Երեմիա մարգարեյի գիրք
3
ԻՍՐԱՅԷԼԸ՝ ՊՈՌՆԿՈՒՀԻ
1«Եթէ մարդն արձակի իր կնոջը, եւ սա հեռանայ նրանից ու ամուսնանայ ուրիշ տղամարդու հետ, ապա նորից յետ գայ նախկին մարդու մօտ, արդեօք այդ կինը ամբողջապէս պղծուած չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում առաջնորդների հետ եւ վերադարձար ինձ մօտ, - ասում է Տէրը։ -
2Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր։ Ագռաւի պէս մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին եւ քո պոռնկութիւններով ու չարութիւններով երկիրը պղծեցիր։
3Ի գայթակղութիւն քեզ՝ բազում առաջնորդներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար եւ բոլորի մօտ կորցրիր քո ամօթը։
4Չընդունեցիր ինձ իբրեւ տաճար, իբրեւ Հայր եւ Իշխան քո կուսութեան։
5“Միթէ Տէրը յաւիտեան բարկացա՞ծ պիտի մնայ եւ բարկութիւնն ընդմիշտ պիտի պահի՞”. - ահա այսպէս ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները եւ զօրացար»։
ԻՍՐԱՅԷԼԸ ԵՒ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿԻՐԸ ՊԷՏՔ Է ԶՂՋԱՆ
6Օսիա արքայի օրօք Տէրն ինձ ասաց. «Տեսա՞ր, թէ ինչ արեց Իսրայէլի այդ բնակչութիւնը. գաղտնի գնաց եւ այնտեղ, բոլոր բարձր լեռների վրայ ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացաւ։ 7Այդքան պոռնկանալուց յետոյ ես նրան ասացի՝ “Ինձ մօ՛տ դարձիր”, բայց չդարձաւ։ Նրա ցոփութեանն ականատես եղաւ ուխտադրուժ Յուդայի երկիրը։ 8Երբ Իսրայէլի բնակչութիւնն ամբողջովին տարուեց շնութեամբ եւ բռնուեց դրա մէջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տուի ձեռքը, ու ես տեսայ, որ նրա ուխտադրուժ քոյրը՝ Յուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացաւ։ 9Նա իր պոռնկութեամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։ 10Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, - նրա ուխտադրուժ քոյր Յուդան չդարձաւ դէպի ինձ ամբողջ սրտով, այլ՝ դարձաւ ստութեամբ։ 11Իսրայէլը, - ասում է ինձ Տէրը, - արդարացրեց իր ապստամբութիւնը՝ ուխտազանց Յուդայի համեմատութեամբ։ 12Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. “Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ, - ասում է Տէրը։ - Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ, - ասում է Տէրը, ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի։
13Բայց դու գիտակցի՛ր քո անօրէնութիւնները, որովհետեւ դու ամբարշտացար քո Տէր Աստծու դէմ եւ օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր, - ասում է Տէրը։ -
14Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ, - ասում է Տէրը։ - Կ’առնեմ ձեզ, ամէն քաղաքից՝ մէկին եւ ամէն ցեղից՝ երկուսին, ու կը տանեմ ձեզ Սիոն։ 15Իմ սրտին հաճելի առաջնորդներ կը տամ ձեզ. թող նրանք իմաստութեամբ հովուութիւն անեն ձեզ։ 16Ու երբ երկրի վրայ այն օրերին դուք բազմանաք ու աճէք, - ասում է Տէրը, - այլեւս չեն ասելու՝ “Իսրայէլի Սուրբ Ուխտի տապանակը”, չի յիշուելու այն, նրա անունն այնտեղ չի տրուելու, այլեւս չի փնտռուելու այն եւ չի վերաշինուելու։ 17Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղէմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը հաւաքուելու են Երուսաղէմում՝ Տիրոջ անունը մեծարելու եւ այլեւս չեն հետեւելու իրենց չար սրտերի խորհուրդներին։ 18Այն օրերին Իսրայէլի տունը միանալու է Յուդայի տանը, եւ հիւսիսից ու բոլոր գաւառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրեւ ժառանգութիւն տուի նրանց հայրերին”»։
ԱՆԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
19Ես ասացի՝ թող լինի՛, Տէ՛ր։ «Ձեզ որդիներիս մէջ կարգել կամեցայ՝ ձեզ տալու համար ընտիր երկիրը՝ իբրեւ ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգութիւն. ասացի, որ հայր կոչես ինձ եւ այլեւս երես չթեքես ինձնից։
20Բայց ինչպէս կինն է անարգում իր ամուսնուն, այնպէս էլ դու ինձ անարգեցիր, ո՛վ Իսրայէլի տուն, - ասում է Տէրը։ -
21Լացի ու պաղատանքի ձայնը գուժեց իսրայէլացիների շուրթերից, քանզի անիրաւութիւն գործեցին իրենց ճանապարհներին եւ մոռացան իրենց սուրբ Աստծուն։
22Դարձէ՛ք, որդինե՛ր, եւ ես կը փարատեմ ձեր ցաւը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես մեր Տէր Աստուածը։
23Արդարեւ, ունայն էին բլուրների եւ բարձունքների բագինները եւ նրանց զօրութիւնը. Իսրայէլի տան փրկութիւնը մեր Տէր Աստծու ձեռքին է։
24Մեր մանկութիւնից ի վեր խայտառակութիւնը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հօտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։
25Մենք մեր ամօթով քուն մտանք, եւ մեր անարգանքները մեզ ծածկոց եղան, քանզի մենք եւ մեր հայրերը մանկութիւնից մինչեւ այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք եւ մեր Տէր Աստծու ձայնը չլսեցինք»։