Երեմիա մարգարեյի գիրք
35
ՌԱՔԱԲԻՄԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ
ՀՐԱԺԱՐՒՈՒՄ Է ԳԻՆԻ ԽՄԵԼՈՒՑ
1Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի օրերին Տէրը իր խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.
2«Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ Տան սրահներից մէկը եւ գինի՛ խմեցրու նրանց»։
3Ու ես Քաբասինիայի որդի Երեմի որդի Յեքոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին՝ Ռաքաբիմի ամբողջ գերդաստանը, 4բերի Տիրոջ Տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնւում էր իշխանների սրահի մօտ, մուտքի պահապան Սելոմի որդի Մաասի սրահի վերեւում։ 5Ռաքաբիմի որդիների առաջ դրեցի մի աման լիքը գինի ու բաժակներ եւ ասացի նրանց. «Խմեցէ՛ք այդ գինին»։ 6Նրանք ասացին. «Գինի չենք խմում, որովհետեւ մեր հայր Յոնադաբը՝ Ռեքաբի որդին, մեզ պատուիրել է ու ասել. “Դուք եւ ձեր որդիները յաւիտեանս գինի մի՛ խմէք,
7նաեւ տներ չշինէ՛ք, սերմ չցանէ՛ք եւ այգիներ չտնկէ՛ք, այլ ձեր բոլոր օրերում բնակուեցէ՛ք վրանների մէջ, որպէսզի այդ երկրում, ուր դուք պանդուխտ էք, բազմապատկուեն ձեր կեանքի օրերը”։
8Եւ մենք ամէն բանում, ինչ պատուիրել էր մեզ, ականջ դրինք մեր հայր Յոնադաբի՝ Ռեքաբի որդու ձայնին, “թէ՛ մենք եւ թէ՛ մեր կանայք, թէ՛ մեր տղաներն ու աղջիկերը, “որ մեր բոլոր օրերում չխմենք գինի, 9տներ չշինենք եւ չբնակուենք նրանց մէջ. մենք չունեցանք նաեւ այգիներ, հանդեր ու ցանքեր. 10բնակուեցինք վրանների տակ եւ լսեցինք ու կատարեցինք այն ամէնը, ինչ պատուիրել էր մեզ մեր հայր Յոնադաբը»։ 11Բայց երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան մտաւ այս երկիրը, ասացինք՝ “Քաղդէացիների զօրքի պատճառով, ասորեստանցիների զօրքի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղէմ եւ այնտեղ ապրենք”»։
12Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով.
13«Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. գնա՛ եւ յայտնի՛ր Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակիչներին. “Խրատ չէ՞ք առնում՝ հետեւելու համար իմ խօսքերին”, - ասում է Տէրը։ 14Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հաւատարիմ մնացին այն պատուիրանին, որ նա տուել էր իր որդիներին՝ գինի չխմել։ Եւ նրանք չխմեցին մինչեւ օրս, որովհետեւ իրենց հօր պատուիրանը լսող եղան։ Իսկ ես սկզբից եւեթ խօսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ։ 15Ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանխաւ ուղարկեցի, որ ամէնքդ յետ դառնաք ձեր չար ճանապարհից, աւելի բարի գործեր կատարէք, չհետեւէք օտար աստուածներին ու չծառայէք նրանց, որպէսզի բնակուէք այդ երկրում, որ տուեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները եւ չլսեցիք ինձ։ 16Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները պահեցին իրենց հօր տուած պատուիրանը, իսկ այդ ժողովուրդը չլսեց ինձ»։
17Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսել էի, որովհետեւ ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատաասխան չտուին»։
18Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպէս ասաց Երեմիան. «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Քանի որ Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հետեւեցին իրենց հօր պատուիրանին, հաւատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամէնը, ինչ որ նրանց պատուիրել էր իրենց հայրը, 19դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այս երկրի ողջ գոյութեան ընթացքում թող Ռեքաբի որդի Յոնադաբի որդիներից այր մարդ չպակասի՝ իմ առաջ կանգնելու համար”»։
Էջմիածին · HYEJB1994