիրոջ սուրն է մաշում, ոչ մի մարմնի համար հանգիստ չկայ։
13Ցորեն ցանեցիք, սակայն փուշ էք հնձելու, եւ ձեր անդաստանները օգուտ չեն տալու ձեզ։ Ձեր հպարտութիւնն ամօթանքի է փոխուելու այն նախատինքից, որ կրելու էք Տիրոջ առաջ։
ՉԱՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐ
14Այսպէս է ասում Տէրը բոլոր չար հարեւանների մասին, որոնք ձեռք են մեկնում իմ ժառանգութեանը, որ բաշխեցի Իսրայէլի իմ ժողովրդին. «Ահաւասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Յուդայի տունը եւս հանելու եմ նրանց միջից։ 15Բայց նրանց արտաքսելուց յետոյ ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց եւ իւրաքանչիւրին բնակեցնեմ իր ժառանգութեան մէջ, ամէն մէկին՝ իր երկրում։ 16Եւ եթէ նրանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդուեն իմ անունով, թէ կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին երդուել Բահաղին, ապա նրանք կը հաստատուեն իմ ժողովրդի մէջ։ 17Իսկ եթէ դարձի չգան, ես կը ջնջեմ այդ ազգին, կորստեան մատնելով՝ կը վերացնեմ նրանց», - ասում է Տէրը։
Էջմիածին · HYEJB1994