Երեմիա մարգարեյի գիրք

50

1Բաբելացիների մասին Ահա այն խօսքը, որ Տէրը Երեմիա մարգարէի միջոցով ասաց Բաբելոնի՝ քաղդէացիների երկրի մասին։

2«Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. “Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամօթով մնաց, Մերոդաքը մատնուեց, խայտառակուեցին նրա կուռքերը, ամօթահար եղան նրա աստուածները”։

3Արդարեւ, հիւսիսից նրա վրայ յարձակուեց մի ազգ, որը նրա երկիրն աւերակ պիտի դարձնի, եւ ոչ ոք չպիտի բնակուի այնտեղ՝ մարդուց մինչեւ անասուն, որովհետեւ բոլորը պիտի քանդուեն ու գնան»։

ԻՍՐԱՅԷԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

4«Այն օրերին եւ այն ժամանակ, - ասում է Տէրը, - պիտի գան Իսրայէլի որդիները, նրանք եւ Յուդայի երկրի որդիները՝ միասին, պիտի շրջեն ու լալով գան դէպի իրենց Տէր Աստուածը, պիտի փնտռեն նրան,

5մինչեւ պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի ուղղուեն, պիտի գան ու ապաւինեն Տիրոջը. չէ՞ որ ուխտը յաւիտենական է, եւ դրանք չպիտի ։

6Իմ ժողովուրդը նմանուեց կորած ոչխարների. հովիւները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրայ։ Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,

7եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք , որովհետեւ գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարութեան արօտ է Տէրը, որ հաւաքեց նրանց հայրերին”։

8Հեռացէ՛ք Բաբելոնի միջից, Քաղդէացիների երկրից դո՛ւրս ելէք եւ եղէ՛ք ինչպէս վիշապներ՝ ոչխարների հօտի առաջ։

9Ահա ես ոտքի պիտի հանեմ եւ հիւսիսի երկրից բաբելացիների վրայ պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմութիւններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, եւ նա պիտի գրաւուի նոյնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։

10Քաղդէացիների երկիրն աւարառութեան պիտի ենթարկուի, եւ նրա բոլոր աւարառուները պիտի յագենան, - ասում է Տէրը. - դուք ուրախանում էիք եւ պարծենում՝ յափշտակելով իմ ժառանգութիւնը.

11խայտում էիք, ինչպէս հորթերը՝ դալարիքի վրայ, եւ ցուլերի պէս ոգորում իրար դէմ։

12Ձեր քաղաքը՝ ձեր մայրը, խիստ ամօթահար եղաւ, , որ բարութեան մէջ էր։ Ահա նա Տիրոջ բարկութեան պատճառով ազգերի մէջ յետինը եղաւ՝ դարձաւ աւեր, անջուր եւ ։

13Նա բնակելի չպիտի լինի, այլ ամբողջովին ապականութեան պիտի վերածուի, եւ իւրաքանչիւր ոք, ով անցնի Բաբելոնով, պիտի վշտանայ ու սուլի նրա բոլոր աղէտների համար։

14Ճակա՛տ կազմեցէք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք բոլոր աղեղնաւորներ, նետահարեցէ՛ք նրան, մի՛ խնայէք ձեր նետերը, որովհետեւ նա Տիրոջ դէմ մեղք գործեց։

15Ցնծութեան աղաղա՛կ բարձրացրէք նրա շուրջը, որովհետեւ թուլացան նրա ձեռքերը, տապալուեցին աշտարակները, եւ կործանուեցին նրա պարիսպները, քանզի վրէժխնդրութիւնն Աստծուց է։ Վրէժխնդի՛ր եղէք դրանից. ինչպէս ինքն արեց՝ իրե՛ն արէք։

16Բաբելացի այն զաւակին, որը հնձի ժամանակ մանգաղ կ’առնի իր ձեռքը, սպանեցէ՛ք. սրից իւրաքանչիւրը թող վերադառնայ դէպի իր ժողովուրդը, ամէն մէկը թող փախչի դէպի իր երկիրը»։

ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

17Իսրայէլը մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել նրան. նախ՝ նրան կերաւ ասորեստանցիների թագաւորը, իսկ ապա բաբելացիների արքան կերաւ նրա ոսկորները։

18Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես վրէժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից եւ նրա երկրից, ինչպէս վրէժխնդիր եղայ ասորեստանցիների արքայից։

19Իսկ Իսրայէլին նորից պատսպարելու եմ իր արօտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լերան վրայ եւ Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի յագուրդ ստանան։

20Այն օրերին ու այն ժամանակ, - ասում է Տէրը, - Իսրայէլի մօտ անօրէնութիւն պիտի փնտռեն, բայց այլեւս այն չի լինելու, պիտի փնտռեն նաեւ Յուդայի երկրի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրայ պիտի լինեմ՝ քաւութիւն տալու համար նրանց անիրաւութիւններին»։

ԲԱԲԵԼՈՆԻ ԱՒԵՐԱԾՈՒԹԻՒՆԸ

21Դառն զայրոյթով յարձակուի՛ր նրա վրայ եւ վրէժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից։ Սուրն ու աւերածութիւնը թող հետապնդեն նրան, - ասում է Տէրը. - ամէն ինչ արա՛ այնպէս, ինչպէս պատուիրեցի քեզ։

22Քաղդէացիների երկրից պատերազմի ձայն է լսւում. մեծ կոտորած է։

23Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ։

24Ասացի՝ “Կը յարձակուեն քեզ , դու կը բռնուես, ո՛վ Բաբելոն, եւ չես իմանայ”. ահա գտնուեցիր ու բռնուեցիր, որովհետեւ Տիրոջ դէմ կանգնեցիր»։

25Տէրը բաց արեց իր զինանոցը եւ հանեց իր բարկութեան զէնքերը, քանզի Զօրութիւնների Տէրն անելիք ունի քաղդէացիների երկրում։

26Հասել է նրա ժամանակը, բացէ՛ք նրա շտեմարանները, խուզարկեցէ՛ք նրան քարայրների պէս եւ սպանեցէ՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն։

27Այրեցէ՛ք նրա բոլոր զաւակներին. թող իջնեն սպանուելու համար. վա՜յ նրանց, որովհետեւ հասել է նրանց օրը, նրանցից վրէժխնդիր լինելու ժամը։

28Բաբելոնի երկրից փախածների ու փրկուածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տայ մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան մասին, նրա տաճարի վրէժխնդրութեան մասին։

29Հրամա՛ն տուէք ամենքին գնալու Բաբելոնի վրայ, բոլոր աղեղնաւորներին, թէ՝ «Բանա՛կ դրէք դրա շուրջը, որպէսզի ոչ ոք այդտեղից չփրկուի։ Հատուցեցէ՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ դրան արէք, որովհետեւ ընդդիմացաւ Տիրոջը՝ Իսրայէլի սուրբ Աստծուն»։

30«Ահա թէ ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռուող մարդիկ պիտի կոտորուեն այն օրը, - ասում է Տէրը։ -

31Ահա ես քեզ վրայ եմ գալու, - ասում է Զօրութիւնների Տէրը, - քե՛զ վրայ, ո՛վ դու ամբարտաւան, որովհետեւ հասել է քո օրը, քեզնից վրէժխնդիր լինելու ժամանակը։

32Հպարտութիւնդ տեղի պիտի տայ, եւ դու պիտի կործանուես. ոչ ոք քեզ չի բարձրացնելու։ Կրակ պիտի վառեմ քո , որ իր շուրջն եղած ամէն բան պիտի լափի»։

33Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բռնութեան ենթարկուեցին իսրայէլացիները, ինչպէս եւ Յուդայի երկրի որդիները, բոլո՛րն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնութեամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց։

34Նրանց հզօր փրկիչը, որի անունը Տէր Ամենակալ է, նրա ոսոխների հետ պիտի տեսնի, որպէսզի վերացնի երկիրը եւ զայրանայ Բաբելոնի բնակիչների վրայ։

35Սուրը թող բարձրանայ քաղդէացիների վրայ, - ասում է Տէրը, - Բաբելոնի բնակիչների վրայ, նրա բոլոր մեծամեծների վրայ ու նրա խորհրդականների վրայ։

36Սուրը թող բարձրանայ նրա գուշակների վրայ, եւ թող վերանան նրանք. թող բարձրանայ սուրը նրա պատերազմողների վրայ, եւ թող լքուեն նրանք։

37Թող բարձրանայ սուրը նրա երիվարների ու կառքերի վրայ, թող բարձրանայ սուրը նրանց քաջամարտիկների վրայ, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրայ, եւ թող նրանք դառնան կանանց նման։

38Թող բարձրանայ սուրը նրա գանձերի վրայ, եւ թող յափշտակուեն դրանք։ Թող բարձրանայ նրա ջրերի վրայ, եւ թող , որովհետեւ իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաեւ թող բարձրանայ կղզիների՛ վրայ, որոնցով նրանք պարծենում էին.

39դրա համար էլ թող ճիւաղները բնակուեն կղզիներում, թող յուշկապարիկների դուստրերն ապրեն այնտեղ, թող այդ երկիրն այլեւս իսպառ չվերաշինուի, թող այնտեղ յաւիտեան այլեւս բնակուող չլինի։

40Ինչպէս բնաջնջեց սոդոմացիների ու գոմորացիների երկիրը եւ նրանց դրացիներին, - ասում է Տէրը, - այդպէս էլ թող այնտեղ մարդ չբնակուի, թող մարդու որդին չպանդխտի այնտեղ։

41Ահա հիւսիսից մի զօրագունդ է գալիս, մի մեծ ազգ, նաեւ բազում թագաւորներ ոտքի են ելնելու երկրի ծայրերից՝

42աղեղն ու նիզակը ձեռքներին։ Նրանք յանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ինչպէս ծով, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պէս կռուի նետուելու քեզ վրայ, ո՛վ բաբելացիների դուստր։

43Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առաւ, նրա ձեռքերը թուլացան, նեղութիւնը ծննդկան կնոջ երկունքի պէս տագնապի մէջ գցեց նրան։

44Ահա, իբրեւ առիւծ, Յորդանան գետի դուրս պիտի գայ դէպի Եթամա վայրը, որպէսզի արագօրէն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դէմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի ինձ հակառակ»։

45Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է Բաբելոնի մասին, նրա խորհուրդը, որ խորհել է քաղդէացի բնակչութեան մասին։ Միթէ չպիտի՞ ոչնչացնէք նրանց հօտի գառներին, միթէ նրանց արօտները չպիտի՞ ամայանան,

46որովհետեւ Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցուի, նրա բօթը պիտի լսուի հեթանոսների մէջ։

Էջմիածին · HYEJB1994