Երեմիա մարգարեյի գիրք

25

ԹՇՆԱՄԻՆ ՀԻՒՍԻՍԻՑ

1Այս է Երեմիային ուղղուած խօսքը՝ Յուդայի երկրի ժողովրդի մասին, ասուած Յուդայի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն, - 2այն խօսքը, որ յայտնեց Երեմիա մարգարէն Յուդայի երկրի համայն ժողովրդին եւ Երուսաղէմի բնակիչներին՝ ասելով. 3«Յուդայի երկրի արքայ Ամոնի որդի Յոսիայի տասներեքերորդ տարուց մինչեւ այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տէրը խօսեց ինձ հետ, ու ես վաղ առաւօտից իսկ խօսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։ 4«Վաղօրօք արձակեցի ու ձեզ մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին, բայց դուք չլսեցիք, չանսացիք ու ձեր ականջներով չլսեցիք։ 5Ասում էի. “Ամէնքդ դարձէ՛ք ձեր չար ճանապարհից, ձեր չար ընթացքից, որպէսզի բնակուէք այդ երկրում, որ յաւիտեանս յաւիտենից տուել եմ ձեզ ու ձեր հայրերին։ 6Չգնա՛ք օտար աստուածների յետեւից՝ նրանց ծառայելու եւ երկրպագելու համար, չբարկացնէ՛ք ինձ ձեր ձեռքի գործերով, որպէսզի չչարչարեմ ձեզ”։ 7Բայց դուք ինձ չլսեցիք, - ասում է Տէրը, - քանզի բարկացրիք ինձ ձեր ձեռքի գործերով, որպէսզի չարչարեմ ձեզ»։

8Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Քանի որ չհաւատացիք իմ խօսքերին, 9ահա ես կ’ուղարկեմ, կ’առնեմ հիւսիսի բոլոր ցեղերին, - ասում է Տէրը, - նաեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, եւ նրանց կը բերեմ այդ երկրի վրայ, դրա բնակիչների վրայ, այն բոլոր ցեղերի վրայ, որ դրա շուրջն են, կը բնաջնջեմ դրանց, կը մատնեմ աւարի ու ապականութեան, սուլոցի ու յաւիտենական նախատինքի։ 10Դրանց միջից կը վերացնեմ ուրախութեան ձայնը եւ ձայնը ցնծութեան, փեսայի ձայնը եւ ձայնը հարսի, երկանքի ձայնը եւ լոյսը ճրագի։ 11Այդ ողջ երկիրը կը վերածուի աւերի ու ապականութեան, նրա բնակիչները եօթանասուն տարի կը ծառայեն այդ ցեղերին եւ բաբելացիների արքային։ 12Իսկ երբ լրանայ եօթանասուն տարին, վրէժխնդիր կը լինեմ բաբելացիների արքայից եւ այդ ազգից՝ իրենց անօրէնութիւնների համար, - ասում է Տէրը, - ինչպէս եւ Քաղդէացիների երկրից. դրանք կը դարձնեմ յաւիտենապէս ամայի։ 13Այդ ամբողջ երկրի վրայ կը բերեմ այն ամէնը, ինչ ասել եմ նրա մասին ըստ այն ամենի, ինչ գրուած է այս գրքում, որ մարգարէացել է Երեմիան բոլոր ազգերի մասին, որոնց ծառայել են նրանք։ 14Դրանք բազում ցեղեր են եւ մեծամեծ թագաւորութիւններ. նրանց ես պիտի հատուցեմ ըստ իրենց անօրէնութիւնների, ըստ իրենց ձեռքի գործերի»։

ՏԻՐՈՋ ԲԱՐԿՈՒԹԵԱՆ ԲԱԺԱԿԸ

15Այսպէս է ասում ինձ Տէր Աստուածն Իսրայէլի. « գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից եւ խմեցրու բոլոր ազգերին, որոնց մօտ կ’ուղարկեմ քեզ. 16նրանք կը խմեն այն ցմրուր եւ խելքները կը թռցնեն այն սրի ահից, որ ես նրանց վրայ եմ ուղարկելու»։

17Ես վերցրի բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի այն բոլոր ազգերին, որոնց մօտ ուղարկեց ինձ Տէրը՝ 18Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, նրա թագաւորներին եւ նրա իշխաններին՝ մատնելու դրանք աւերի ու անապատի, սուլոցի ու անէծքի, ինչպէս որ այս օրերում են, 19նաեւ եգիպտացիների արքայ Փարաւոնին, նրա պաշտօնեաներին եւ նրա մեծամեծներին, նրա ամբողջ ազգին եւ ամբողջ խառնիճաղանջ զօրքին, 20նաեւ բոլոր թագաւորներին եւ այլազգիների երկրի բոլոր թագաւորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազոտոսի մնացորդներին, 21եդոմացիներին, մովաբացիներին եւ ամոնացիներին, 22նաեւ Տիւրոսի բոլոր թագաւորներին, սիդոնացիների բոլոր թագաւորներին եւ այն կղզու թագաւորներին, որ գտնւում է ծովի միւս կողմում, 23Դեդանին, Թեմանին, Բոկին եւ բոլոր նրանց, ովքեր երեսներն են ածիլում, 24նաեւ արաբացիների բոլոր թագաւորներին եւ անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագաւորներին. 25նաեւ Զամբրիի բոլոր թագաւորներին, Ելամի բոլոր թագաւորներին ու պարսից բոլոր թագաւորներին. 26նաեւ միմեանցից հեռու կամ իրար մօտ հիւսիս-արեւելքի բոլոր թագաւորներին, ինչպես նաեւ երկրի բոլոր թագաւորներին, որոնք կան աշխարհի երեսին։ Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսակ թագաւորը։

27«Ապա կ’ասես նրանց. այսպէս է ասում Իսրայէլի Ամենակալ Տէր Աստուածը. “Պիտի խմէք ու հարբէք, յիմարանաք ու կործանուէք եւ ոտքի չէք կանգնելու այն սրի պատճառով, որ ես ուղարկելու եմ ձեզ վրայ”։ 28Իսկ երբ այնպէս լինի, որ խմելու համար քո ձեռքից չկամենան ընդունել բաժակը, կ’ասես նրանց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. “Խմելով պիտի հարբէք, 29որովհետեւ չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրայ դրուած է իմ անունը։ Իսկ դուք մաքո՞ւր պիտի դուրս գաք։ Ո՛չ, մաքուր չէք դուրս գալու, քանզի ես սրի կոչ արձակեցի ամենքի դէմ, ովքեր բնակւում են երկրի վրայ”, - ասում է Զօրութիւնների Տէրը։

30Դու էլ նրանց համար կը մարգարէանաս իմ այս բոլոր պատգամները եւ կ’ասես նրանց. “Տէրն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տայ, իր ձայնը, հրամանի իր խօսքը պիտի արձակի իր տեղից, եւ նրանք, այգեկութ անողների պէս, երկրի բոլոր բնակիչներին պատասխան պիտի տան, թէ մահը վրայ հասաւ երկրից,

31քանզի Տէրն ազգերի մէջ պիտի տեսնի, պիտի դատի ամէն մարդու, եւ ամբարիշտները սրի են մատնուելու”», - ասում է Տէրը։

32Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահա չարիքները պիտի անցնեն մի ազգից միւսին, երկրի ծագերից մեծ մրրիկ պիտի բարձրանայ,

33եւ Աստծու ամէն օր աշխարհի մի ծայրից մինչեւ միւսը պիտի գտնուեն Տիրոջ կողմից խոցուածներ։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հաւաքուելու, ինչպէս աղբ՝ թափուած են մնալու դաշտի երեսին։

34Գո՛յժ բարձրացրէք եւ աղաղակեցէ՛ք, ո՛վ հովիւներ, ողբացէ՛ք, ոչխարների հօտի խոյե՛ր, որովհետեւ հասան ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. պիտի գնաք ինչպէս ընտիր ։

35Հովիւները փախչելու տեղ չեն գտնելու, իսկ ոչխարների հօտի խոյերը՝ փրկութիւն։

36Ահա լսւում է հովիւների գոյժի ձայնը, ոչխարների հօտի խոյերի աղաղակը, քանզի Տէրը ոչնչացրեց նրանց արօտները։

37Տիրոջ բարկութեան ու ցասման պատճառով վերացաւ խաղաղութեան գեղեցկութիւնը։

38Նրանք լքեցին երկիրը, ինչպէս առիւծն՝ իր որջը, եւ նրանց երկիրն դարձաւ ահեղ սրի բարկութիւնից ու ցասումից,

Էջմիածին · HYEJB1994