Երեմիա մարգարեյի գիրք
51
ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՄԻ ԲԱԲԵԼՈՆԻ ԴԷՄ
1Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես Բաբելոնի վրայ եւ նրա բնակիչների վրայ պիտի բերեմ զայրոյթով լցուած մի սիրտ, կործանարար հողմ ու խորշակ։
2Անարգողներ պիտի ուղարկեմ Բաբելոն. թող նախատեն նրան եւ ապականեն նրա երկիրը, քանզի Բաբելոնի վրայ նրա չարչարանքի օրը ամէն կողմից վայն է գալու»։
3Ով լարելու է, թող լարի իր աղեղը, եւ ով զէնք ունի, թող վերցնի այն։ Մի՛ խնայէք նրա երիտասարդներին, ոչնչացրէ՛ք նրա ողջ զօրութիւնը։
4Վիրաւորները պիտի թափուեն քաղդէացիների երկրում, իսկ նրա շուրջը՝ խոցուածները,
5քանզի Իսրայէլը եւ Յուդայի երկիրը իրենց Աստծուց եւ Տէր Ամենակալից չայրիացան, թէեւ նրանց երկիրն Իսրայէլի սրբերի դէմ անօրէնութիւններով լցուեց։
6Փախէ՛ք Բաբելոնի միջից, թող ամէն մէկն իրեն փրկի, որպէսզի չկործանուէք նրա անիրաւութիւնների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տէրը նրանից վրէժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։
7Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, դրա համար էլ շարժուեցին ազգերը,
8եւ Բաբելոնը յանկարծակի վայր ընկաւ ու փշրուեց։ Ողբացէ՛ք նրա վրայ, նրա վէրքերին դե՛ղ արէք. թերեւս բժշկուի։
9Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկուեց, թողնենք նրան եւ իւրաքանչիւրս գնանք մեր երկիրը, որովհետեւ նրա դատաստանը մինչեւ երկինք հասաւ, բարձրացաւ մինչեւ աստղերը,
10եւ Տէրը նրա գլխին պատիժ բերեց։ Եկէ՜ք Սիոնում պատմենք մեր Տէր Աստծու գործերը։
11Պատրաստեցէ՛ք աղեղները, լցրէ՛ք կապարճները, քանի որ Տէրն արթնացրեց մարերի թագաւորի հոգին, քանի որ նրա բարկութիւնը Բաբելոնի վրայ է, պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրէժխնդրութիւնն է դա, նրա տաճարի վրէժխնդրութիւնը։
12Բաբելոնի պարիսպների վրայ դրօ՛շ կանգնեցրէք, պահապաննե՛ր կարգեցէք, արթնացրէ՛ք առաջապահներին, զէնքերը պատրաստեցէ՛ք, քանզի Տէրը ձեռնամուխ եղաւ անելու այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին,
13որոնք ապրում են յորդառատ ջրերի մօտ եւ նստում անթիւ գանձերի վրայ։ Հասել է քո վախճանը, արդարեւ այն ստուգապէս քո փորն է մտել։
14Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ «Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ”»։
ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
15Նա իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հիմնեց տիեզերքը, իր հանճարով տարածեց երկինքը,
16իր հրամանով երկնքում տեղաւորեց շառաչող ջրերի առատութիւնը. նա երկրի ծագերից ամպեր է հանում վեր, փայլատակումներ առաջացնում անձրեւների ժամանակ, լոյս է հանում իր շտեմարաններից։
17Իւրաքանչիւր մարդ խելակորոյս դարձաւ, բոլոր ոսկերիչներն իրենց կուռքերի պատճառով ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, նրանց մէջ հոգի չկայ.
18սնոտի ու խայտառակ գործեր են. երբ ես իրենց այցելութեան գնամ. կորստեան են մատնուելու։
19Այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է։
ԲԱԲԵԼՈՆԻ ՎԱԽՃԱՆԸ
20«Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զէնքերը, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քեզնով վերացնեմ թագաւորներին,
21ոչնչացնեմ նրանց այրուձին, քեզնով պիտի ոչնչացնեմ նրանց կառքերն ու հեծեալներին։
22Քո միջոցով պիտի ոչնչացնեմ տղամարդուն ու կնոջը, քեզնով ծերին ու երիտասարդին պիտի ոչնչացնեմ, քեզնով պիտի ոչնչացնեմ կտրիճին ու կոյսին։
23Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովուին ու նրա հօտը, քեզնով հողագործին ու նրա հողագործութիւնը պիտի ոչնչացնեմ, 24քեզնով պիտի ոչնչացնեմ քո զօրավարներին ու զօրագլուխներին։ Բաբելոնին եւ քաղդէացի բնակիչներին պիտի պատժեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ, - ասում է Տէրը։ -
25Ահա ես քո դէմ եմ, ո՛վ դու ապականիչ լեռ, - ասում է Տէրը, - դու, որ ապականում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրայ եմ երկարելու եւ քեզ ժայռերից ներքեւ եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձուած լերան։
26Եւ այլեւս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկիւնաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետեւ դու յաւիտեան պիտի լինես ապականութեան մէջ, - ասում է Տէրը։
27Դրօ՛շ բարձրացրէք երկրի վրայ, փո՛ղ փչեցէք բոլոր ազգերի մէջ, զօրագնդե՛ր կանչեցէք նրա դէմ։ Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ։ Շարժուեց ու տանջուեց երկիրը, որովհետեւ Բաբելոնի վրայ հասաւ Տիրոջ խորհուրդը, եւ երիվարները հասան ինչպէս մորեխի բազմութիւն։
28Նրա վրա՛յ հրաւիրեցէք ազգերին եւ մարերի թագաւորին, նրանց զօրավարներին ու նրանց բոլոր զօրագլուխներին, երկրի բոլոր իշխանութիւններին՝
29աւերածութեան ենթարկելու համար բաբելացիների երկիրը, որպէսզի այնտեղ բնակութիւն չլինի։
30Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից յետ կանգնեցին, մնացին պաշարման մէջ, բեկուեց նրանց զօրութիւնը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնուեցին նրանց տները, ջարդուեցին դրանց փականքները։
31Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բօթը տալու բաբելացիների թագաւորին, թէ նրա քաղաքը գրաւուած է,
32ելքերը բռնուած են չորս կողմից, բնակիչները կրակի մէջ այրուել են, իսկ պատերազմող մարդիկ խոյս են տուել դէպի դարպասները»։
33Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Բաբելացիների տունը պիտի կալսուի հասած օրանի նման, մի քիչ եւս՝ եւ կը գայ նրա հնձի ժամանակը»։
34«Կերաւ ինձ, հասաւ ինձ վրայ, բաժանեց ինձ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, ինձ դարձրեց կարծես մի դատարկ աման, վիշապի նման ինձ կուլ տուեց, իր փորը լցրեց իմ փափկութիւններով։
35Թող հեռանան իմ տանջանքները, եւ ինձ հասած տառապանքները հասնեն Բաբելոնին». “այսպէս պիտի ասի Սիոնի բնակիչը։ «Իմ արիւնը քաղդէացի բնակիչների վրա՛յ թող լինի». - այսպէս պիտի ասի Երուսաղէմը։
36Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին եւ պիտի առնեմ քո վրէժը, պիտի աւերեմ նրա ծովը եւ ցամաքեցնեմ նրա աղբիւրները։
37Բաբելոնը բլուրների պիտի վերածուի, վիշապների բնակավայրի, աւերածութեան ու սուլոցի պիտի ենթարկուի, բնակելի չպիտի լինի։
38Նրանց բոլոր որդիները պատրաստուեցին իբրեւ առիւծներ, իբրեւ առիւծի կորիւններ.
39իրենց տաք խշտիների մէջ՝ նրանց արհաւիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան, - ասում է Տէրը։ -
40Իջեցրո՛ւ, մորթելո՛ւ տար նրանց ինչպէս ոչխարների, ինչպէս խոյերի ու այծերի»։
ՈՂԲ ԲԱԲԵԼՈՆԻ ՎՐԱՅ
41Ինչպէ՜ս պարտութեան մատնուեցիր, ո՛վ Սիսակ, ինչպէ՜ս որսի պէս բռնուեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի։ Ինչպէ՜ս Բաբելոնն ամայացաւ հանուր ազգերի մէջ։
42Իր ալիքների գոչիւնով ծովը բարձրացաւ Բաբելոնի վրայ, եւ նա ծածկուեց։
43Նրա քաղաքները դարձան աւեր, անջուր երկիր ու անապատ, ուր ոչ ոք չի բնակուի, ուր մարդու որդին կանգ չի առնի։
44«Բաբելոնում վրէժխնդիր պիտի լինեմ Բէլից, եւ ինչ որ նա կուլ տուեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլեւս նրա մօտ չեն հաւաքուի։ Բաբելոնի պարիսպներն էլ պիտի խորտակուեն։
45Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամէն մէկդ ձեր ա՛նձը փրկեցէք Տիրոջ ցասումից ու բարկութիւնից։
46Թող երբեք չահաբեկուեն ձեր սրտերը, մի՛ վախեցէք այն լուրերից, որ կը լսէք երկրում, որովհետեւ նոյն տարում պիտի գայ մի լուր, իսկ յաջորդ տարում՝ այլ լուր, եւ անիրաւութիւն պիտի լինի երկրում, խայտառակութիւն՝ խայտառակութեան վրայ։
47Դրա համար էլ, ահա, օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, եւ նրա ողջ երկիրն ամօթով պիտի մնայ, նրա բոլոր վիրաւորները պիտի ընկնեն նրա մէջ։
48Այն ժամանակ Բաբելոնի վրայ պիտի ցնծան երկինք ու երկիր եւ նրանցում եղած ամէն ինչ, քանի որ հիւսիսից պիտի գան նրան թշուառացնողները, - ասում է Տէրը, -
49եւ ամբողջ երկրի վիրաւորները պիտի ընկնեն Բաբելոնում»։
ԱՍՏԾՈՒ ՊԱՏԳԱՄԸ ԲԱԲԵԼՈՆԻ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ
50Ելէ՛ք այդ երկրից, ո՛վ փրկուածներ, մի՛ մնացէք, յիշեցէ՛ք Տիրոջը, ո՛վ դուք հեռաւորներ, եւ թող Երուսաղէմը ձեր միտքը գայ։
51Ամօթահար եղանք, որովհետեւ լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ Տան մէջ մեր սրբարանները ներխուժեցին։
52«Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու ես վրէժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրաւորները։
53Եւ եթէ Բաբելոնը երկնքի պէս վեր բարձրանայ եւ ամրացնի իր բարձր զօրութիւնը, միեւնոյն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար», - ասում է Տէրը։
ԲԱԲԵԼՈՆԻ ԱՒԵՐՈՒՄԸ
54Բօթն է հնչում Բաբելոնում, մեծ կոտորած է քաղդէացիների երկրում,
55քանզի Տէրն աւերեց Բաբելոնը եւ այնտեղից չքացրեց նրա բարձր ձայնը՝ նրա ալիքների գոչիւնը, կարծես բազում ջրեր ձայնեցին նրա կործանման մասին։
56Բաբելոնի վրայ հասաւ թշուառութիւնը, նրա սպառազէնները բռնուեցին, նրա աղեղնաւորները զարհուրեցին։ Չէ՞ որ Աստուած հատուցանող է, Տէրն ինքը պիտի հատուցի նրա պատիժը
57եւ սաստիկ հարբեցնի նրա զօրավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զօրագլուխներին ու նրա զօրաւոր մարդկանց. նրանք պիտի ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան», - ասում է արքան, որի անունը Տէր Ամենակալ է։ -
58Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանուելով պիտի կործանուի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրուեն, ժողովուրդները զուր չարչարուեցին, եւ ազգերն սկզբից եւեթ պիտի ոչնչանային»։
ԵՐԵՄԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԸ ՈՒՂԱՐԿՒՈՒՄ Է ԲԱԲԵԼՈՆ
59Այն խօսքը, որ Տէրը պատուիրեց Երեմիա մարգարէին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Յուդայի երկրի Սեդեկիա արքայի կողմից, նրա թագաւորութեան չորրորդ տարում, գնում էր Բաբելոն։ Սարեան նրա գանձապետն էր։ 60Երեմիան մի մատեանի մէջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրայ, այսինքն՝ Բաբելոնի մասին գրուած այս բոլոր բաները։ 61Երեմիան ասաց Սարեային. «Երբ Բաբելոն գնաս եւ նայես ու կարդաս այս բոլոր բաները, 62կ’ասես. “Տէ՛ր, դու խօսեցիր այս վայրի մասին, որ բնաջինջ անես սա, որ այստեղ այլեւս բնակիչ չմնայ՝ մարդուց մինչեւ անասուն, որ յաւիտեան ամայութիւն լինի”։ 63Իսկ երբ վերջացնես այդ մատեանի ընթերցումը, քար կը կապես դրան, կը գցես Եփրատի մէջ 64ու կ’ասես. “Թող Բաբելոնն այսպէս ընկղմուի ու չբարձրանայ այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրայ”»։ Երեմիա մարգարէի խօսքերը մինչեւ այստեղ են հասնում։