Երեմիա մարգարեյի գիրք

27

ԵՐԵՄԻԱՅԻ ԿՐԱԾ ԼՈՒԾՆ ՈՒ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ

1Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Երեմիային Յուդայի երկրի արքայ Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում։

2Տէրն այսպէս է ասում ինձ. «Քեզ համար կապանքներ ու լո՛ւծ պատրաստիր եւ գցի՛ր պարանոցդ։ 3Դրանցից ուղարկի՛ր նաեւ եդոմայեցիների թագաւորին եւ մովաբացիների թագաւորին, ամոնացիների թագաւորին, Տիւրոսի թագաւորին եւ սիդոնացիների թագաւորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի մօտ։ 4Նրանց կը պատուիրես յայտնելու իրենց տէրերին, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այսպէս կ’ասէք ձեր տէրերին.

5«Ես իմ մեծ զօրութեամբ եւ յաղթ բազկով ստեղծեցի երկիրը, մարդկանց, անասուններին ու այն ամէնը, ինչ կայ երկրի երեսին. ես այն կը տամ նրան, ով հաճելի է իմ աչքին։ 6Արդ, ես ինքս բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի՝ իմ ծառայի ձեռքը տուեցի ամբողջ երկիրը, տուեցի նաեւ տափաստանների գազաններին, որ ծառայեն նրան։ 7Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան, նաեւ նրա որդիներին եւ նրա որդոց որդիներին, մինչեւ որ գայ նրա եւ նրա երկրի վրայ իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր եւ մեծամեծ թագաւորներ։ 8Իսկ եթէ լինեն ազգեր ու թագաւորութիւններ, որոնք չենթարկուեն բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորին, անմիջապէս իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահուամբ պիտի պատժեմ, - ասում է Տէրը, - մինչեւ որ ոչնչացուեն նրա ձեռքով։

9Եւ դուք մի՛ լսէք ձեր մարգարէներին ու ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հաւահմաներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են, թէ՝ “Չենթարկուէ՛ք բաբելացիների արքային”, 10քանզի դրանք ձեզ համար սուտ մարգարէութիւն են անում, որպէսզի հեռացնեն ձեզ ձեր երկրից, որպէսզի ցրիւ տամ ձեզ, ու դուք կորչէք։

11Իսկ այն ազգը, որն իր պարանոցը կը դնի բաբելացիների արքայի լծի տակ եւ կ’ենթարկուի նրան, կը թողնեմ իր երկրում, - ասում է Տէրը. - կը մշակի այն եւ կը բնակուի այնտեղ»։

12Այս բոլոր բաները մէկ առ մէկ յայտնեցի նաեւ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրէ՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայեցէ՛ք նրան ու նրա ազգին, որպէսզի ապրէք։ 13Ինչի՞ համար սրով, սովով ու մահով մեռնէք դու եւ քո ժողովուրդը, ինչպէս այն ազգը, որը չի ուզի ծառայել բաբելացիների արքային, եւ որի մասին խօսեց Տէրը։ 14Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որոնք ձեզ ասում են, թէ՝ “Չենթարկուէ՛ք բաբելացիների արքային”. նրանք սուտ մարգարէութիւն են անում ձեզ համար։ 15«Ե՛ս չեմ ուղարկել նրանց, - ասում է Տէրը, - իսկ նրանք իմ անունից սուտ մարգարէութիւն են անում, միայն թէ կորստի մատնեն ձեզ։ Դուք էլ, ձեր մարգարէներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարէութիւն են անում, կորստեան էք դատապարտուելու»։

16Ինչ որ խօսեցի, կը յայտնես նաեւ քահանաներին ու համայն ժողովրդին, թէ այսպէս է ասում Տէրը. «Ականջ մի՛ դնէք այն մարգարէների խօսքերին, որ մարգարէութիւն են անում ձեզ համար եւ ասում. “Ահա Տիրոջ Տան սպասքը այժմ եւեթ Բաբելոնից պիտի վերադարձուի”։ Բայց դա զուր են մարգարէանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց։ 17Մի՛ լսէք նրանց, այլ ծառայեցէ՛ք բաբելացիների արքային, որպէսզի ապրէք։ Ինչո՞ւ այս քաղաքն աւերակ դառնայ։ 18Եթէ մարգարէներ են, ու նրանց մէջ կայ Տիրոջ խօսքը, թող գան դէմս կանգնեն»։ Տէրն այսպէս է ասում. «Եւ մնացած սպասքը, որ չյափշտակեց բաբելացիների արքան, երբ Յեքոնիային գերի վարեց Երուսաղէմից, պիտի Բաբելոն տարուի», - ասում է Զօրութիւնների Տէրը։ «Իսկ այն սպասքի մասին, որոնք, - ասում է Զօրութիւնների Տէրը, - մնացին Տիրոջ Տանը եւ Յուդայի երկրի թագաւորի տանը, Երուսաղէմից Բաբելոն նրանց չտարուելու մասին, 19սիւների մասին, մեծ աւազանի մասին, խարիսխների ու անօթների մասունքների մասին, որ մնացին այս քաղաքում, 20որոնք չյափշտակեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, երբ ինքը Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի ողջ ազատանուն գերի տարաւ Երուսաղէմից Բաբելոն, - 21ահա այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, Տիրոջ Տանը, Յուդայի երկրի թագաւորի տանը եւ Երուսաղէմում մնացած այդ սպասքի մասին. 22«Թող դրանք Բաբելոն տարուեն ու այնտեղ մնան մինչեւ այն օրը, երբ այցելութիւն կը տամ նրանց»։ Այսպէս է ասում Տէրը. «Դուրս կը հանեմ դրանք եւ կը վերադարձնեմ այստեղ»։

Էջմիածին · HYEJB1994