Երեմիա մարգարեյի գիրք
23
ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՒ ԱՐԴԱՐ ԹԱԳԱՒՈՐ
1«Վա՜յ հովիւներին, որ կորցրին ու ցրեցին քո արօտի ոչխարներին», - ասում է Տէրը։ 2Ահա թէ ինչու Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում այդ հովիւների մասին, որ հովւում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրէժ եմ լուծելու ձեզնից՝ ըստ ձեր չար ընթացքի», - ասում է Տէրը։
3«Ես կ’ընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամէն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, եւ նրանց կը հաստատեմ իրենց արօտներում. 4թող աճեն ու բազմանան։ Հովիւներ կը կարգեմ, որ հովուեն նրանց, եւ նրանք այլեւս չեն վախենայ, չեն զարհուրի, արհամարհուած չեն լինի», - ասում է Տէրը։
5«Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու ես Դաւթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառաւիղի, որ թագաւորելու է որպէս արքայ. նա խելամիտ է լինելու, իրաւունք ու արդարութիւն է պաշտպանելու երկրի վրայ։
6Նրա ժամանակ փրկուելու է Յուդայի երկիրը, Իսրայէլը յոյսով է ապրելու։ Եւ նրա անունը, որով կոչելու է նրան Տէրը, այս է՝ Յոսեդեկ, այսինքն՝ մարգարէների մէջ մեր արդարութիւնը։
7Ահա թէ ինչու օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ այլեւս չեն ասի, թէ՝ “Կենդանի է Տէրը, որն Իսրայէլի ժողովրդին դուրս հանեց Եգիպտացիների երկրից”, 8այլ թէ՝ “Կենդանի է Տէրը, որն Իսրայէլի բոլոր զաւակներին դուրս հանեց հիւսիսի երկրից եւ այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, եւ վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։
ԵՐԵՄԻԱՆ ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻ ՄԱՍԻՆ
9Մարգարէների համար սիրտս մէջս կտոր-կտոր եղաւ, ցնցուեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղուած մարդ, մի մարդ, որ գլուխը կորցրել է գինուց՝ Աստծու եւ նրա մեծավայելուչ փառքի պատճառով,
10քանզի երկիրը լցուել է շնացողներով, նզովքից երկիրը սուգ է բռնել, անապատի արօտավայրերը չորացել են. չար է նրանց ընթացքը, նրանց ուժն էլ այն չէ, ինչ պէտք է լինի։
11«Արդարեւ, մարգարէ ու քահանայ պիղծ են դարձել. իմ Տան մէջ անգամ ես տեսայ նրանց չարութիւնները, - ասում է Տէրը։ -
12Ահա թէ ինչու նրանց ճանապարհը իրենց համար սայթաքուն պիտի դառնայ. խաւարի մէջ պիտի գայթեն ու կործանուեն, որովհետեւ այն տարին, երբ պատժելու լինեմ, չարիք պիտի բերեմ նրանց վրայ, - ասում է Տէրը։
13Նաեւ Շամրինի մարգարէների մէջ տեսայ անօրէնութիւն, քանզի Բահաղի անունից մարգարէացան եւ մոլորեցրին իմ ժողովրդին՝ Իսրայէլի երկիրը։
14Երուսաղէմի մարգարէների մէջ աւելի զարհուրելի բաներ տեսայ, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստուածների յետեւից եւ զօրավիգ դառնում չար ձեռքերին, որպէսզի ոչ մէկը յետ չդառնայ իր չար ճանապարհից։ Ամէնքն ինձ համար Սոդոմ եղան, իսկ նրա բնակիչները՝ Գոմոր»։
15Դրա համար էլ Զօրութիւնների Տէրն այսպէս է ասում մարգարէների մասին. «Ահաւասիկ ես դրանց ցաւեր եմ տալու իբրեւ կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետեւ պղծութիւնն արար աշխարհում տարածուեց Երուսաղէմի մարգարէներից»։
16Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որ ձեզ համար մարգարէութիւն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց սրտի ցնորքներից են խօսում եւ ոչ թէ Տիրոջ բերանից։
17Տիրոջ խօսքի դէմ ըմբոստացածներին նրանք ասում են՝ “Խաղաղութի՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամակորութեան, կամ իւրաքանչիւրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորութեան, ասում են՝ “Քո գլխին չարիք չի գալու”։
18Իսկ ո՞վ հաւատարիմ մնաց Տիրոջ խորհրդին եւ անսաց ու հետեւեց նրա խօսքին։ Ո՞վ լսեց ու ականջ դրեց իմ խօսքին»։
19Ահա մի դղրդոց, որ գալիս է Տիրոջից, նրա բարկութիւնը մրրկաշարժ պիտի բարձրանայ ամբարիշտների վրայ,
20պիտի գայ Տիրոջ ցասումը եւ չնահանջի, մինչեւ որ նա ի կատար ածի եւ հաստատի իր սրտի փափագը. եւ դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում։
21«Ե՛ս չուղարկեցի այդ մարգարէներին, սակայն նրանք գնում էին, չխօսեցի նրանց հետ, սակայն նրանք մարգարէութիւն էին անում։
22Եթէ իմ խորհրդին հաւատարիմ մնային, ապա իմ խօսքերը լսելի կը դարձնէին իմ ժողովրդին, յետ կը պահէին նրան իր չար ճանապարհներից, իր չար վարքից։
23Ես մերձաւոր Աստուած եմ եւ ոչ թէ հեռաւոր Աստուած, - ասում է Տէրը։
24Եթէ մարդը թաքնուի թաքստոցում, 25մի՞թէ ես նրան չեմ տեսնի, - ասում է Տէրը։ Միթէ երկինքն ու երկիրը ես չե՞մ լցնում, - ասում է Տէրը։ Ես լսեցի, թէ ինչ են խօսում մարգարէները, որոնք սուտ մարգարէութիւններ էին անում իմ անունով եւ ասում՝ “Ես մի երազ, մի տեսիլ տեսայ”։ 26Մինչեւ ե՞րբ պէտք է ստութիւնը տեղ գտնի այդ մարգարէների սրտում, որոնք մարգարէանում են. նրանք իրենց սրտի ցանկութի՛ւնն են մարգարէանում, 27մտածում են իրենց երազների միջոցով, որ նրանցից ամէն մէկը պատմում է իր ընկերոջը, մոռացութեան տալ իմ ժողովրդին իմ օրէնքները, ինչպէս նրանց հայրերը Բահաղի միջոցով մոռացութեան տուին իմ անունը։ 28Այն մարգարէն, որը երազ ունի, թող պատմի իր երազը, իսկ ով որ իմ խօսքն ունի, թող յայտնի իմ խօսքը ճշմարտութեամբ։ Ցորենի մօտ ի՞նչ է յարդը, - ասում է Տէրը։
29Իմ խօսքերն արդեօք կրակի նման չե՞ն կամ մուրճի, որ քար է կտրում։
30Ահա դրա համար էլ ես դէմ եմ այդ մարգարէներին, - ասում է Տէրը, - նրանցից ամէն մէկն իմ խօսքերն է գողանում։ 31Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին, - ասում է Տէրը, - որոնք իրենց լեզուից վանում են իմ մարգարէութիւնը եւ իրենց քունն են քնում։ 32Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին, որոնք մարգարէանում են սուտ երազներ, - ասում է Տէրը, - պատմում են դրանց մասին եւ իրենց ստութեամբ ու իրենց խաբէութեամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես նրանց չեմ ուղարկել, պատուէր չեմ տուել նրանց, եւ նրանք որեւէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին, - ասում է Տէրը։
33Եւ եթէ այդ ժողովուրդը կամ որեւէ մարգարէ եւ կամ քահանայ քեզ հարց տան ու ասեն, թէ՝ “Ի՞նչ պատգամ է դա Տիրոջ կողմից”, ապա կ’ասես նրանց. “Պատգամը ձեզ է վերաբերում, եւ ես կործանելու եմ ձեզ”, - ասում է Տէրը։ 34Մարգարէ լինի, քահանայ թէ ժողովուրդ, ով որ ասի՝ “Տիրոջ պատգամը”, այդ մարդուց եւ նրա ընտանիքից վրէժխնդիր եմ լինելու։ 35Հապա ինչո՞ւ ամէն ոք իր ընկերոջը եւ կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասում նաեւ, թէ՝ “Ի՞նչ պատասխան տուեց Տէրը, ի՞նչ խօսեց Տէրը”։ 36Այլեւս մի՛ անուանէք Տիրոջ պատգամ, քանզի մարդու համար Տիրոջ պատգամ է դառնում իր իսկ խօսքը։ Դուք աղաւաղել էք տուել կենդանի Աստծու՝ Զօրութիւնների Տէր մեր Աստծու պատգամները։ 37Այսպէ՛ս ասացէք մարգարէին. «Ի՞նչ պատասխան տուեց քեզ Տէրը, ի՞նչ խօսեց Տէրը»։ 38Եթէ Տիրոջ պատգամ էք ասելու, ապա դրա համար Տէրն այսպէս է ասում. «Քանի որ ասացիք այդ խօսքը՝ Տիրոջ պատգամ, ես էլ ուղարկեցի ձեզ մօտ պատուիրելու՝ “Մի՛ ասէք Տիրոջ պատգամ”։ 39Ահա թէ ինչու ես ձեզ վերցնելու եմ իբրեւ աւար, իմ աչքի առաջ կործանելու եմ ե՛ւ ձեզ, ե՛ւ այդ քաղաքը, որ տուեցի ձեզ ու ձեր հայրերին։ 40Ձեզ վրայ յաւիտենական նախատինք եմ դնելու եւ յաւիտենական անարգանք, որ չեն մոռացուելու»։