Երեմիա մարգարեյի գիրք
48
ՄՈՎԱԲԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
Մովաբի մասին
1Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ, գրաւուեց. ամօթահար եղաւ Մոսոգամբն ու պարտութեան մատնուեց։
2Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ “Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձուի”։ Հուրն է շրջում քո յետեւից։
3Օրոնայիմից լսւում է գուժկանների բօթը. “Մովաբն աւերուեց ու մեծ կոտորածի ենթարկուեց”։
4Գոյժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց,
5եւ լացով են բարձրանում Օրոնայիմի ճանապարհով։ Տագնապ ու կոտորածի բօթ լսեցի.
6փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կը լինէք ինչպէս անապատի ցիռ։
7Յոյսդ դրել էիր քո ամրոցների վրայ, բայց պիտի վրայ հասնեն նեղութիւնները, ու դու պիտի բռնուես։ Քամոսը գերի պիտի գնայ իր քուրմերի ու իր իշխանների հետ։
8Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք իսկ չպիտի փրկուի, բնակիչը պիտի ոչնչանայ, դաշտեցին՝ բնաջնջուի»։
9Այսպէս է ասում Տէրը. «Մի ծաղիկ տուէք Մովաբին որպէս նշան, որը տոչորուելով պիտի տոչորուի, իսկ նրա բոլոր քաղաքները անապատի պիտի վերածուեն բնակիչներ չլինելու պատճառով»։
10Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կը կատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կը պահի։
ՄՈՎԱԲԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
11«Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մէջ էր մնացել, եւ բոյրը չէր չքացել։
12Ահա թէ ինչու օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մօտ, որոնք պիտի կռացնեն նրան, նրա անօթները պիտի մանրեն ու նրա ամանները փշրեն։
13Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից։
14Ինչո՞ւ էք ասում, թէ՝ “Հզօր ենք, կռուի մէջ զօրեղ տղամարդ ենք”։
15Կորստեան մատնուեց Մովաբն իր քաղաքներով, եւ նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու, - ասում է արքան, որի անունը Զօրութիւնների Տէր է։
16Մովաբի օրհասը մօտ է, եւ ձախորդութիւնները մեծ արագութեամբ նրա վրայ են գալիս։
17Խղճացէ՛ք նրան ամէն կողմից. ամէնքդ, որ գիտէք նրա անունը, ասացէ՛ք. “Ինչո՞ւ խորտակուեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գաւազանը”։
18Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան մատնուեց, վրայ հասաւ քո ամրոցները կործանողը։
19Դու, որ նստում ես Արովէրում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր եւ հարցրո՛ւ փախստականներին ու փրկուածներին, ասա՛՝ “Ի՞նչ տեղի ունեցաւ”։
20Ամօթահար եղաւ Մովաբը, որովհետեւ կործանուեց։ Ճչա՛ եւ աղաղակի՛ր, գո՛յժ տուր Առնոնին, թէ Մովաբը կործանուեց։
21Դատաստանն է սպառնում Միսորի երկրին՝ 22Քիլոնին, Յասսային, Մոփաթին, Դեբոնին եւ Նաբաւին, Դեբլաթեմի տանն 23ու Կարիաթիմին, Գամողի տանը եւ Մաւոնի տանը, 24Կարիաւոթին, Բոսորին եւ Մովաբի երկրի հեռաւոր ու մօտիկ բոլոր քաղաքներին։
25Ջարդուեց Մովաբի եղջիւրը, եւ նրա յանդգնութիւնը խորտակուեց», - ասում է Տէրը։
ՄՈՎԱԲԸ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՅ ԾԱՂՐԻ ԱՌԱՐԿԱՅ
26Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ, որպէսզի ինքն էլ խայտառակ լինի։
27Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի գերուես։
28Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին։
29Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ դարձաւ նա։
30«Ես էլ իմացայ նրա արած գործերը, - ասում է Տէրը։ - Միթէ ըստ նրա կարողութեան չէի՞ն նրա բազուկները, բայց նա այդպէս չգործեց։
31Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը։
32Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի։ Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան մինչեւ Յազեր, քո մրգերին եւ քո այգեքաղին սպառնաց մահը։
33Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ առաւօտները խաղող չպիտի ճմլեն, եւ երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսուի։
34Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները, Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը բարձրացրին եւ գուժեցին մինչեւ Սալէս, որովհետեւ Եբերիմի ջուրն անգամ տաքանալով ցամաքեց։
35Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին։
36Դրա համար էլ սիրտն իմ սրնգի պէս կանչ է արձակում Մովաբի վրայ, սիրտն իմ, իբրեւ շեփորի ձայն, ուղղուած է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ։ Դրա համար էլ ինչ հարստութիւն որ ունէր, մարդկանց ձեռքով պիտի կորչի։
37Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրուեն, բոլոր մօրուքները կտրուեն, բոլոր ձեռքերին կտրուածքներ պիտի լինեն, բոլոր մարմինները պիտի լինեն քրձազգեաց։
38Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։ Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ», - ասում է Տէրը։
39Ինչպէ՜ս կործանուեց, ողբացէ՛ք, ինչպէ՜ս դարձրեց նա իր թիկունքը. ամաչեց, ծաղրելի դարձաւ, եւ նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։
ՄՈՎԱԲԸ ՉԻ ԱԶԱՏՈՒԻ
40Այսպէս է ասում Տէրը. «Ահա արծուի նման թշնամին առաջ պիտի սլանայ եւ իր թեւերը տարածի Մովաբի վրայ։
41Պիտի գրաւուի Կարիաւոթը, պիտի նուաճուեն նրա ամրոցները, եւ այն օրը Մովաբի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս։
42Մովաբը, իբրեւ ժողովուրդ, պիտի կորչի, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ։
43Վիհ, սարսափ ու որոգայթ պիտի լինի քեզ համար, ո՛վ դու, որ բնակւում ես Մովաբում.
44ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնուի որոգայթի մէջ, քանզի այն տարին, երբ պատժելու լինեմ Մովաբին, ամէն ինչ նրա գլխին պիտի բերեմ, - ասում է Տէրը։
45Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին եւ փորձութեան ենթարկեց ամոնացիներին։
46Վա՜յ քեզ, Մովա՛բ, որ կորցրիր Քամոսի ժողովրդին, քանզի նրա որդիներն ու դուստրերը գերեվարուեցին։
47Բայց վերջին օրերը, - ասում է Տէրը, - Մովաբի գերեալներին պիտի վերադարձնեմ»։ Մովաբի դատաստանը մինչեւ այստեղ է լինելու։