Երեմիա մարգարեյի գիրք
26
ԵՐԵՄԻԱՆ ՄԱՀՈՒԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ
1Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում. 2այսպէս է ասում Տէրը. «Կանգնի՛ր Տիրոջ Տան գաւթում եւ Յուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տունը, յայտնի՛ր այն բոլոր բաները, որ պատուիրեցի քեզ մարգարէանալու նրանց համար։ 3Ոչ մի բան չպակասեցնես։ Թերեւս լսեն, ու ամէն մէկը յետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ յետ կանգնեմ այն չարութիւններից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի»։
4Ապա կ’ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. «Եթէ ինձ չլսէք, չընթանաք ձեզ համար կարգած իմ օրէնքով, 5ականջ չդնէք իմ ծառայ մարգարէների խօսքերին, որոնց ես կանխաւ ուղարկեցի ձեզ մօտ, - ուղարկեցի, բայց դուք չլսեցիք, - 6ապա այդ Տունը կը դարձնեմ Սելոմի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ցեղերի անէծքին կը դատապարտեմ»։
7Տիրոջ Տան մէջ այս խօսքերն ասելիս՝ քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային։
8Իսկ երբ Երեմիան դադարեց խօսելուց՝ ամբողջ ժողովրդին ասելով ամէն բան այնպէս, ինչպէս նրան հրամայել էր Տէրը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը եւ ասացին.
9«Դու մահ պիտի գտնես, որովհետեւ Տիրոջ անունից մարգարէացար եւ ասացիր, թէ այս Տունը պիտի դառնայ Սելոմի նման, եւ այս քաղաքը պիտի ամայանայ բնակիչներից»։ Ժողովուրդը Տիրոջ Տան մէջ կուտակուեց Երեմիայի շուրջը։ 10Յուդայի երկրի իշխանները, լսելով այս բաները, թագաւորի պալատից եկան Տիրոջ Տունը եւ նստեցին Տիրոջ Տան նոր դարպասի առաջ։ 11Քահանաներն ու սուտ մարգարէներն իշխաններին եւ ողջ ժողովրդին ասացին. «Այդ մարդը մահուան դատավճռի է արժանի, որովհետեւ, ինչպէս ձեր իսկ ականջներով լսեցիք, մարգարէացաւ այս քաղաքի մասին»։
12Իսկ Երեմիան բոլոր իշխաններին եւ ողջ ժողովրդին ասաց. «Տէրն ինձ ուղարկեց այս Տան եւ քաղաքի վերաբերեալ մարգարէանալու այն բոլոր խօսքերը, որ լսեցիք. 13ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տուէք եւ ակա՛նջ դրէք ձեր Տէր Աստծու ձայնին, որպէսզի Տէրը յետ կանգնի այն չարութիւններից, որոնց մասին յայտնեց ձեզ։ 14Ես ահաւասիկ ձեր ձեռքին եմ. վարուեցէ՛ք ինձ հետ, ինչպէս ձեզ համար օգտակար կամ լաւ կը համարէք։ 15Բայց լա՛ւ իմացէք, որ եթէ դուք ինձ սպանէք, անմեղ արեան տակ պիտի ընկնէք դուք եւ այս քաղաքն ու իր բնակիչները, քանզի արդարեւ Տէրն ինձ ուղարկեց ձեզ մօտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խօսքերը»։
16Այն ժամանակ իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին եւ սուտ մարգարէներին. «Այդ մարդը մահուան դատավճռի ենթակայ չէ, որովհետեւ Տէր Աստծու անունից խօսեց մեզ հետ»։
17Երկրի ծերերից մի քանի մարդիկ ոտքի ելան եւ ասացին հաւաքուած ողջ ժողովրդին.
18«Յուդայի երկրի արքայ Եզեկիայի ժամանակ Միքիէ Մորստացին մարգարէացել է եւ ասել Յուդայի երկրի ամբողջ ժողովրդին. “Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. ‘ Սիոնն, ինչպէս ագարակ, արօրով պիտի հերկուի, Երուսաղէմը պիտի վերածուի այգեպանների հիւղակների, իսկ այդ Տան լեռը՝ մայրու անտառի”։
19Բայց արդեօք Յուդայի երկրի Եզեկիա արքան եւ համայն Հրէաստանը դրա համար նրան սպանեցի՞ն. միթէ չվախեցա՞ն Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը. եւ Տէրը հրաժարուեց այն բոլոր չարութիւններից, որ ասել էր նրանց դէմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ”»։
20Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամէայի որդի Ուրիան, որ մարգարէութիւն արեց Տիրոջ անունից. մարգարէութիւն արեց այս քաղաքի ու այս երկրի վերաբերեալ՝ յար եւ նման Երեմիայի բոլոր ասածներին։ 21Նրա բոլոր խօսքերը լսեցին Յովակիմ արքան, նրա բոլոր մեծամեծները եւ բոլոր իշխանները։ Նրանք ուզում էին սպանել նրան։ Ուրիան, լսելով, վախեցաւ ու փախաւ գնաց Եգիպտացիների երկիրը։ 22Իսկ Յովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքոբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։ 23Նրանք հանեցին նրան այնտեղից եւ բերին Յովակիմ արքայի մօտ. սա սրով սպանեց նրան եւ գցեց հասարակաց գերեզմանոցը։
24Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թէ նա ժողովրդի ձեռքը մատնուի, ու սպանեն նրան։