Երեմիա մարգարեյի գիրք
38
ԵՐԵՄԻԱՅԻՆ ՆԵՏՈՒՄ ԵՆ ԳԲԻ ՄԷՋ
1Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յովաքաղը եւ Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խօսքերը, որ նա ասում էր ամբողջ ժողովրդին, թէ՝ 2այսպէս է ասում Տէրը. «Ով որ մնայ այս քաղաքում, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնի, իսկ ով գնայ քաղդէացիների մօտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնուածի պէս պիտի լինի, նա պիտի փրկուի»։
3Այսպէս է ասում Տէրը. «Այդ քաղաքը պիտի մատնուի բաբելացիների թագաւորի զօրքի ձեռքը, պիտի գրաւեն դա»։
4Եւ իշխաններն ասացին թագաւորին. «Թող սպանուի այս մարդը, որովհետեւ այդպիսով նա թուլացնում է բազուկները կռուող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խօսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թէ օգուտի եւ խաղաղութեան խօսքեր է ասում ժողովրդին, այլ՝ չարութեան»։
5Իսկ Սեդեկիա արքան, ամենեւին ձեռնհաս չլինելով նրանց դէմ որեւէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»։
6Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մէջ։
7Եթովպացի Աբդիմելէքը, ներքինի մի մարդ, որը թագաւորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը, 8երբ թագաւորական ապարանքից նրա մօտ գնաց Աբդիմելէքը, խօսեց թագաւորի հետ ու ասաց. 9«Տէ՛ր արքայ, այդպէս վարուելով Երեմիա մարգարէի հետ՝ այդ մարդիկ, ըստ ամենայնի, չարիք գործեցին, որովհետեւ նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է։ Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահուան մատնելով Աստծու մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկայ»։
10Թագաւորը եթովպացի Աբդիմելէքին հրաման տուեց ու ասաց. «Այստեղից դու քեզ հետ վերցրո՛ւ երեսուն մարդ, մարգարէին հանեցէ՛ք այն գբից, որպէսզի չմեռնի»։
11Աբդիմելէքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագաւորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առաւ հին կապերտներ ու հին պարաններ եւ դրանք իջեցրեց Երեմիայի մօտ, գբի մէջ։
12Աբդիմելէք Եթովպացին Երեմիային ասաց. «Հին կապերտներն ու բրդերը դի՛ր քո թեւատակերին, պարանների տակ»։ 13Երեմիան այդպէս էլ արեց։ Նրան պարաններով քաշեցին եւ հանեցին գբից։ Երեմիան նստեց բանտի գաւթի մէջ։
ՍԵԴԵԿԻԱՆ ԴԻՄՈՒՄ Է ԵՐԵՄԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ
14Սեդեկիա արքան մարդ ուղարկեց եւ մարգարէին կանչեց իր մօտ, Ասսալիսայի կացարանը, որը գտնւում էր Տիրոջ տաճարի մէջ։ Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թէ ինձնից պահես»։ 15Իսկ Երեմիան թագաւորին ասաց. «Եթէ պատմեմ քեզ, արդեօք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթէ քեզ որեւէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի»։ 16Սեդեկիա արքան գաղտնի երդում տուեց նրան եւ ասաց. «Կենդանի է Տէրը, որ մեր մէջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու եւ չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»։ 17Երեմիան նրան ասաց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Եթէ ելնես գնաս բաբելացիների արքայի զօրավարի մօտ, ապա քո անձը ողջ կը մնայ, եւ այս քաղաքը հրով չի այրուի, կ’ապրէք դու էլ, քո տունն էլ։ 18Իսկ եթէ չգնաս բաբելացիների արքայի իշխանների մօտ, այս քաղաքը կը մատնուի քաղդէացիների ձեռքը, հրով կ’այրեն դա, ու դու նրանց ձեռքից չես փրկուի»։
19Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդէացիների մօտ փախած հրեաների նկատմամբ. գուցէ ինձ մատնեն նրանց ձեռքը, եւ նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»։ 20Իսկ Երեմիան ասաց. «Չեն մատնի քեզ, սակայն լսի՛ր Տիրոջ խօսքերը, որ ես յայտնում եմ քեզ. քեզ համար լաւ կը լինի, եւ քո անձը կը փրկուի։ 21Իսկ եթէ չկամենաս գնալ, ապա արդիւնքը կը լինի այն բանը, ինչ Տէրն ինձ ցոյց է տուել։ 22Ահաւասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Յուդայի երկրի թագաւորիդ տանը, պիտի տարուեն բաբելացիների արքայի իշխանների մօտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ հաշտութեան մէջ էին, քեզ խաբեցին եւ յաղթեցին, մոլորութեան մէջ գցեցին քո ոտքերը եւ երես դարձրին քեզնից։ 23Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդէացիների մօտ, եւ դու էլ նրանց ձեռքից չես փրկուելու, որովհետեւ բաբելացիների թագաւորի ձեռքով պիտի բռնուես, իսկ այս քաղաքը պիտի այրուի հրով”»։
24Եւ թագաւորը նրան ասաց. «Ո՛վ դու մարդ, թող ոչ ոք չիմանայ այդ բաների մասին, թէ չէ կը մեռնես։ 25Իսկ եթէ իշխանները լսեն, որ խօսեցի քեզ հետ, եւ գան քեզ մօտ ու ասեն. “Պատմի՛ր մեզ՝ ի՛նչ խօսեցիր արքայի հետ, մեզնից մի՛ թաքցրու, մենք քեզ չենք սպանի” կամ թէ՝ “Արքան քեզ ի՞նչ ասաց”, - 26ապա նրանց կ’ասես. ‘ Ես գութ աղերսեցի արքայի առաջ, որ ինձ նորից յետ չդարձնի Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»։
27Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ ու հարցուփորձ արին նրան. նա պատմեց նրանց այն ամէնը, ինչ պատուիրել էր նրան թագաւորը, ու նրան հանգիստ թողին, որովհետեւ ոչինչ յայտնի չդարձաւ։ 28Ու Երեմիան նստեց բանտի գաւթում մինչեւ այն ժամանակ, երբ Երուսաղէմը գրաւուեց։