Հոբի գիրք
1
ՅՈԲԻ ԳԻՐՔԸ
ՅՈԲԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ
1Աւսիդքաղաքում մի մարդ կար, որի անունը Յոբ էր։ Այդ մարդը ճշմարտախօս էր ու անարատ, արդար էր ու աստուածապաշտ, ամէն տեսակի չար ու մեղաւոր գործերից հեռու։ 2Եօթը տղաներ ու երեք աղջիկներ ունեցաւ նա։ 3Նրա հօտի մէջ եօթը հազար ոչխարներ կային, երեք հազար ուղտեր, հինգ հարիւր լուծ եզներ եւ արածող հինգ հարիւր մատակ էշեր. ունէր եւ բազմաթիւ սպասաւորներ։ Մեծամեծ գործեր ունէր նա երկրի վրայ։ Այդ մարդը բոլոր արեւելաբնակներից ամենաազնուականն էր։
4Նրա որդիները, համաձայնելով, իրենց հետ իրենց երեք քոյրերին վերցնելով, իրար մօտ էին գալիս, խրախճանքներ սարքում, նրանց հետ ուտում-խմում։ 5Եւ երբ աւարտւում էին խրախճանքի օրերը, Յոբը նրանց յետեւից մարդիկ էր ուղարկում եւ սրբագործում էր նրանց. առաւօտեան վեր կենալով՝ նրանց համար, ըստ նրանց թուի, զոհեր էր մատուցում՝ մէկական զուարակ, նրանց մեղքերի համար։ Յոբն ասում էր. «Գուցէ իմ զաւակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Այսպէս էր անում Յոբը՝ նրանց խրախճանքների բոլոր օրերին։
6Եւ մի օր ահա Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ սատանան էլ եկաւ՝ ման գալով երկրի երեսին, շրջելով նրա վրայ։ 7Եւ Տէրն ասաց սատանային. «Որտեղի՞ց ես գալիս դու»։ Պատասխան տուեց սատանան Տիրոջն ու ասաց. «Երկրի երեսին շրջելով ու երկնքի տակ ման գալով եմ եկել»։ 8Եւ Տէրն ասաց նրան. «Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբին, որի նման անարատ, ճշմարտախօս, աստուածապաշտ, ամէն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ»։ 9Պատասխան տուեց սատանան՝ ընդդիմանալով Տիրոջը. «Միթէ Յոբը ձրի՞ է պաշտում Տիրոջը. 10չէ՞ որ դու ես պաշտպանել նրան արտաքուստ ու նրա տունը՝ ներքուստ, եւ ամէն ինչ, որ կայ նրա շուրջը. նրա ձեռքի գործերը դու ես օրհնել, երկրի վրայ նրա անասունները դու ես բազմացրել։ 11Բայց դէ փորձի՛ր մեկնել ու գցել քո ձեռքը նրա ամբողջ ունեցուածքին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կ’անիծի քեզ»։ 12Այն ժամանակ Տէրն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցուածքը քո ձեռքն եմ տալիս, պայմանով որ նրա անձին ձեռք չտաս»։ Եւ սատանան հեռացաւ Տիրոջ առաջից։
ՅՈԲԻ ԶԱՒԱԿՆԵՐԸ ԵՒ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ
ԿՈՐԾԱՆՒՈՒՄ ԵՆ
13Եւ այդ այն օրն էր, երբ Յոբի տղաներն ու աղջիկները իրենց աւագ եղբօր տանը ուտում ու գինի էին խմում։ 14Եւ ահա մի պատգամաբեր եկաւ Յոբի մօտ ու ասաց նրան. «Լծկան եզները վար էին անում, մատակ էշերն էլ՝ արածում նրանց մօտերքը. 15գերեվարողները եկան ու տարան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատմելու»։ 16Եւ մինչ նա խօսում էր, մի ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Երկնքից կրակ թափուեց ու այրեց հօտերը, հովիւներին էլ նոյն ձեւով ճարակեց։ Միայն ես մնացի ու եկայ քեզ պատմելու»։ 17Եւ մինչ նա խօսում էր, մի ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Ասպատակներ ասպատակեցին մեզ երեք խմբերով, շրջապատեցին ուղտերն ու տարան դրանք, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատմելու»։ 18Եւ մինչ նա խօսում էր, մի ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Մինչ քո տղաներն ու աղջիկներն իրենց աւագ եղբօր մօտ ուտում-խմում էին, 19անապատից յանկարծակի սաստիկ հողմ փչեց ու խփեց տան չորս անկիւններին. տունը փլուեց քո զաւակների վրայ, ու նրանք վախճանուեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատմելու»։
20Ապա Յոբը վեր կացաւ, պատառոտեց իր հագուստները, կտրեց իր գլխի մազերը եւ գետին փռուելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց. 21«Իմ մօր որովայնից ես մերկ դուրս եկայ, մերկ էլ կը վերադառնամ։ 22Տէրը տուեց, Տէրն էլ յետ առաւ։ Ինչպէս որ հաճելի էր Տիրոջը, այնպէս էլ եղաւ։ Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը»։ 23Եւ նրան պատահած այս բոլոր դէպքերի ժամանակ Յոբը չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամութիւն հանդէս բերեց Աստծու հանդէպ։
Էջմիածին · HYEJB1994