Երեմիա մարգարեյի գիրք

40

ԵՐԵՄԻԱՆ ՄՆՈՒՄ Է ԳՈԴՈՂԻԱՅԻ ՄՕՏ

1Սա է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղէմի եւ Յուդայի երկրի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։ 2Առաւ նրան դահճապետն ու ասաց. «Քո Տէր Աստուածն հէնց ա՛յս տեղի համար բարբառեց այդ չարութիւնների մասին։ 3Տէրն սպառնաց եւ կատարեց այնպէս, ինչպէս խօսել էր, քանզի մեղանչեցիք Տիրոջ հանդէպ եւ ականջ չդրիք նրա ձայնին, որի համար էլ այդ բանը պատահեց ձեզ հետ։ 4Եւ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթէ քեզ համար հաճելի ես գտնում ինձ հետ գալ Բաբելոն՝ արի՛, աչք կը պահեմ քեզ վրայ, իսկ եթէ քո աչքին վատ է թւում ինձ հետ գալ Բաբելոն՝ մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը բարիքներով քո առաջ է. ուր որ հաճելի է քեզ՝ այնտեղ էլ գնա՛։ 5Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛ ում մօտ որ կամենում ես։ Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, որին բաբելացիների արքան Հրէաստանի՝ քո երկրի վրայ կարգեց. նրա հետ կը բնակուես ժողովրդի մէջ։ Իսկ եթէ չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ՝ գնա՛»։ Ապա դահճապետը նրան պաշար ու պարգեւներ տուեց եւ արձակեց։ 6Երեմիան գնաց Մասեփա, Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ բնակուեց այնտեղ երկրում մնացած ժողովրդի մէջ։

ԳՈԴՈՂԻԱՆ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

()

7Բոլոր զօրքերի հրամանատարները, որոնք գտնւում էին դաշտում, իրենք ու իրենց զօրքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան յանձնելով տղամարդկանց ու կանանց եւ մեծաթիւ ժողովրդի, ինչպէս եւ երկրի բնակչութեան մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն։ 8Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մօտ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայէլը, Կարէի որդիներ Յովնանն ու Յովնաթանը, Թանաթէմի որդի Սարեան, Նետոփատի որդի Օփերի որդիներն ու Մաքաթիի որդի Յեզոնիան։ 9Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց տուեց ու ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի պաշտօնեաներից, ապրեցէ՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձէք բաբելացիների արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի։ 10Ես էլ ահաւասիկ մնում եմ Մասեփայում, որպէսզի դէմ կանգնեմ այն քաղդէացիներին, որոնք կը յարձակուեն ձեզ վրայ։ Իսկ դուք ու միրգ մթերեցէ՛ք, ձեր ամանների մէջ իւղ կուտակեցէ՛ք եւ բնակուեցէ՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջութեամբ պահեցիք»։

11Եւ բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին եւ ամոնացիների մէջ, որոնք Եդոմում էին, ոմանք էլ՝ տարբեր երկրներում, լսեցին, որ բաբելացիների արքան ժողովրդի մի մասը թողել է Հրէաստանում եւ նրանց վրայ վերակացու է դրել Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային, “ 12այդ բոլոր հրեաներն ամէն տեղից, ուր ցրուած էին, եկան Յուդայի երկիրը, Մասեփա, Գոդողիայի մօտ, եւ չափազանց շատ գինի ու միրգ մթերեցին։

ԴԱՒ ԳՈԴՈՂԻԱՅԻ ԴԷՄ

()

13Կարէի որդի Յովնանն ու զօրքերի բոլոր հրամանատարները եւս, որոնք ուրիշ տեղ էին գտնւում, Մասեփայում ներկայացան Գոդողիային եւ ասացին նրան. 14«Գիտե՞ս այն մասին, որ ամոնացիների Բայաելիս թագաւորը Նաթանի որդի Իսմայէլին ուղարկել է քեզ մօտ, որպէսզի սպանի քեզ»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան չհաւատաց նրանց։ 15Ապա Կարէի որդի Յովնանը Մասեփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Թո՛յլ տուր գնամ սպանեմ Նաթանի որդի Իսմայէլին, ու ոչ ոք թող չիմանայ. գուցէ մի օր նա սպանի քեզ, եւ հրեաները, որոնք հաւաքուած են քեզ մօտ, ցրուեն, ու Յուդայի երկրի մնացորդներն էլ կորչեն»։ 16Իսկ Աքիկամի որդի Գոդողիան Կարէի որդի Յովնանին ասաց. «Մի՛ արա ինչպէս ասացիր, քանզի Իսմայէլի մասին դու սուտ խօսեցիր»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն