Երեմիա մարգարեյի գիրք

41

ԳՈԴՈՂԻԱՅԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

1Պատահեց այնպէս, որ եօթներորդ ամսին թագաւորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայէլը թագաւորի պաշտօնեաների եւ տասը մարդու ուղեկցութեամբ եկաւ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ նրանք միասին կերան Մասեփայում։ 2Ապա Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացաւ, սրով հարուածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային եւ սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրայ վերակացու էր դրել։ 3Բոլոր հրեաներին եւս, որոնք Գոդողիայի հետ Մասեփայում էին, ինչպէս նաեւ այնտեղ գտնուած բոլոր քաղդէացիներին, որոնք պատերազմող մարդիկ էին, Իսմայէլը կոտորեց։

4Իսկ Գոդողիայի սպանութեան յաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք այդ մասին չգիտէր, 5Սիւքէմից, Սաղէմից եւ Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ, մօրուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին՝ ընծաներ եւ , որպէսզի տանեն Տիրոջ Տունը։ 6Մասեփայում նրանց ընդառաջ ելաւ Նաթանի որդի Իսմայէլը. նա գնում էր ու լաց լինում։ Իսկ երբ մօտեցաւ նրանց, ասաց. «Մտէ՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ»։ 7Հէնց որ քաղաքամէջ հասան, Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած մարդկանցով քաղաքի մէջ կոտորեց նրանց եւ լցրեց ջրհորը։ 8Այնտեղ տասը մարդ կար, որոնք ասացին Իսմայէլին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետեւ մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու իւղ»։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։ 9Իսկ ջրհորը, որի մէջ Իսմայէլը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մի մեծ ջրհոր էր, որը Իսրայէլի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայէլն այն լցրեց սպանուածներով։

10Իսմայէլը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին եւ թագաւորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը յանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայէլը առաւօտ կանուխ ելաւ գնաց միւս կողմը՝ ամոնացիների մօտ։

11Երբ Կարէի որդի Յովնանը եւ զօրքերի բոլոր հրամանատարները, որոնք նրա հետ էին, լսեցին այն բոլոր չարիքների մասին, որ գործել էր Նաթանի որդի Իսմայէլը, հաւաքեցին իրենց բոլոր զինուորներին 12եւ շարժուեցին, որպէսզի գնան մղեն Նաթանի որդի Իսմայէլի դէմ։ Նրան հանդիպեցին Գաբաւոնում, յորդ ջրերի մօտ։ 13Իսկ երբ Իսմայէլի հետ եղած ամբողջ ժողովուրդը նկատեց Կարէի որդի Յովնանին եւ բոլոր զօրապետներին, որ նրա հետ էին, ուրախացաւ։ 14Ամբողջ ժողովուրդը, որին Իսմայէլը գերել էր Մասեփայում, անցաւ նրանց կողմը, եկաւ Կարէի որդի Յովնանի մօտ։ 15Բայց Նաթանի որդի Իսմայէլը ութ տղամարդու հետ փրկուեց Յովնանի ձեռքից եւ ընկաւ ամոնացիների մօտ։

16Ապա Կարէի որդի Յովնանն ու բոլոր զօրապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայէլի ձեռքից այն բանից յետոյ, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբաւոնացիների երկրից առան հզօր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին, 17գնացին ու կանգ առան Բերութքամամ , Բեթղահէմի դիմաց, որպէսզի քաղդէացիների երկիւղից անցնեն գնան Եգիպտացիների երկիրը։ 18Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայէլն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրայ կառավարիչ էր կարգել։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն