Երեմիա մարգարեյի գիրք

5

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԵՂՔԸ

1«Երուսաղէմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժուեցէք, նայեցէ՛ք, իմացէ՛ք եւ փնտռեցէ՛ք նրա հրապարակներում. եթէ այնտեղ գտնէք մի մարդ, որ արդար գործ անի եւ լինի ճշմարտութեանը հետամուտ, ապա ես թողութիւն կը տամ նրա բնակիչներին», - ասում է Տէրը։ -

2Եթէ նրանք նոյնիսկ ասեն, թէ կենդանի է Տէրը, իրաւ որ սուտ երդուած կը լինեն։

3Տէ՛ր, աչքերդ յառած ճշմարտութեանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցաւ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից աւելի կարծրացրին եւ չուզեցին դարձի գալ։

4Եւ ես ասացի՝ թերեւս լինելով՝ անկարող եղան ճանաչելու Տիրոջ ճանապարհներն ու Աստծու օրէնքները.

5գնամ հարուստների մօտ եւ նրանց հետ խօսեմ. գուցէ նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրէնքները։ Բայց ահաւասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։

6Դրա համար էլ անտառի առիւծը կոտորեց նրանց, եւ գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչեւ տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառիւծը, եւ բոլորը, ովքեր այնտեղից դուրս կը գան՝ կ’ընկնեն իբրեւ դիակ, քանզի իրենց ամբարշտութիւնները բազմացրին եւ իրենց անհնազանդութեան մէջ զօրացան։

7«Սրանցից որի՞ համար հաշտուեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին եւ չաստուածներով երդուեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթեւանեցին։

8Նրանք դարձան իգամոլ ձիեր, եւ ամէն մէկն իր ընկերոջ կնոջ վրայ էր վրնջում։

9Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, - միթէ ես չե՞մ պատժելու, կամ այդպիսի ազգից ես վրէժ չե՞մ լուծելու։

10Բարձրացէ՛ք քաղաքի աշտարակների վրայ եւ կործանեցէ՛ք, բայց իսպառ մի՛ աւերէք. թողէ՛ք մնան նրա հիմքերը, որովհետեւ դրանք Տիրոջն ։

11Յիրաւի, Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը չափազանց արհամարհեցին ինձ», - ասում է Տէրը։

12Նրանք ստեցին իրենց Տիրոջը եւ ասացին. “Բան չկայ, մեզ վրայ չարիքներ չեն գայ, սուր ու սով չենք տեսնի։

13Մեր մարգարէները քամի էին, նրանք չունէին Տիրոջ պատգամը։ Այդպէս էլ թող լինի նրանց”։

14Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Քանի որ այդ բանը բարբառեցին, ահաւասիկ իմ խօսքը քո բերանն եմ դնում իբրեւ կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին ինչպէս փայտ։

15Ո՛վ Իսրայէլի , - ասում է Տէրը,- ահա հեռուից ես ձեզ վրայ պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չէք լինի եւ խօսքը չէք հասկանայ։

16Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։ Ամէնքն էլ զօրաւոր են.

17ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, աւերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում էք, սրով հիմնիվեր կործանելու են։

18Բայց այն օրն էլ, - ասում է քո Տէր Աստուածը, - ձեզ ձեր վախճանին չեմ հասցնելու.

19եւ երբ ասելու լինեն՝ “Մեր Տէր Աստուածն այս ամէնն ինչո՞ւ արեց մեզ”, կ’ասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք եւ ձեր երկրում ծառայեցիք օտար աստուածներին, այդպէս էլ օտարներին էք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։

ԱՍՏՈՒԱԾ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

20Այդ մասին իմա՛ց տուէք Յակոբի տանը, թող լսելի դառնայ նաեւ Յուդայի տանը. ասացէ՛ք.

21«Լսեցէ՛ք այս բանը, յիմա՛ր եւ անմի՛տ , որ աչքեր ունէք, բայց չէք տեսնում, ականջներ ունէք բայց չէք լսում։

22Միթէ ինձնից չէ՞ք երկնչում, - ասում է Տէրը, - իմ երեսից չէ՞ք դողում, ես, որ աւազը ծովին սահման կարգեցի յաւիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծուի, բայց չկարողանայ դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։

23Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոստ սիրտ ունի. խոտորուեցին ու անցան գնացին։

24Իրենց մտքում իսկ չասացին. “Վախեցէ՛ք մեր Տէր Աստծուց, որը, ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ եւ յետոյ, անձրեւ է տալիս մեզ եւ պահպանում է մեզ։

25Մեր անօրէնութիւննե՛րը խախտեցին այդ կարգը, եւ մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները”։

26Արդարեւ, իմ ժողովրդի մէջ գտնուեցին ամբարիշտներ եւ, մարդկանց ոչնչացնելու համար, թռչնորսների թակարդների պէս որոգայթներ ու ցանցեր լարեցին եւ որսում էին։

27Ինչպէս որոգայթներն են լի թռչուններով, այնպէս էլ նրանց տներն են լեցուն նենգութեամբ։

28Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան եւ չարութեամբ զանց առան իմ խօսքերը. արդար չարին, որբի իրաւունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։

29Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, - միթէ ես չե՞մ պատժելու, կամ այդպիսի ազգից ես վրէժ չե՞մ լուծելու։

30Յիմարութիւններ ու կատարուեցին երկրի վրայ։

31Մարգարէները սուտ մարգարէութիւն են անում, քահանաները ծափահարում են , եւ իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ էք անելու դրանից յետոյ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն