Երեմիա մարգարեյի գիրք

19

ՓՇՐՈՒԱԾ ԿԱՒԷ ԿՈՒԺԸ

1Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Գնա քեզ համար ձե՛ռք բեր կաւից շինուած մի կուժ, ժողովրդի աւագներից եւ քահանաների աւագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ, 2բարձրացի՛ր նրանց որդիների , որը գտնւում է Քարսիդի դռների մուտքի առաջ, եւ յայտնի՛ր այնտեղ այն բոլոր բաները, որ պիտի խօսեմ քեզ հետ։ 3Կ’ասես նրանց. “Ո՛վ Յուդայի երկրի թագաւորներ, Հրէաստանի մարդիկ եւ Իսրայէլի բնակիչներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամը։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ այդ վայրի վրայ ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով որ լսի՝ ականջները դժժան, 4որովհետեւ նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ ծխեցին օտար աստուածներին, որոնց իրենք եւ իրենց հայրերը չէին ճանաչում։ Յուդայի երկրի թագաւորներն այս վայրը լցրին անմեղների արեամբ։ 5Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց որդիներին, որպէս Բահաղի ողջակէզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատուիրել եւ չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով։

6Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ այդ վայրի անունն այլեւս չի կոչուելու Գլորման վայր կամ Ենոմացիների գերեզման, այլ՝ Կոտորածի ձոր։ 7Այդտե՛ղ պիտի խափանեմ Յուդայի երկրի խորհուրդը եւ խորհուրդը Երուսաղէմի. սրով, ինչպէս եւ նրանց հոգիները փնտռողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։ 8Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ ապականութեան ու ենթարկեմ սուլոցի. ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի եւ սուլի նրա կրած բոլոր հարուածների համար։ 9Նեղութեան ու պաշարման մէջ՝ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները եւ մարմինները դուստրերի, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջ մարմինը։ Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին։

10Կը փշրես կուժն այն մարդկանց առաջ, որ բարձրանալու են քեզ հետ, 11ու կ’ասես նրանց. այսպէս է ասում ինձ Զօրութիւնների Տէրը. ՛՛Նոյն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպէս որ փշրւում է խեցեղէն ամանը, որն այլեւս չի կարող վերականգնուել։ Եւ թող նրանք թաղուեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։ 12Այդպէս պիտի վարուեմ այդ վայրի հետ, - ասում է Տէրը, - նաեւ բնակչութեան հետ, որ դրա մէջ է՝ այդ քաղաքը մատնելով կործանման։ 13Ու թող Երուսաղէմի տներն ու Յուդայի երկրի թագաւորների տները դառնան սպանութեան վայր այն պղծութիւնների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ, նրանց տանիքների վրայ, խունկ էին ծխում երկնքի բոլոր զօրութիւններին եւ նուէրներ ընծայաբերում օտար աստուածներին”»։

14Երեմիան եկաւ Տափեթից, այն է՝ Գլորման վայրից, ուր ուղարկել էր նրան Տէրը՝ մարգարէանալու այնտեղ։ Նա կանգնեց Տիրոջ Տան սրահում եւ ասաց ամբողջ ժողովրդին.

15«Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Ահաւասիկ այս քաղաքի վրայ բերելու եմ ամենայն չարիք, ինչպէս ասացի նրա մասին, նաեւ սրա միւս բոլոր քաղաքների ու աւանների վրայ, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպէսզի չլսեն իմ խօսքերը”»։

Էջմիածին · HYEJB1994