Երեմիա մարգարեյի գիրք

34

ՊԱՏԳԱՄ ՍԵԴԵԿԻԱՅԻՆ

1Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զօրքերով, իր իշխանութեանը ենթակայ բոլոր թագաւորութիւններով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելաւ Երուսաղէմի եւ Յուդայի երկրի բոլոր քաղաքների դէմ, Տէրը խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.

2«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. գնա՛ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի մօտ եւ ասա՛ նրան. այսպէս է ասում Տէրը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնուի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրաւի ու հրով այն։ 3Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկուես, անպայման պիտի բռնուես ու մատնուես նրա ձեռքը։ Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դէմառդէմ պիտի խօսես նրա հետ եւ գնաս Բաբելոն։ 4Բայց լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ Յուդայի երկրի Սեդեկիա արքայ. այսպէս է ասում Տէրը քո մասին. 5“Սրով չպիտի մեռնես, այլ խաղաղութեան մէջ պիտի մեռնես, եւ ինչպէս որ քո հայրերին՝ առաջին թագաւորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպէս էլ պիտի ողբան քեզ, թէ՝ ‘ Վա՜յ, վա՜յ տէր”։ Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խօսեցի”», - ասում է Տէրը։

6Երեմիա մարգարէն այս բոլոր բաները Երուսաղէմում յայտնեց Յուդայի Սեդեկիա արքային։ 7Իսկ բաբելացիների թագաւորի զօրքը կռւում էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի երկրի քաղաքների մէջ միայն սրանք էին մնացել որպէս ամուր քաղաքներ։

ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ

8Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Սեդեկիա արքան, ազատութեան կոչով, ուխտ կնքեց Երուսաղէմում եղած ամբողջ ժողովրդի հետ, 9որպէսզի իւրաքանչիւր ոք՝ իր ծառային, եւ ամէն մէկն՝ իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի , ազատութիւն տայ եւ արձակի նրանց, որպէսզի Յուդայի ազգատոհմից ոչ մի մարդ իր եղբօրը ծառայ չդառնայ։ 10Եւ բոլոր մեծամեծներն ու ամբողջ ժողովուրդը, որոնք ուխտ էին դրել ազատ արձակելու իւրաքանչիւրն՝ իր ծառային, եւ ամէն մէկն՝ իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի կին, արձակեցին նրանց, որպէսզի նրանք այլեւս իրենց չծառայեն։ 11Լսեցին ու արձակեցին, իսկ յետոյ յետ կանգնեցին եւ նորից բերեցին իրենց ծառաներին ու աղախիններին, որոնց ազատ էին արձակել, եւ նրանց դարձրին ծառաներ ու աղախիններ։

12Տէր , խօսքն ուղղելով Երեմիային, ասաց.

13«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ այն օրը, երբ նրանց փրկեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից եւ ասացի, թէ՝ 14“Երբ վեց տարին լրանայ, քո եբրայեցի եղբօրը, որ քեզ կը վաճառուի եւ վեց տարի քեզ համար կ’աշխատի, քեզնից ազա՛տ արձակիր”, բայց ձեր հայրերը չլսեցին ինձ, չխոնարհեցրին իրենց ականջները։ 15Այսօր նրանք յետ են դարձել, որպէսզի իմ աչքի առաջ անեն այն, ինչ հաճելի է ինձ, որ իւրաքանչիւրն ազատ յայտարարի իր ընկերոջը, իմ աչքի առաջ կատարեն ուխտն այն Տան մէջ, որի վրայ դրուած է իմ անունը։ 16Բայց դուք շրջուեցիք ու պղծեցիք իմ անունը, իւրաքանչիւրը դարձաւ իր ծառայի մօտ, ամէն մէկն՝ իր աղախնի մօտ, որոնց ձեր հոգու համար ազատ էիք արձակել, եւ ստիպեցիք, որ վերադառնան եւ ծառայ ու աղախին լինեն ձեզ»։

17Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Դուք չլսեցիք ինձ, իւրաքանչիւրն՝ իր եղբօրը, եւ ամէն մէկն իր մերձաւորին ազատ չյայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատութիւն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահուան միջոցով, - ասում է Տէրը. - 18ձեզ պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ։ Այն մարդկանց, որոնք խախտեցին իմ ուխտը եւ իմ առաջ կատարած իրենց ուխտի պատգամներին հաւատարիմ չմնացին, հորթը երկու մասի բաժանեցին եւ անցան նրա երկու մասերի միջով, 19Յուդայի երկրի իշխաններին եւ Երուսաղէմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաեւ երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով, “ 20այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։ 21Իսկ Հրէաստանի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զօրքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրայ։ 22Ահաւասիկ ես հրաման եմ տալու, - ասում է Տէրը, - եւ նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրայ. նրանք պիտի պատերազմեն դրա դէմ, գրաւեն ու հրով այրեն այն։ Յուդայի երկրի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն