Երեմիա մարգարեյի գիրք
52
ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐԸ ԿԱԼԱՆԱՒՈՐՈՒՄ Է ՍԵԴԵԿԻԱՅԻՆ
()
Այս խօսքերը Թագաւորութիւնների չորրորդ գրքից են.
1Քսանմէկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագաւոր դարձաւ։ Տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր։ 2Սեդեկիան Տիրոջ առաջ չարիք գործեց, ինչպէս Յովակիմն էր գործել։ 3Տէրը զայրացել էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի վրայ այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց, եւ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ։
4Իսկ նրա թագաւորութեան իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն։ Նրա շուրջը քառակուսի քարերից պատնէշ պատնէշի վրայ կանգնեցրեց։ 5Մինչեւ Սեդեկիա արքայի տասնմէկերորդ տարին քաղաքն ընկաւ նեղութեան մէջ։
6Իսկ չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացաւ սովը. հաց չկար, որ երկրի բնակչութիւնն ուտէր։ 7Քաղաքի պարիսպը ճեղք տուեց, բոլոր կռուող մարդիկ փախուստի դիմեցին եւ գիշերով, երբ քաղդէացիները քաղաքի շուրջն էին, ներքին եւ արտաքին պարիսպների մէջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտէզի կողմով դուրս եկան քաղաքից եւ շարժուեցին արաբացիների ճանապարհով։ 8Քաղդէացիների թագաւորի զօրքերը հետապնդեցին եւ Երիքովից այն կողմ հասան Սեդեկիա արքային, իսկ նրա բոլոր ծառաները թողեցին հեռացան նրանից։ 9Բռնեցին թագաւորին եւ բերին Դեբլաթա, Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մօտ, որը նրա հետ դատաստան տեսաւ։ 10Բաբելացիների արքան Սեդեկիայի առաջ կոտորեց նրա որդիներին, Դեբլաթայում կոտորեց նաեւ Յուդայի երկրի բոլոր իշխաններին, 11Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ ձեռքերը կապեց շղթաներով։ Բաբելացիների արքան տարաւ նրան Բաբելոն եւ մինչեւ նրա մահուան օրը պահեց նրան ջրաղացի մէջ։
ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
()
12Հինգերորդ ամսին, ամսի տասին, “դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր, “բաբելացիների արքայի առջեւ նրա սպասին կանգնող Նաբուզարդան դահճապետը եկաւ, 13կրակի մատնեց Տիրոջ Տունը եւ արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ դղեակները հրով այրեց, 14իսկ քաղդէացի բոլոր զօրքերը, որոնք եկել էին դահճապետի հետ, Երուսաղէմի պարիսպներն ամբողջապէս շուրջանակի քանդեցին։ 15Բայց ժողովրդի չքաւոր մասին ու թափթփուկներին, որոնք մնացել էին քաղաքում, ինչպէս եւ փախստականներին, որոնք փախել էին բաբելացիների արքայի մօտ, եւ մնացած բազմութեանը Նաբուզարդան դահճապետը ձեռք չտուեց։ 16Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց՝ այգեգործներ ու հողագործներ լինելու համար։
17Տիրոջ Տան պղնձէ սիւներն ու խարիսխները եւ պղնձէ մեծ աւազանը, որ Տիրոջ Տան մէջ էր, քաղդէացիները ջարդեցին եւ ամբողջ պղինձը տարան Բաբելոն։ 18Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին։ 19Դահճապետն առաւ նաեւ կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. ո՛րը ոսկի էր՝ վերցրեց իբրեւ ոսկի, ո՛րն արծաթ էր՝ իբրեւ արծաթ։
20Սիւները երկուսն էին, պղնձէ մեծ աւազանը՝ մէկը. իսկ աւազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ Տան մէջ շինել էր Սողոմոն արքան։ Եւ պղնձին ու պղնձէ բոլոր անօթներին հաշիւ չկար։ 21Սիւներից ամէն մէկի բարձրութիւնը երեսունհինգ կանգուն էր, որոնցից իւրաքանչիւրի շուրջը տարածւում էր տասներկու կանգուն երկարութեամբ շղթայ՝ չորս մատ հաստութեամբ։ 22Նրանց գլխին պղնձէ խոյակներ կային, ամէն մի խոյակի բարձրութիւնը՝ հինգ կանգուն. մի խոյակի մակերեսը շուրջանակի բոլորում էին ցանցակերպ եւ նռնաձեւ զարդերը՝ համակ պղնձից։ Նոյն ձեւի էր եւ երկրորդ սիւնինը, տասներկու կանգուններից ամէն մի կանգունը՝ ութ նռնազարդով։ 23Նռնազարդերի թիւը մի կողմի վրայ իննսունվեց էր, իսկ բոլոր նռնազարդերը շուրջանակի ցանցի վրայ հարիւր հատ էին։
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԵՐԻ Է ՏԱՐՒՈՒՄ ԲԱԲԵԼՈՆ
()
24Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխաւոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների։ 25Այդ քաղաքից ձերբակալեց նաեւ մի ներքինու, որ պատերազմող մարդկանց զօրապետն էր, եւ եօթը անուանի մարդկանց, որոնք թագաւորի առջեւ նրա սպասին էին կանգնում եւ որոնց գտան քաղաքում, ինչպէս եւ ատենադպրին՝ զօրքի իշխանին, երկրի ժողովրդի ատենադպրին ու երկրի բնակչութիւնից վաթսուն մարդու, որոնց գտան քաղաքում։ 26Նաբուզարդան դահճապետն առաւ նրանց ու տարաւ բաբելացիների արքայի մօտ, Դեբլաթա։ 27Բաբելացիների արքան մահուան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում, Եմաթի երկրում։ Յուդայի երկրի ժողովուրդը իր երկրից գերեվարուեց։
28Սա է այն ժողովուրդը, որին գերեց Նաբուքոդոնոսոր արքան. եօթներորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայ, 29Նաբուքոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղէմից տարան ութ հարիւր երեսուներկու հոգի, 30Նաբուքոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունհինգ հոգի, բոլորը միասին՝ չորս հազար վեց հարիւր հոգի։
31Յուդայի երկրի արքայ Յովակիմի գերութեան երեսունեօթներորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարոդաք արքան իր թագաւոր դարձած տարին պատուի արժանացրեց Յուդայի երկրի արքայ Յովակիմին. հանեց նրան այն տնից, որտեղ նա գտնւում էր հսկողութեան տակ, 32նրա հետ քաղցրութեամբ խօսեց եւ նրա բարձն աւելի վեր դրեց, քան այն թագաւորների բարձերը, որոնք Բաբելոնում նրա մօտ էին։ 33Փոխեց բանտի նրա պատմուճանը, եւ նա ինչքան ժամանակ որ ապրեց՝ ամէն օր միշտ արքայի մօտ էր հաց ուտում։ 34Նրա համար սահմանուեց մշտական ռոճիկ, որը նրա կեանքի ամբողջ ընթացքում, բաբելացիների արքայի կողմից, տալիս էին նրան օրըստօրէ՝ մինչեւ նրա մահուան օրը։
Էջմիածին · HYEJB1994